Սիմֆոնիա № 1 (Արամ Խաչատրյան)

Սիմֆոնիա № 1 (e-moll), հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սիմֆոնիան է՝ գրված 1934 թվականին։ Եռամաս սիմֆոնիան կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքն է Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելիս։

Սիմֆոնիա № 1 (Արամ Խաչատրյան)
ԺանրՍիմֆոնիա
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Մասերի քանակերեք
Տևողություն42 րոպե
Ստեղծման տարեթիվ1934 թվական
Առաջնախաղի տարեթիվ1935 թվականի ապրիլի 23
Առաջնախաղի վայրՄոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ
Հրատարակման տարեթիվ1939 թվական
Տոնայնությունe-moll

Հայաստանում երաժշտության պատմության մեջ իր գեղարվեստական արժեքով և պատմական նշանակությամբ համարվում է այս ժանրի առաջին և Արամ Խաչատրյանի խոշոր կտավի անդրանիկ ստեղծագործությունը։

Առաջին սիմֆոնիան Արամ Խաչատրյանը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյա հոբելյանին՝ ընդգծելով, որ «Առաջին սիմֆոնիան ինձ համար ասոցացվում է Հայրենիքի հետ»[1]։

Արամ Խաչատրյանը իր հետագա ստեղծագործական կյանքի ընթացքում՝ թե՛ երիտասարդ, և թե՛ հասուն տարիքում առանձնակիորեն է կարևորել իր Առաջին սիմֆոնիան:

Պրեմիերա խմբագրել

 
Պատվո մարմարե տախտակ. Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան որպես դիպլոմային աշխատանք քննության ժամանակ կատարվեց 1934 թվականի հունիսի 11-ին չորս ձեռքի համար դաշնամուրային փոխադրության տարբերակով կոմպոզիտոր Ա.Ստեփանովի և դաշնակահարուհի Նինա Մուսինյանի կատարմամբ։

Մոսկվայի կոնսերվատորիայի որակավորման հանձաժողովը, որի կազմի մեջ էին մտնում նաև Նիկոլայ Մյասկովսկին, Ռեյնգոլդ Գլիերը, Վիսարիոն Շեբալինը, Հենրիխ Լիտինսկին և Նիկոլայ Ժիլյաևը, միաձայն Արամ Խաչատրյանի դիպլոմային աշխատանքը գնահատեց գերազանց։ Արձանագրությունում հանձնաժողովի բոլոր հինգ անդամների անվան դիմաց կրկնվում էր գերազանց. «Հիմնվելով վերոնշյալ գնահատականների վրա՝ Որակավորման հանձնաժողովը Արամ Խաչատրյանին համարում է ավարտած Մոսկվայի կոնսերվատորիան՝ «Երաժշտական արվեստի գործիչ կոչմամբ»[2]։

Արամ Խաչատրյանը արժանանում է նաև բարձր պատվի. Նրա անունը ոսկյա տառերով գրված է Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճի մուտքի մոտ գտնվող Պատվո մարմարե տախտակին, որը կարելի է տեսնել նաև այսօր[3]։

Իրեն սպասեցնել չտվեց նաև Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի պրեմիերան համերգային դահլիճում։ Սիմֆոնիան միանգամից ուշադրության արժանացավ այդ տարիներին սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Էուգեն Սենկարի կողմից։

Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1935 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի կատարմամբ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ։

  Սիմֆոնիայի պրեմիերան իմ կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկն է։ Այն ներկայացվեց շատ հանդիսավոր կերպով։ Ունկնդիրները և քննադատները իմ առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը ընդունեցին մեծ ջերմությամբ[4]
- Արամ Խաչատրյան
 

Հաջորդ թատերաշրջանի սկզբին Սենկարը Մոսկվայում ևս երկու անգամ կատարեց Առաջին սիմֆոնիան՝ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին և 24-ին։ 1936 թվականի ապրիլի 23-ին, Սիմֆոնիայի պրեմիերայից ուղիղ մեկ տարի անց ստեղծագործությունը հնչում է Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ գլխավոր դիրիժոր Ֆրից Շտիդրիի ղեկավարությամբ։ Լենինգրադյան կատարմանը ներկա էր նաև ռուս հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը։

