Սյուզաննա Մադորա Սոլտեր (անգլ.՝ Susanna Madora Salter), ի ծնե Քինսի (Kinsey), մարտի 2, 1860(1860-03-02), Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - մարտի 17, 1961(1961-03-17), Նորման, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ժուժկալության շարժման ակտիվիստ, Արգոնիայի քաղաքապետ (1887-1888)։

Սյուզաննա Սոլտեր
անգլ.՝ Susanna M. Salter
Սոլտերը 1887 թվականին
Արգոնիայի քաղաքապետ
1887 թվականի ապրիլի 4 - 1888
 
Կուսակցություն՝ Prohibition Party?
Կրթություն՝ Կանզաս նահանգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 2, 1860(1860-03-02)
Ծննդավայր Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր մարտի 17, 1961(1961-03-17) (101 տարեկան)
Վախճանի վայր Նորման, Օկլահոմա, ԱՄՆ
Թաղված Argonia
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Susanna Madora Kinsey

Առաջին կին քաղաքապետը Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Սյուզաննա Սոլտերը ծնվել է 1860 թվականի մարտի 2-ին Օհայո նահանգի Բելմոնտի շրջանի Լամայրա չներառված տարածքում[1][2]։ Նրա ծնողները՝ Օլիվերն ու Թերիսա Քինսիները, Անգլիայից քվակեր գաղութարարների հետնորդներն էին[1]։

Երբ Սյուզաննան դարձել է 12 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Կանզաս, որտեղ նրանք բնակություն են հաստատել 80 ակր տարածք ունեցող Սիլվեր Լեյքի ագարակում։ Ութ տարի անց նա ընդունվել է Կանզասի գյուղատնտեսական քոլեջ (այժմ՝ Կանզասի համալսարան)[2]։ Քանի որ նա ավագ դպրոցներում անցել է նախնական պատրաստություն, այդ իսկ պատճառով բաց է թողել սկզբնական դասընթացները։ Սակայն քոլեջը առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չի ավարտել[3]։

Ակտիվություն խմբագրել

Դեռևս ուսանողական տարիներին Սյուզաննան ծանոթացել է սկսնակ փաստաբան և Կանզասի նախկին փոխնահանգապետ Մելվիլ Սոլտերի որդու՝ Լյուիս Սոլտերի հետ։ Շուտով նրանք ամուսնացել և տեղափոխվել են նոր հիմնադրված Արգոնիա քաղաք։ Այնտեղ Սյուզաննան աշխատել է կանանց քրիստոնեական միությունում՝ Սթափության և արգելքի կուսակցության համար[Նշում 1]։ Այդ ժամանակ էլ Սոլթերը ծանոթացել է Քերի Նեյշնի հետ, որը հայտնի է որպես հակաալկոհոլային շարժման ակտիվիստուհի[3]։

1883 թվականին[Նշում 2] ծնվել է Սոլտերի առաջին երեխան, որին ծնողներն անվանել են Ֆրենսիս։ Ընդհանուր առմամբ՝ զույգն ունեցել է 9 երեխա[4]։

Այն բանից հետո, երբ Արգոնիան 1885 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, Սյուզաննայի հայրն ընտրվել է նրա առաջին քաղաքապետ[5], իսկ Լյուիսն սկսել է աշխատել նրա վարչակազմում[1][2]։

 
Արգոնիայում Սոլտերների ընտանեկան տունը

Քաղաքական գործունեություն խմբագրել

Սյուզաննա Սոլտերը 1887 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Արգոնիայի քաղաքապետ[2]։ Նրա հաղթանակն ընտրություններում անսպասելի էր, քանի որ Սոլտերի թեկնածությունն առաջադրվել էր մի խումբ տղամարդկանց կողմից որպես կատակ, որպեսզի ապացուցեն, որ կինն ի վիճակի չէ նման պաշտոն ստանձնելու[6][7]։ Սյուզաննան իր հերթին մինչև ընտրատեղամասերի բացումը գլխի չի ընկել, որ թեկնածուների ցուցակում է[6]։ Իմանալով այդ մասին՝ Սոլտերը համաձայնել է ընտրվելու դեպքում քաղաքապետ դառնալ։ Նրա խոսքերից հետո Կանանց քրիստոնեական միությունը սթափության համար նրան ճանաչել է որպես նախընտրելի թեկնածու[Նշում 3][7]։ Բացի այդ, Հանրապետական կուսակցության նախագահը կուսակիցների պատվիրակություն է ուղարկել Սոլտերի տուն[2], իսկ ավելի ուշ հայտարարել է, որ հանրապետականները պատրաստ են աջակցել նրան ընտրություններում[6]։

