Սկոլթներ, սաամներ-սկոլթներ, սկոլթ-սաամներ (նորվ.՝ skoltesamer, skolter, ֆիններեն՝ koltta, koltat, kolttasaamelaiset), սաամների էթնիկ խումբ, որ ապրում է Լապլանդիայի հյուսիս-արևելքում` երեք երկրներում` Նորվեգիա, Ռուսաստան, Ֆինլանդիա[1] (ֆիններեն՝ koltta, koltat, kolttasaamelaiset)[1]:

սկոլթներ
Ընդհանուր քանակ

1.000

Բնակեցում
Ֆինլանդիա 600
Ռուսաստան 250
Նորվեգիա 150
Լեզու(ներ)
սկոլթ-սաամերեն, ֆիններեն, ռուսերեն, նորվեգերեն
Հավատք(ներ)
ուղղափառություն

Թվաքանակ, տեղաբաշխում, լեզու խմբագրել

Ըստ «Սաամ-սկոլթների պատմությունը և ժամանակակից դրությունը» գիտաժողովում հրապարակված տվյալների, որ անցկացվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Մուրմանսկում` սկոլթների թիվը մոտ 1.000 մարդ է կազմում, որոնցից 600-ն ապրում է Ֆինլանդիայում, 250-ը` Ռուսաստանում, 150-ը` Նորվեգիայում։ Մեկ այլ տեղեկության համաձայն` սկոլթների թիվը Ֆինլանդիայում 600 է, Ռուսաստանում` 250, Նորվեգիայում` 150[2]։

Ներկայումս սկոլթները կենտրոնացված են Ֆինլանդիայի Ինարի համայնքում` Սևետիյարվի, Կեվյայարվի, Նելիմ բնակավայրերում, Ռուսաստանի Մուրմանսկի մարզում` Կոլայի թերակղզու հյուսիսում ու արևմուտքում և Նորվեգիայի Նեյդեն ավանում[2]։

Սկոլթները սաամների արևելյան խումբն են։ Նրանց մայրենի լեզուն սաամերենն է, որով, սակայն, այս կամ այն չափով խոսում է ընդամենը 400 մարդ Ֆինլանդիայում և մոտ 20 մարդ Ռուսաստանում[2]։

Պատմություն խմբագրել

Սկոլթները ավանդաբար զբաղվում են եղջերվաբուծությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ[2]։

19-րդ դարում սկոլթները Նորվեգիայում ենթարկվել են «նորվեգականացման»։ 2011 թվականին եպիսկոպոս Պեր Օսկար Հյոլոսը հայտարարել է. «Նորվեգիայում այլ փոքրքմասնություն չի մնացել` բացի սկոլթներից, որոնք ընդհանուր առմամբ ապրում են հասարակությունից ու պետությունից մեկուսացած»[1]։

1920 թվականին Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև կնքված Տարտուի համաձայնագրով սկոլթները սահմանագծով բաժանվել են երկու մասի. արևմտյան մասն անցել է Ֆինլանդիային (Պետսամո շրջան), արևելյան մասը` Խորհրդային Ռուսաստանին։ Սահմանը լուրջ արգելք է հանդիսացել սքոլթներին իրենց ավանդական զբաղմունքներով զբաղվելու համար` խաթարելով նրանց կյանքի դրվածքը։

Մինչև Երկրորդ աշխարհամարտը սկոլթ-սաամերենով խոսում էին Պեչենգա շրջանի չորս բնակավայրերում։ Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940 թթ.) Ֆինլանդիան կորցնում է Ռիբաչի թերակղզու` իրեն պատկանող մասը, իսկ 1941-1944 թթ. խորհրդա-ֆիննական պատերազմից հետո` Պետսամոն։ Մինչև այդ տարածքների` ԽՍՀՄ-ին հանձնումը սաամական բնակչությունն էվակուացվում է Ինարի համայնքի Ինարի, Եևետիյարվի, Նելիմ բնակավայրեր։

Մշակույթ խմբագրել

Դավանանք խմբագրել

 
Սկոլթների եկեղեցի Նելիմում, Ֆինլանդիա

Ներկայումս սկոլթների մեծամասնությունը դավանում է ուղղափառություն։ Դա կապված է Տրիֆոն Պեչենգացու (1495-1583 թթ.) գործունեության հետ, ով 16-րդ դարում կնքել է սկոլթներին և սաամներին։ Տրիֆոնը եղել է քահանայի որդի, ով վաղ տարիքից որոշել է ծառայել Աստծուն։ Բնակվելով հյուսիսում` նա սկսել է Ավետարան քարոզել այնտեղ ապրող մարդկանց։ Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Նեյդենում (նորվ.՝ Neiden), որը գտնվում է նորվեգական Սյոր Վարանգեր համայնքում, հավաքվում են նորվեգական, ռուսական և ֆիննական ուղղափառ համայնքների անդամներ` համատեղ պատարագ մատուցելու Սուրբ Գևորգի մատուռում, որը կառուցվել է 1565 թվականին Տրիֆոն Պեչենգացու կողմից։

Նորվեգական Ակոբաֆտ ծովախորշի վերին մասում հստակ երևում է սպիտակ խաչ, որ առաջացել է գրանիտի կվարցային ծալքերից։ Ավանդության համաձայն` Տրիֆոնը, իմանալով, որ այնտեղ շամանները զոհաբերում են եղջերուներին, ջրային ճանապարհով հասել է հեթանոսական մեհյանի մոտ, բարձրացրել ձեռքերը և խաչակնքել։ Հենց այդ պահին էլ խփել է կայծակը` ժայռին թողնելով հետքը. շամանները քար են դարձել, իսկ նրանց զոհերը` հող ու մոխիր[3][4]։