1950-ականներին կանգնելով դիրիժորական վահանակին՝ Արամ Խաչատրյանը հաճախ է կատարել իր Առաջին սիմֆոնիան ԽՍՀՄ–ում և արտերկրում իր հեղինակային համերգների ժամանակ։ 60-ամյա հոբելյանի նախաշեմին ժամանելով Երևան՝ Արամ Խաչատրյանը Մարգարիտ Հարությունյանին ուղղված նամակում գրում է՝ «Ուզում եմ կատարել իմ առաջին սիմֆոնիան։ Ես այն Հայաստանին չեմ ներկայացրել։ Այն ընդհանրապես հայտնի չէ Երևանում։ Կարծում եմ, ես ամբողջովին սերել եմ իմ Առաջին սիմֆոնիայից և ոչ միայն…»[5]։

Սիմֆոնիայի գաղափար խմբագրել

Հայաստանում երաժշտության պատմության մեջ իր գեղարվեստական արժեքով և պատմական նշանակությամբ համարվում է այս ժանրի առաջին և Արամ Խաչատրյանի խոշոր կտավի անդրանիկ ստեղծագործությունը։

  Ինձ համար դժվար է Ձեզ բացատրել սիմֆոնիայի գաղափարը։ Այդ ստեղծագործության մեջ ես կամեցել եմ ցույց տալ մեր կյանքի բերկրանքը, մեր իրականության իմաստնությունը։ Սիմֆոնիայում կան նաև անցյալի տրամադրություններ՝ «տխրություն, տրտմություն, թախիծ», որպես հակադրություն մեր իրականության։
- Արամ Խաչատրյան
 

Առաջին սիմֆոնիայով սկսվեց Արամ Խաչատրյանի գեղարվեստական հասունության, նրա տաղանդի փայլուն զարգացման ու ծաղկման շրջանը։ Այն հանրագումարի բերեց ուսումնառության շրջանի որոնումները և նշանավորեց կոմպոզիտորի ստեղծագործական հասունության նոր փուլը։

Պատմություն խմբագրել

 
Արամ Խաչատրյանը և Նիկոլայ Մյասկովսկին, 1935 թվական

Արամ Խաչատրյանը իր դիպլոմային աշխատանքի թեման ընտրելիս կանգ է առնում սիմֆոնիայի վրա. «Իմ ստեղծագործական որոնումները և երիտասարդության պայքարը պսակվեցին Առաջին սիմֆոնիայով», - տարիներ անց հիշում է Արամ Խաչատրյանը։ Առաջին սիմֆոնիան կոմպոզիտորը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյա հոբելյանին՝ ընդգծելով, որ «Առաջին սիմֆոնիան ինձ համար ասոցացվում է Հայրենիքի հետ»[1]։

Որպես դիպլոմային աշխատանք Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա գրելու որոշումը հավանության արժանացավ իր ուսուցչի՝ Նիկոլայ Մյասկովսկու կողմից։ 5-րդ կուրսին նախորդող ամռանը Արամ Խաչատրյանը նախապատրաստում է ամբողջ նյութը, իսկ արդեն 1934 թվականի հունվարին արդեն պատրաստ էր Սիմֆոնիայի կլավիրը։ Մյասկովսկին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում այս գործի նկատմամբ, ինչպես Արամ Խաչատրյանի մյուս գործերի հանդեպ։ Ստեղծագործական ընթացքը բավական տքնաջան աշխատանք է պահանջել կոմպոզիտորից։

«Երբեք չեմ մոռանա Արամ Իլյիչի հետ փորձերը,-պատմում էր Ն․Մուսինյանը (դիպլոմային քննության ժամանակ 1934 թվականի հունիսի 11-ին Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիան հնչեց չորս ձեռքի համար դաշնամուրային փոխադրության տարբերակով կոմպոզիտոր Ա.Ստեփանովի և դաշնակահարուհի Ն.Մուսինյանի կատարմամբ),- որոնց ընթացքում նա ոգևորված երգում էր, նվագավարում, խոսում, և անհանգստանում էր, թե ինչպես կընդունվի իր սիմֆոնիան»[6]։