Ընտրություններում Սյուզաննայի հաղթանակը, որը նրան Միացյալ Նահանգներում առաջին կին քաղաքապետ է դարձրել[8], բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել և իր հետ բերել է մամուլի ուշադրությունը[5]։ Առաջին քաղաքային նիստերից մեկում ներկա է եղել Նյու Յորքից ժամանած թղթակիցը, որը Սոլտերին դրական է բնութագրել որպես ղեկավար։ Կին քաղաքապետի ընտրության մասին լուրը տարածվել է Արգոնիայի սահմաններից դուրս, մասնավորապես այն հրապարակվել է Շվեդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության թերթերում[2]։ Սոլտերն սկսել է աջակցության բազմաթիվ նամակներ ստանալ կանանց շարժման՝ ֆեմինիզմի գործիչներից[3]։

1887 թվականի աշնանը Սյուզանին հրավիրել են միավորման կանանց ընտրական իրավունքի կոնվենցիային։ Նա այնտեղ ներկա էր Սյուզան Բ․ Էնթոնիի, Ռեյչել Ֆոսթեր Էյվերիի, Հենրի Բլեքուելի և կնոջ՝ Լյուսի Սթոունի հետ[8]։

Ծառայության մեկ տարվա ընթացքում Սոլտերը ստացել է ընդամենը մեկ դոլար աշխատավարձ։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո Սոլտերը պաշտոնում չի կարողացել վերընտրվել[5]։

Հրաժարականից հետո խմբագրել

Երբ Սոլտերը լքել է քաղաքապետի պաշտոնը, նա իր ընտանիքի հետ մինչև 1893 թվականը շարունակել է ապրել Արգոնիայում, որից հետո նրա ամուսինը հող է ձեռք բերել Օկլահոմա նահանգի Ալվե քաղաքում գտնվող Չերոկի հողատարածքում[2]։ Տասը տարի ապրելով Ալվեում՝ նրանք տեղափոխվել են Օգաստա (նույն նահանգում) որտեղ Լյուիսը զբաղվել է իրավական գործունեությամբ և հիմնել «Headlight» թերթը[1]։ Որոշ ժամանակ անց ամուսինները տեղափոխվել են Կարմեն քաղաք։ 1916 թվականին ամուսնու մահից հետո Սյուզանը տեղափոխվել է Նորման[2], որտեղ նրա կրտսեր երեխան կրթություն է ստացել Օկլահոմայի համալսարանում[1]։

Մահ խմբագրել

Մահացել է 1961 թվականի մարտի 17-ին Նորմանում՝ 101 տարեկանում։ Թաղվել է Արգոնիայում՝ Լյուիսի կողքին[3]։

Հիշատակ խմբագրել

1933 թվականին՝ դեռ Սոլտերի կենդանության օրոք, Արգոնիայի հրապարակում տեղադրվել է բրոնզե հուշատախտակ, որը նրան արժանին է մատուցել որպես առաջին կին քաղաքապետ[1]։

Այն տունը, որտեղ քաղաքապետ եղած ժամանակ ապրել էր Սոլտերը, 1971 թվականի սեպտեմբերին ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

Նշումներ
  1. Այդ երկու կազմակերպություններն էլ պնդում էին ալկոհոլային խմիչքների արգելքի մասին։
  2. Այլ տվյալներով՝ 1882 թվականին։
  3. Այդ ժամանակ կանզասցի կանայք տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեին։
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Susanna Madora Salter -- First Woman Mayor by Monroe Billington, Autumn 1954». www.kancoll.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Susanna Madora Salter» (անգլերեն). Emily Taylor Center for Women & Gender Equity. 2013 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Susanna M. Salter: The first woman mayor in the United States» (անգլերեն). The Vintage News. 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Susanna Madora (Kinsey) Salter (1860-1961) | WikiTree FREE Family Tree». www.wikitree.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 Paul D. Buchanan The American Women's Rights Movement: A Chronology of Events and of Opportunities from 1600 to 2008. — Branden Books, 2009. — 256 с. — ISBN 9780828321600
  6. 6,0 6,1 6,2 Weatherford, 2012, էջ 240
  7. 7,0 7,1 Travis M. Andrews (2017 թ․ ապրիլի 7). «America's first female mayor was elected 130 years ago. Men nominated her as a cruel joke». The Washington Post.
  8. 8,0 8,1 «Susanna Madora Salter» (անգլերեն). National Women's History Museum. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  9. «National Register of Historic Places». National Park Service.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Սոլտեր» հոդվածին։