Ռուդոլֆ IV (Ավստրիայի դուքս)
Ռուդոլֆ IV (գերմ.՝ Rudolf IV, հունվարի 1, 1339թ., Վիեննա - հուլիսի 27, 1365, Միլան), Ավստրիայի, Շտիրիայի և Կարինտիայի դուքս 1358 թվականից, Տիրոլի կոմս 1363 թվականից, Հաբսբուրգներ կայսերական տոհմի ներկայացուցիչ: Հանդիսանում է ավստրիական առաջին միապետը, ով ստացել է էրցհերցոգի տիտղոս: Ռուդոլֆ IV-ի կարճատև իշխանության տարիները կարևոր դեր են ունեցել ավստրիական պետության զարգացման ճանապարհին[1][2][3][4]:
Ռուդոլֆ IV | |
![]() | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1339 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիայի դքսություն |
Վախճանի օր | հուլիսի 27, 1365 (25 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Signoria of Milan |
Գերեզման | Ducal Crypt |
Թաղված | Ducal Crypt |
Դինաստիա | Հաբսբուրգներ |
Հայր | Ալբրեխտ II |
Մայր | Յոհաննա Պֆիրտ |
Ամուսին | Կատերինա Լյուքսեմբուրգցի |
Երիտասարդ տարիներԽմբագրել
Ռուդոլֆ IV հանդիսանում է Ավստրիայի կոմս Ալբրեխտ II Իմաստասերի և Յոհանե Պֆիրտի որդին:Նա հանդիսանում է Հաբսբուրգների դինաստիայի առաջին ներկայացուցիչը, ով ծնվել է Ավստրիայում և իր հայրենիքը համարում էր Ավստրիան, այլ ոչ թե Շվեյցարիայում և Շվաբիայում գտնվող տոհմական կալվածքները: Այդ հանգամանքը դուքսին լրացուցիչ հեղինակություն տվեց, իսկ երկրում դքսության իշխանությանը՝ առավել մեծ հասարակական աջակցություն: Ռուդոլֆ IV-ը Ավստրիայի գահը ժառանգել է 1358 թվականին հորմահից հետո և, չնայած հանդիսանում էր համաաղեկավարներից մեկը, այնուամենայնիվ, գործնականում պետությունը ղեկավարում էր միանձյա, քանի որ իր եղբայրները դեռևս փոքր էին[1][2][3]:
Privilegium MaiusԽմբագրել
Ավստրիայում Ռուդոլֆ IV-ի իշխանության տարիները կարճատև են եղել, բայց ավստրիական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում պետության ամրապնդման տեսակետից բավականին կարևոր: Ռուդոլֆի վարած քաղաքականության առանցքում եղել է Ավստրիայի կարգավիճակի բարձրացումն ու Սրբազան Հռոմեական կայսրությունից անկախացումը: Նրա իշխանության սկզբից Ավստրիայի և կայսեր հարաբերությունները կտրուկ բարդացան: 1356 թվականին Կառլոս IV կայսրը ներկայացրեց հայտնի «Ոսկե բուլլա» հրովարտակը, որը սահմանափակում էր կայսր ընտրությունը կուրֆյուրստների կողմից և Գերմանիան դարձնում օլիգարխիկ դաշնային պետություն: Ավստրիան, ինչպես նաև Բավարիան չէին ընդգրկվել Կուրֆյուրստների ցուցակում: Ի պատասխան այդ հրովարտակի՝ Ռուդոլֆ IV-ի 1358 թվականին հրապարակում է այսպես կոչված «Privilegium Maius»-ը, որն իրենից ներկայացնում է նախկին կայսրերի հրամանների հավաքածու, որոնցով Ավստրիային և պետության միապետներին հատուկ իրավունքներ էր տրվում և որոնք Ավստրիական պետությունը գործնականում դարձնում էին կայսրությունից անկախ[1][2]:
Մասնավորապես, համաձայն «Privilegium Maius»-ի, ավստրիական միապետները ստանում էին էրցհերցոգի տիտղոս՝ դարձնելով նրանց ֆեոդալական իշխանական կարգի շարքում թագավորից և կուրֆյուրստից հետո երկրորդ և Գերմանիայի այլ իշխաններից բարձր: Բացի այդ հայտարարվում էր, որ ավստրիական միապետների միակ պարտավորությունը կայսեր հանդեպ այն էր, որ նրանք պարտավոր էին 12 զինվորից բաղկացած ստորաբաժանում տրամադրել կայսերական բանակին[5] Հունգարիայի դեմ պատերազմի դեպքում, ինչպես նաև կայսեր ցանկացած փորձ ուղղված Ավստրիայի ներքին գործերին, համարվում էր օրենքի խախտում: Ացստրիական միապետը իր ձեռքում էր կենտրոնացրել ամբողջ դատական համակարգը: Հաբսբուրգների բոլոր հողերը հայտարարվեցին իրարից չբաժանվող տարածքներ, որոնք ժառանգվում էին ինչպես արական, այնպես էլ իգական գծով[1][2]:
«Privilegium Maius» փաստաթղթերը կեղծ էին, ինչը ապացուցել էր դեռևս Ֆրանչեսկո Պետրարկան՝ Կառլոս IV կայսեր կողմից ստանալով փաստաթղթերի պատճենները, սակայն այդ փաստաթղթերի ի հայտ գալը ազդեցություն ունեցավ Ռուդոլֆ IV-ի և Ավստրիայի ինքնուրույնությունը հաստատելու նրա ձգտման վրա[5]:
Կայսեր հետ հակամարտությունԽմբագրել
«Privilegium Majus» փաստաթղթերի հրապարակումը հանգեցրեց Կառլ IV կայսեր թշնամական վերաբերմունքը: Նա հրաժարվեց ընդունել փաստաթղթերի իսկությունը, զրկեց Ռուդոլֆ IV-ին Էլզասի վիկարիոսի և Շվաբիայի դքսի տիտղոսից, ինչպես նաև աջակցեց շվեյցարացիներին Հաբսբուրգների դեմ պայքարում: Կայսրին հաջողվեց ստիպել Ռուդոլֆ IV-ին հրաժարվել էրցհերցոգ տիտղոսը օգտագործելուց, սակայն զինված հակամարտությունից խուսափելու համար ստիպված էր հրաժարվել Ավստրիայի ներքին գործերին խառնվելուց: Արդյունքում Ռուդոլֆը սկսեց վարել ամբողջությամբ ինքնուրույն քաղաքականություն իր տիրույթների տարածքում[1][2][3]:
Կայսեր և Ավստրիայի հարաբերություններ կարգավորվեցին միայն Ռուդոլֆ IV-ի ղեկավարման վերջում, ինչը հնարավորություն տվեց 1364 թվականին Հաբսբուրգների և Լյուկսենբուրգյան դինաստիաների միջև փոխադարձ ժառանգության մասին պայմանագիր կնքել[1][2]:
Կենտրոնական իշխանության ամրապնդումԽմբագրել
Ռուդոլֆ IV-ի վարած ներքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունը դարձավ հերցոգության իշխանության ամրապնդումն ու նոր, կենտրոնական պետական ապարատի ստեղծումը: Ռուդոլֆը հասավ այն բանին, որ Ավստրիայի տարածքում Ֆեոդերը լինեն դքսին անմիջական ենթակա: Կայսերական իշխանները, ովքեր կալվածքներ ունեին Ավստրիայի տարածքում, ընդունեցին դքսության դատարանի որոշումների իրավականությունը իրենց նկատմամբ: Բացի այդ, Ռուդոլֆը IV-ը, բռնելով Ակվիլի պատրիարքին, ստիպեց նրան հրաժարվելՇտիրիայում, Կարինթիայում և Կրաինայում պատրիարքությանը պատկանող տիրույթներից[1][2]:
1364 թվականին, ցանկանալով խոչընդոտել ավստրիական տարածքների հնարավոր բաժանմանը, Ռուդոլֆ IV-ը իր կրտսեր եղբոր հետ կնքեց պայմանագիր այն մասին, որ ավստրիական միապետությունը պետք է մնա անբաժան և փոխանցվի միանգամից միապետի բոլոր երեխաներին, ըդն որում, նրանցից միայն ավագը պետք է հանդիսանա միապետության գահակալ: Իշխանության ձևավորման այդ եղանակը Ավստրիայի պատմության մեջ մտավ որպես Ռուդոլֆյան իրավունք, սակայն խախտվեց արդեն Ռուդոլֆ IV-ի ժառանգների կողմից[2]:
Կրթության և մշակույթի զարգացումԽմբագրել
Ռուդոլֆ IV-ի ղեկավարումը մեծ դեր է խաղացել Ավստրիայում մշակույթի և կրթության զարգացման գործում: 1365 թվականին նա հիմնում է Վիեննայի համալսարանը[2][6][7], որը հետագայում դարձել է Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն կրթական կենտրոններից մեկը և հանդիսանում է գերմանախոս երկրների ամենահին համալսարանը:
Ռուդոլֆ IV-ի օրոք վերակառուցվում և իր ներկա ճարտարապետական տեսքն է ընդունում Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը[7], որը արդեն կարող էր մրցակցեր կայսերության մայրաքաղաք Պրահայում գտնվող Սուրբ Վիտուսի Մայր տաճարի հետ: Դուքսը ամեն կերպ հոգ էր տանում Վիեննայի զարդարանքի համար և խրախուսում քաղաքային շինարարությունը՝ նվազեցնելով հարկերը և հեշտացնում վարկավորման գործընթացը: Կրթության և մշակույթի հովանավոր Ռուդոլֆ IV-ը իր նախասիրություններով և կենցաղավարությամբ առավել նման էր վերածննդի դարաշրջանի իտալական իշխաններին, քան թե միջնադարյան գերմանական ֆեոդալի:
Տիրոլի միացումԽմբագրել
1363 թվականին Տրոլի դքսուհի Մարգարիտա Մաուլտաշը, զիջելով Ռուդոլֆ IV-ի պահանջներին, հրաժարվեց գահից և Ռուդոլֆին հանձնեց իր տիրոլյան դքսությունը: Բավարական դքսի բոլոր փորձերը ուղղված Տիրոլում Հաբսբուրգների իշխանության հաստատմանը խանգարելուն, անհաջողության մատնվեցին: Նույն թվականին ավստրիական զորքերը ետ մղեցին բավարական ներխուժումը, իսկ 1364 թվականին Բավարիան հրաժարվեց Մարգարիտայի ժառանգության հանդեպ հավակնություններից՝ բավարարվելով մեծ դրամական փոխհատուցումով: Տիրոլը ընդմիշտ միացվեց Ավստրիային[1]:
ԱմուսնությունԽմբագրել
1356 թվականին Ռուդոլֆ IV-ը ամուսնացավ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր Կառլոս IV-ի դուստր Կատերինա Լյուքսեմբուրգցու հետ (1342-1395): Ռուդոլֆը երեխաներ չի ունեցել[8]:
Մահ և թաղումԽմբագրել
1365 թվականին Ռուդոլֆ IV-ը 26 տարեկան հասակում Միլանում ժանտախտից հանկարծամահ է լինում՝ չթողնելով ժառանգներ: Նրան ժառանգորդ են դառնում իր փոքր եղբայրները՝ Լեոպոլդ III-ը և Ալբրեխտ III-ը[3][8]:
Նախապես Ռուդոլֆ IV-ի մարմինը ամփոփում են Կոնչեի Սուրբ Ջիովանիի եկեղեցում, սակայն հետագայում նրա աճյունը տեղափոխում են Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճար և տեղադրում դքսերի գերեզմանատանը, որը կառուցվել էր դեռևս Ռուդոլֆի կենդանության օրոք[8]: Ներկայում տոհմական դամբարանում գտնվում են Հաբսբուրգների տոհմի 72 ներկայացուցչի աճյուններ[3]:
Ռուդոլֆ IV-ի հրամանի համաձայն խորանի դիմիաց կառուցվում է նաև մարմարե կենոտաֆ (գերեզմանաքար, որի տակ չկա աճյուն)՝ նվիրված իր և իր կնոջ հիշատակին: Հետագայում հուշարձանը տեղափոխվել է տաճարի հյուսիսային հատված: Այն զարդարված է գրությունները, որոնք վերծանվում են «քաղդեական այբուբենի կոդով», որի ստեղծումը երբեմն վերագրում են հենց Ռուդոլֆ IV-ին: Այդ գրություններից են՝ «Այստեղ հանգչում է Ռուդոլֆը, Աստծո կամոք դուքս և հիմնադիրь» և «Ամենակարող Աստված և մեծն Տեր մեր Հիսուս Քրիստոս, հովիվ»[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Heinz Dopsch (2005), "Rudolf IV.", Neue Deutsche Biographie (NDB), 22, Berlin: Duncker & Humblot, pp. 179–180.(գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Alfons Huber (1889), "Rudolf IV. (1339 bis 1365)", Allgemeine Deutsche Biographie (ADB) (in German), 29, Leipzig: Duncker & Humblot, pp. 544–547.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Alfons Huber (1865), Geschichte des Herzogs Rudolf IV. von Oesterreich, Wagner’sche Universitaets-Buchhandlung.(գերմ.)
- ↑ Baum, Wilhelm (1996). Rudolf IV. der Stifter. Seine Welt und seine Zeit. Graz-Wien-Köln.(գերմ.)
- ↑ 5,0 5,1 Митрофанов П. П. История Австрии с древнейших времен до 1792 года. — М.: URSS, 2010. С. 39.(ռուս.)
- ↑ Kann, Robert A. (1977). A History of the Habsburg Empire 1526–1918. University of California Press. p. 15.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Австрия. История — Энциклопедия «Кругосвет».(ռուս.)
- ↑ 8,0 8,1 8,2 Jaschke, Karl-Ulrich (1997). "From Famous Empresses to Unspectacular Queens". In Duggan, Anne J. Queens and Queenship in Medieval Europe. The Boydell Press. p. 102.(անգլ.)
Նախորդ Ալբրեխտ II |
Ավստրիայի դուքս, Շտիրիայի և Կարինթիայի 1358-1365 |
Ժառանգներ |
Նախորդ Մարգարիտա |
Տրոլի կոմս 1363-1365 |