Երաժշտագետ Վիկտոր Մարկովիչ Գորոդինսկին, որը այդ տարիների Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի տնօրենն էր, ծանոթ էր Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիային և առաջարկում է կոմպոզիտորին այն կատարել խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած համերգի ընթացքում։ Արամ Խաչատրյանը ռիսկային է համարում որպես դեռևս չկատարված ստեղծագործություն Սիմֆոնիան ներկայացնել այս համերգի շրջանակներում և հրաժարվում է։ Բոլորը զարմանում են կոմպոզիտորի նման որոշման վրա։ Արամ Խաչատրյանը խնդրում է Վ․Մ․Գորոդինսկուն հատուկ ուշադրություն դարձնել Սիմֆոնիային, քանի որ այն բավական բարդ է։

Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր Էուգեն Սենկարն է ստանձնում Սիմֆոնիան կատարելու պատասխանատվությունը։ Այդ մասին իր հիշողություններում պատմում է Արամ Խաչատրյանը․ «Նա ինձ չէր կանչում, ոչինչ չէր հարցնում և ինձ հետ չէր հանդիպում։ Ես տարակուսանքի մեջ էի և շատ էի անհանգստանում։ Զարմանալիորեն…առաջին փորձին նա ինձ բեմ հրավիրեց, նստեցրեց իր կողքին։ Սիմֆոնիան Սենկարը անգիր գիտեր։ Փորձի ընթացքում նա հաճախ ընդհատում էր նվագախմբին և հարցնում էր ինձ՝ «այսպե՞ս, այսպե՞ս» (գերմաներենով), իսկ ես պատասխանում էի իմ գերմաներենով՝ «դանդաղ» կամ «մի փոքր ավելի արագ»։ Ինձ նաև օգնում էր հիանալի երաժիշտ և ջութակահար, նվագախմբի կոնցերտմայստեր Անիսիմ Բերլինը։ Դիրիժորի ուշադրությունը իմ սիմֆոնիայի հանդեպ ինձ շատ էր հուզել։ Նա ինձ հետ էր համաձայնեցնում բոլոր տեմպերն ու նրբությունները, փորձը անցնում էր շատ հարթ և հանգիստ։ Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ կարևոր նշանակություն ունի դիրիժորի հմուտ լինելը։ Ես նրան մեծ երախտագիտությամբ էի հիշում։ Սենկարից շատ բան սովորեցի, որն ինձ հետագայում պետք եկավ որպես դիրիժոր։ Սիմֆոնիան նա նվագավարեց հիանալի կերպով։ Այն մեծ հաջողություն ունեցավ և հիանալի արձագանքներ գտավ թերթերի և ամսագրերի հոդվածներում»[7]։

Կառուցվածքը խմբագրել

Սիմֆոնիան եռամաս է․

  1. Andante maestoso con passione
  2. Adagio sostenuto
  3. Allegro risoluto

Առավել հետաքրքիր և նշանակալից է առաջին մասը, որը բաղկացած է Նախաբանից (Andante maestoso con passione) և սիմֆոնիկ Allegro–ից (Allegro ma non troppo) և վերջաբանից։ Այս ամբողջ մասը, որ լիովին ինքնուրույն է և՛ թեմատիկ բովանդակությամբ, և՛ զարգացման սկզբունքով, կարելի է կոչել սիմֆոնիկ պոեմ Հայրենիքի համար[8]։

Սիմֆոնիայի նախաբանում լսելի են թառի հնչողություն հիշեցնող աշուղական մեղեդիներ։ Արամ Խաչատրյանը ժողովրդական գործիքները նախընտրում էր իրենց բնական հնչողությամբ և հաճախ օգտագործում էր իր ստեղծագործություններում, ինչպես օրինակ՝ կինոերաժշտության մեջ։ Նաև սիրում էր նմանեցնել /իմիտացնել/ ժողովրդական գործիքները այնպես, ինչպես վարվել են շատ հայտնի դասականներ՝ ինչպես օրինակ Իգոր Ստրավինսկին, ում մոտ դա հիանալի էր ստացվում։ Լարայինների և կլարնետի զուգորդումները, որոնք օգտագործվել են Սիմֆոնիայի սկզբում, հիշեցնում են աշուղական և գուսանական մեղեդիներ։ Սակայն Արամ Խաչատրյանը կարծում էր, որ շատ խաչատրյանագետներ խիստ չափազանցնում էին աշուղների դերը իր կյանքում[7]։

