Ռյուգեն (գերմ.՝ Rügen, լատ.՝ Rugia, լեհ.՝ Rugia), կղզի Բալթիկ ծովում` Հիդենզե կղզուց արևելք։ Գերմանիայի ամենամեծ կղզին է (ընդհանուր մակերեսը` 926 կմ²)։ Մտնում է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի կազմի մեջ։ Բնակչությունը 77.000 մարդ է։

Picto infobox map.png
Ռյուգեն
գերմ.՝ Rügen

Տեղագրություն Բալթիկ ծով
Երկիր Գերմանիա Գերմանիա

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

Ռյուգեն (Rügen) տեղանունը, վարկածներից մեկի համաձայն, ծագում է գերմանական ռուգի ցեղի անունից, որ կղզում բնակություն է հաստատել մինչ սլավոնացիների հայտնվելը[1]։ Գերմանական և սլավոնական անվանումների հնչյունային տարբերությունը բացատրվում է g / j հնչյունների արտասանական տարբերությամբ։ Մեկ այլ վարկածի համաձայն` անվանումը ծագում է կղզում ապրած ռույանե (Rujanen) ցեղախմբի անունից[2]։ Ցեղախմբի ներկայացուցիչները Արկոնա հրվանդանում կառուցել են պատերազմի ու հաղթանակի աստված Սվյատովիտին նվիրված սրբավայր։ Գերմանացի հոգևորական Հերբորդը «Զրույց Օտտո Բամբերգցու կյանքի մասին» գրքում Ռյուգենն անվանել է Վերանիա (Verania), իսկ նրա բնակիչներին` ամենաբարբարոս ցեղը[3]։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Հին և նոր փարոսները

Կղզու ափերը կտրատված են, ինչի հետևանքով բազմաթիվ ծոցեր, ծովախորշեր, հրվանդաններ ու թերակղզիներ են գոյացել։ Ռյուգենի հարավային ափը ձգվում է մինչև Պոմերանիայի ափերը։ Կղզու լայնությունը հարավում հասնում է 41 կմ-ի, առավել ձգվածությունը հյուսիսից հարավ 52 կմ է։

Կղզու հյուսիսարևելյան մասում` Յասմունդ (Jasmund) թերակղզում, գտնվում է համանուն ազգային պարկը` 3.000 հա մակերեսով։ Այն հիմնադրվել է 1990 թվականին։ Յասմունդի առավել հայտնի խորհրդանիշը կավճե ժայռերն են, մասնավորապես` Արքայական գահը (Königsstuhl)` 118 մ բարձրությամբ։ Ռյուգենի ամենաբարձր կետը Պիկբերգն է` (Piekberg) 161 մ։

Արկոնա հրվանդանԽմբագրել

Վիտով թերակղզում գտնվող Արկոնա հրվանդանը կղզու հյուսիսային ծայրամասն է։ Այստեղ գտնվել է սլավոնական բնակավայր` ամրություններով ու եկեղեցիով, որ նվիրված է եղել Սվյատովիտ աստծուն։ Բնակավայրի գտնվելու տեղը մասամբ անցել է ջրի տակ, բայց պահպանվել են հողաշերտերը։

Նախկին քաղաքից արևմուտք 1826-1827 թվականներին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով կառուցվել է փարոս, որ ամենահինն է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասում։ Ներկայումս այնտեղ ցուցադրվում է թանգարանային հավաքածու։ Հետագայում` 1902 թվականին, կառուցվել է 36 մ բարձրությամբ մեկ այլ փարոս, որը գործում է մինչ օրս[4]։

Պատմական տեղեկություններԽմբագրել

 
Դամբարանաթումբ Ռյուգենում

Հնագիտական գտածոները վկայում են, որ կղզին բնակեցված է եղել դեռևս քարե դարում։ Կղզու ողջ տարածքով սփռված են դամբարանաթմբեր և զոհաքարեր։