Գեղարվեստական գրականություն խմբագրել

 
Սկոլթ-սաամական զգեստ

Սկոլթ-սաամների ամենահայտնի գրողը Կատի-Կլաուդիա Ֆոֆոնովն է (Kati-Claudia Fofonoff) Ֆինլանդիայից։ Ռուսաստանում հայտնի էր Ասկոլդ Բաժանովը, ով գրում էր ռուսերեն։

Սկոլթների և նրանց մշակույթի ուսումնասիրություն խմբագրել

Սկոլթների կյանքի ու մշակույթի առաջին ուսումնասիրողներից է եղել ուղղափառ քահանա Գեորգի Տերենտևը (1823-1904 թթ.):

Ժամանակակից նշանավոր ազգագրագետ Թիմ Ինգոլդը իր գիտական կյանքի սկզբում ուսումնասիրել է սկոլթների կյանքը, ինչն ամփոփել է «Ժամանակակից սկոլթներ» մենագրության մեջ (1976)։

Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի սկոլթների համագործակցությունն իրականցվում է «Սաամ-սկոլթների մշակույթը` առանց սահմանների» նախագծի շրջանակներում[5]։

Իրադարձություններ խմբագրել

 
Սուրբ Գևորգի մատուռ, Նեյդեն, Նորվեգիա

2011 թվականի սեպտեմբերի 25-ին Նեյդենում կազմակերպվել է 20-րդ դարասկզբին վերացած 94 սկոլթների մասունքների ամփոփման արարողություն։ Օսլոյի համալսարանի ներկայացուցիչները 1915 թվականին, անտեսելով տեղացիների բողոքները, մարդաբանական հետազոտությունների համար գնել են թաղված սաամների կմախքներ։ Համալսարանի փոխռեկտոր Ռագնհիլդ Հենումը ներողություն է խնդրել սկոլթներից մարդու իրավունքների նման կոպիտ խախտման համար` ասելով, որ նման բան այլևս չպիտի կրկնվի։ Սկոլթներից ներողություն է խնդրել նաև նորվեգական եկեղեցու` պետական կառավարման և բարեփոխումների նախարար Ռիգմուր Օսրուդը։ Վերաթաղման արարողությունը կատարվել է ուղղափառ արարողակարգով։ Մասունքները թաղվել են նախնական թաղման վայրում Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից մի քանի հարյուր մարդկանց ներկայությամբ[1]։

2011 թվականի հոկտեմբերի 18-ին Մուրմանսկում կայացել է գիտաժողով` «Սաամ-սկոլթների պատմությունը և ժամանակակից դրությունը» թեմայով` նվիրված այդ ժողովրդի մշակութային ժառանգությանը, պատմությանն ու ժամանակակից կարգավիճակին[5][6]։

2012 թվականի հուլիսի 14-15-ին սաամների մշակույթի «Սայոս» կենտրոնում (Ինարի, Ֆինլանդիա) անցկացվել է միջազգային գիտաժողով` նվիրված սաամ-սկոլթների լեզվին ու մշակույթին[7]։

2008 թվականին Ֆինլանդիայում սկոլթ-սաամների լեզուն ու մշակույթը պահպանելու նպատակով հիմնադրվել է Սկոլթ-սաամների մշակույթի ֆոնդը, որը հիմնականում զբաղվում է Ֆինլանդիայի հյուսիսում մշակութային ծրագերի իրականացմամբ։ 2013 թվականի օգոստոսի 13-ին բացվել է Սկոլթ-սաամների մշակույթի ֆոնդի կայքէջը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Карлсбакк Ю. Останки 94 человек обрели покой Արխիվացված 2016-06-02 Wayback Machine // Интернет-агентство BarentsObserver.com. — 27 сентября 2011.(Ստուգված է 2 Մայիսի 2016)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Saami, Skolt // Lewis, 2009
  3. Торжества в Нейдене // «Вера»-«Эском» № 421. — Сентябрь 2002.(Ստուգված է 22 Նոյեմբերի 2011)
  4. Никита Кривцов «Белый крест» преподобного Трифона Печенгского //Планета Диаспор". — 15 июня 2000.(Ստուգված է 2 Մայիսի 2016)
  5. 5,0 5,1 Международная конференция Արխիվացված 2013-05-31 Wayback Machine // Сайт Мурманского государственного гуманитарного университета. — 19 октября 2011.(Ստուգված է 9 Նոյեմբերի 2011)
  6. Валдайцев А. В Мурманске обсудят прошлое и будущее исчезающего народа // Комсомольская правда. Новости 24. — 16 октября 2011.(Ստուգված է 9 Նոյեմբերի 2011)
  7. В Инари на международной конференции обсуждают «технику» сохранения языка и культуры скольт-саамов Արխիվացված 2016-06-18 Wayback Machine // Сайт Информационного центра Finugor. — 14 июня 2012.(Ստուգված է 2 Մայիսի 2016)
  8. «Колтта-саами вышли в Интернет». Сайт Информационного центра Finugor. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Ingold, Tim. The Skolt Lapps today (1976). Cambridge: Cambridge University Press.
  • Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Онлайн-версия
  • Saarinen, Tuija; Suhonen, Seppo. Koltat, karjalaiset ja setukaiset, Snellman-Instituutti, 1995. ISBN 951-842-167-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոլթներ» հոդվածին։