  Ոչ մի ժողովրդական մեղեդի չեմ օգտագործել, սակայն ժողովրդական մեղեդիների ինտոնացիաներ, կտորներ օգտագործված են առատորեն։ Տեղ-տեղ փորձել եմ սիմֆոնիկ միջոցներով հաղորդել արևելյան գործիքների՝ թառի և քյամանչայի հնչողությունը։ Այս սիմֆոնիայում առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացրել կոմպոզիտորական տեխնիկային։ Բանն այն է, որ հայ երաժշտության պատմության մեջ դեռևս ոչ մի սիմֆոնիա չի եղել, իմ սիմֆոնիան առաջինն է։ Սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործություններ եղել են, օր.՝ Սպենդիարովի, Տեր-Ղևոնդյանի, Ստեփանյանի և ուրիշների ստեղծագործությունները, բայց սիմֆոնիան երաժշտական որոշակի ձև է, որն իր օրենքներն ունի։ Սիմֆոնիայում ես ցանկացել եմ մտքեր արտահայտել կոմպոզիտորական բարձրագույն տեխնիկայով։ …Մենք գրում ենք ժողովրդի համար, և մեր ստեղծագործությունները պետք է հասկանալի լինեն ժողովրդին։ Ես կարծում եմ, որ իմ սիմֆոնիան պետք է դուր գա մասսաներին, բայց, ճիշտ է, այն մասսային, որը սիրում է երաժշտությունը և ուզում է դա հասկանալ, իսկ եթե որևիցե մեկը չհասկանա, ուրեմն դեռ չի բավականացնում կուլտուրան, ուրեմն ավելի ուշ կհասկանա։ Չ՞է որ խոշոր պրոբլեմային ստեղծագործությունները գրվում եմ ոչ մեկ-երկու տարվա համար։ Լավ ստեղծագործություններն ապրում են դարերով… Սիմֆոնիան իմ խոշոր և բարդ ստեղծագործություններից մեկն է[9]։
- Արամ Խաչատրյան,
Ս․Մ․ Մելիք–Ստեփանյանին, 4 հունիսի, 1938 թվական
 

Սիմֆոնիան գրված է հետևյալ գործիքային կազմի համար[10]՝

Փայտյա փողային

Պղնձյա փողայիններ

Հարվածային գործիքներ

  • կաթսայաձև թմբուկ (լիտավր),
  • եռանկյունի (հարվածային երաժշտական գործիք),
  • փայտյա տուփ (լեյնյո),
  • դափ (տամբուրին),
  • փոքր թմբուկ,
  • ծնծղա,
  • մեծ թմբուկ,
  • հարվածային տամ-տամ,
  • քսիլոֆոն,
  • զանգակներ (գլյոկենշպիլ),
  • զանգեր

Լարային գործիքներ

և դաշնամուրի համար։

Հրատարակություններ խմբագրել

Արամ Խաչատրյանի Առաջին Սիմֆոնիայի պարտիտուրը ԽՍՀՄ–ում տպագրվել է երեք անգամ։ Առաջին հրատարակութունը կատարվել է 1939 թվականին «Պետական երաժշտական հրատարակչության» կողմից («Госмузиздат») Մոսկվայում–Լենինգրադում, իսկ երկրորդ և երրորդ հրատարակությունները՝ համախապատասխանաբար 1960 և 1962 թվականներին «Սովետական կոմպոզիտոր» («Советский композитор») հրատարակչության կողմից Մոսկվայում։ Վերջին երկու հրատարակութուններում առաջինի համեմատությամբ որոշ փոփոխություններ են կատարվել։ Պարտիտուրի ձեռագիր տարբերակը պահպանվում է Արամ Խաչատրյանի ընտանեկան արխիվում։ 1984 թվականին «Երաժշտություն» («Музыка») հրատարակչությունում լույս է տեսնում Սիմֆոնիայի պարտիտուրի նոր տարբերակը[10]։

