Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Զարոբյան 3, Երևան |
Հիմնադրվել է | 1978 |
Տնօրեն | Արմինե Գրիգորյան |
Կայք | akhachaturianmuseum.am |
Պատմություն
խմբագրելՄիահարկ առանձնատունը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի։ Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թվականի հուլիսի 21-ին՝ դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք։ Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները։
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտել է ճարտարապետ Էդուարդ Ալթունյանը։
Արամ Խաչատրյանի երևանյան բնակարանում հիմնականում ապրել են մայրը, եղբայրը՝ Վաղինակը ընտանիքով։ Ինքն էլ Հայրենիք այցելելիս հանգրվանել է այս տանը, ընդունել հյուրերին, աշխատել, ի մի բերել Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները։
Ցուցադրություն
խմբագրելԱռանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին։ Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում։
1984 թվականի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը։
Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։ Տուն-թանգարանի խնդիրն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը։ Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խոր ուսումնասիրմանը։ Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ։ Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Արամ Խաչատրյանի նամականին 3 հատորով՝ հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները։
Թանգարանի գիտաշխատողներն Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտաժողովներում հանդես են գալիս հոդվածներով, որոնք նաև տպագրվում են լրագրերում ու պարբերականներում։
Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը, ներկա տնօրենն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը։
2015 թվականին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ[3]։
Առաջին հարկ
խմբագրելԱռաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները։ Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար։
Երկրորդ հարկ
խմբագրելԵրկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը։
Միջոցառումներ
խմբագրելՏուն-թանգարանում կազմակերպվում են միջոցառումներ՝ փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ։
Տուն-թանգարանի գործունեության նոր ձեռնարկումները քննարկում է թանգարանի գիտական խորհուրդը, որի կազմում են անվանի երաժիշտներ, երաժշտագետներ։ 2006 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնարկել է տուն-թանգարանի շենքի հիմնավերանորոգումը, 2008 թվականի հունիսի 6-ին բացվել է տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանի Զարոբյան 3 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան կատեգորիայում։ |