Սիմֆոնիայի մասին խմբագրել

1936 թվականի ապրիլի 23-ի Սիմֆոնիայի Լենինգրադի կատարմանը ներկա էր նաև ռուս հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը։ Երկու կոմպոզիտորների ծանոթությունը և ընկերությունը մեծ դեր խաղաց Արամ Խաչատրյանի կյանքում։

  Ես շատ լավ եմ հիշում այն մեծ ու ուժեղ տպավորությունը, որը իմ վրա թողեց 1936 թվականին Լենիգրադում դիրիժոր Շդիտրիի ղեկավարած Առաջին սիմֆոնիան։ Դեռևս սիմֆոնիայի կատարումից առաջ Խաչատրյանը ծանոթացրեց ինձ նրա պարտիտուրի հետ։ Ինձ զարմացրեց այդ ստեղծագործության բացառիկ մեղեդային հարստությունը, հիանալի վառ գործիքավորումը, երաժշտական նյութի խորը բովանդակությունը, ընդհանուր տոնական և ուրախ կոլորիտը։ Առաջին սիմֆոնիայի երաժշտության մասին կարելի է ասել, որ այն իսկական զմայլանք է կյանքի գեղեցկությամբ ու հաճույքներով։ Հիշում եմ, Առաջին սիմֆոնիայի պրեմիերային շատ էին այն երաժիշտները, որոնց համակել էր նույն զգացումն, ինչ ինձ՝ մեծագույն ու տաղանդավոր կոմպոզիտորի երևան գալու ուրախությունը[11]։
- Դմիտրի Շոստակովիչ
 
  Առաջին բանը, որ ցանկանում եմ նշել Սիմֆոնիայի մասին այն է, որ երեք անգամ կատարվելով (մեկ անգամ նախորդ և երկու անգամ այս թատերաշրջանում), այն շարունակաբար ջերմ համակրանքի ու խանդավառ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից։ Այս փաստի նշանակությունը անչափ կարևոր է որպես այն բանի ցուցիչ, որ սովետական սիմֆոնիկ երաժշտությունը հասել է գեղարվեստական նշանակության և պրոֆեսիոնալիզմի այնպիսի մակարդակի, որ ունակ է գրավել ունկնդիրների՝ համերգների հանդիսատեսի, որոնց գերակշիռ մասը երաժշտասերներ են։ Այս տեսանկյունից Արամ Խաչատրյանի սիմֆոնիան պետք է դիտարկել ոչ միայն որպես Նրա անհատական ձեռքբերում, այլև՝ սովետական երաժշտության ընդհանրապես։ Ազդեցության և տպավորելիության ուժը, անկասկած, սիմֆոնիայի հիմնական արժանիքներն են[12]։
- Սեմոն Շլիֆշտեյն
 
  Սիմֆոնիայում հստակորեն ընդգծվում է խաչատրյանական սիմֆոնիզմի հիմնական սկզբունքը – թեմատիկ բազմազանության միասնությունը զարգացման մեջ[13]։
- Գեորգի Խուբով
 

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Արամ Խաչատրյանի հիշողություններից[7]
  1.   «Լենինգրադում Առաջին սիմֆոնիայի կատարմանը նախորդող գլխավոր փորձի ժամանակ դիրիժոր Ֆրից Շդիտրին դեռ նոր էր բարձրացրել դիրիժորական փայտիկը, երբ նրա քթից սկսեց արյուն հոսել անմիջապես իմ պարտիտուրի վրա. Հետո այն անվանեցին «Արյունոտ Սիմֆոնիա»։ Նա հիանալի կերպով նվագավարեց իմ Սիմֆոնիան»։
  2. «Սիմֆոնիայի ավարտից հետո ես բեմ բարձրացա շնորհակալություն հայտնելու, իսկ Ֆրից Շդիտրին անընդհատ ինձ փորով հրում էր դեպի մի կողմ և շշնջում՝ «Բրիկը, Բրիկ, Բրիկ»։ Եսց միանգամից չհասկացա, նա ինչ ի նկատի ուներ։ Բայց երբ նա ևս մեկ անգամ ինձ հետևողականորեն ուղղորդեց դեպի թավջութակահարների կոնցերտմայստերը, ես այն ժամանակ մտաբերեցի այն երաժշտի անունը, ով Լենինգրադի ֆիլհարմոնիայում մեծ հեղինակություն էր վայելում, Բրիկը։ Ես, իհարկե, մոտեցա նրան, երախտագիտության խոսքերով սեղմեցի նրա ձեռքը։ Եվ՛ Բրիկն էր գոհացած, և՛ ես էի գոհացած, բայց ավելի շատ՝ Շդիտրին»։
  • Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիր նոտաները պահպանվում եմ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողություն ծրագրի Միջազգային ռեեստրում[14]։
  • Արամ Խաչատրյանը Մոսկվայի կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ և արժանացել բարձր պատվի։ Կոմպոզիտորի անունը ոսկյա տառերով գրված է Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճի մուտքի մոտ գտնվող Պատվո մարմարե տախտակին։

Սկավառակագրություն խմբագրել

Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի սկավառակագրության ընդարձակ ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ, այդ թվում՝

  1. ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Արամ Խաչատրյան, (Мелодия – С10—11983-84), ԽՍՀՄ, 1980 թվական (ձայնագրությունը՝ 5 հունվարի 1975 թվական)։
  2. Ռուսաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ, (Мелодия – С10—11983-84), ԽՍՀՄ, 1980 թվական։
  3. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյան, (ASV), 1993 թվական։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Սիմֆոնիա № 1 (Արամ Խաչատրյան)․ կատարում է ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Արամ Խաչատրյանը, Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ձայնագրությունը՝ 5 հունվարի 1975 թվական; Youtube
  2. Սիմֆոնիա № 1 (Արամ Խաչատրյան)․կատարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (Armenian National Philharmonic Orchestra) Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ (Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահ); Youtube

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Из бесед: [Хачатурян А.] «Творчество мое принадлежит моей Родине»., С. 59․
  2. Протоколы квалификационной комиссии МГК (1933 / 34 уч. г) // ЦГАЛИ. Ф. 658 (Моск. консерватория). Оп. 14. Ед. хр. 740.  Л.3.
  3. «Хачатурян Арам Ильич». Московская государственная консерватория имени П. И. Чайковского:. Վերցված է 14.08.2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Из бесед: [Хачатурян А.] «Творчество мое принадлежит моей Родине»., С. 59
  5. Арам Хачатурян: письмo, М. Г. Арутюнян, 24 июня 1963 г., Москва – стр. 243-244 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  6. Юзефович В., (1990)։ Арам Хачатурян: Монография.։ – М.։ стр. 53․
  7. 7,0 7,1 7,2 Хачатурян А. И. Страницы жизни и творчества, (беседы с Г. М. Шнеерсоном). - М.: Сов композитор, 1982. – стр. 74–80.
  8. Գ. Խուբով, Արամ Խաչատրյան, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977 թ., էջ 97-98։
  9. Арам Хачатурян: письмo, С. М. Мелик-Степаняну, 4 июня 1938 г. – стр. 37-39 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  10. 10,0 10,1 Хачатурян А. Собр. соч., Симфония N 1 партитура, Изд. «Музыка», 1984г.
  11. Шостакович Д. «Арам Хачатурян». (Воспоминания о первой встрече с А.Хачатуряном, о годах его учебы; о Первой и Второй симфониях, о Фортепианном и Скрипичном концертах, балете «Гаянэ». Автор воспоминаний рассказывает о влиянии русских классиков на творчество А.Хачатуряна и о его музыке к драматическим спектаклям). «Дружба» (Ереван). Книга 2, 1956, с. 332-339.
  12. Шлифштейн С.И., (1935. № 12.). «Открытие сезона симфонических концертов филармонии и радиовещания». Советская музыка.: С. 75–78. Վերցված է 14.08.2021-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Хубов Г.Н. (1935. № 9). «Симфония А. Хачатуряна». Советское искусство. М․. Վերցված է 14.08.2021-ին.
  14. ««Collection of note manuscripts and film music of Composer Aram Khachaturian»». Memory of the World. 2013. Վերցված է 18.08.2021-ին.