Կղզին և նրանում հայտնաբերված Արկոնա տաճարի մնացորդները հետազոտությունների հարուստ նյութ են հնագետների համար։ Կղզում բնակվել են ռուգի կամ ռույանե ցեղախմբերը։ Մինչև 14-րդ դարը կղզին ավելի ընդարձակ է եղել, քան ներկայումս։ Քարտեզագիր Գերհարդ Մերկատորը իր «Քարտեզագրություն» աշխատության մեջ գրել է. «Կղզին [Ռյուգեն] հին ժամանակներում ավելի ընդարձակ է եղել, քան հիմա, Աստծո կամքով ջուրը ողողել է կղզին»։

Ռույանների հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը, ձկնորսությունը, հողագործությունը։ Նրանք առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի ու Մերձբալթիկայի հետ, ինչպես նաև ռազմարշավներ են կատարել, պատերազմներ են մղել իրենց հողատարածքը պահպանելու համար։ Այսպես` Դանիայի որոշ գավառներ մինչև Վալդեմար I արքայի կառավարումը (12-րդ դար) հարկատու են եղել ռույաններին, ինչը պատերազմի առիթ է հանդիսացել։ Սլավոնա-ռույանական իշխանությունը այնքան ազդեցիկ է եղել, որ ռույաններն իրենց ազդեցությունն են հաստատել Բալթիկ ծովի նկատմամբ, որը երկար ժամանակ կոչվել է Ռուգերի ծով։

 
Սլավոնական քաղաքի ավերակների տեսարան փարոսից

Պատերազմների արդյունքում 1168 թվականին ռույանները կորցրել են իրենց անկախությունը, ավերվել են մայրաքաղաք Արկոնան և Սվյատովիտի սրբավայրը։ Դանիացի պատմագիրների վկայությամբ ռույանների արքա Յարոմիրը դառնում է դանիացի արքայի վասալը, իսկ կղզին` Ռոսկիլե եպիսկոպոսության մաս։ Այս շրջանին է վերաբերում առաջին անգամ ռույանների` բռնի քրիստոնեություն ընդունելը։ 1234 թվականին ռույանները թոթափում են դանիական լուծը` իրենց տարածքներն ընդարձակելով մինչև ներկայիս գերմանական Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասը։ Նրանք հիմնում են քաղաք, որը հայտնի է Շտրալզունդ անունով (Strzélowò): 1282 թվականին իշխան Վիսլավ II-ը Գերմանիայի արքա Ռուդոլֆ I-ի հետ կնքում է համաձայնագիր` ստանալով եգերմայստերի տիտղոս և Ռյուգենի տարածքի վերահսկման իրավունք։ Այնուհետև Ռյուգենի սլավոնացիները, գտնվելով գերմանական տարբեր կազմավորումներում, հետագա մի քանի դարերի ընթացքում աստիճանաբար կորցրին սլավոնական լեզուն, մշակույթը և ամբողջովին ձուլվեցին։ 1325 թվականին մահանում է ռույան վերջին իշխանը` Վիցլավ III-ը։ Սլավոնական ռույանական բարբառը վերջնականապես դադարում է գոյություն ունենալ 16-րդ դարում։ 1404 թվականին մահանում է Գուլիցինան, ով իր ամուսնու հետ Ռույանի վերջին բնակիչն էր, ով խոսում էր պոլաբյան սլավոներենով։

 
Ռյուգենի առափնյա մասը

1325 թվականին արքայատոհմի ներկայացուցչի ամուսնության հետևանքով կղզին անցնում է Պոմերանիա-Վոլգաստ իշխանությանը, իսկ 1478 թվականին միացվում է Պոմերանիային։ Վեստֆալյան հաշտության պայմանների համաձայն` Պոմերանիան Ռյուգենի հետ անցնում է Շվեդիային։ Հետագայում Բրանդենբուրգ-Պրուսիայի ուժեղացման հետ կղզին անցնում է Բրանդենբուրգին։

1807 թվականին Նապոլեոնը նվաճում է Ռյուգենը, որը մինչև 1813 թվականը մնում է ֆրանսիացիների հսկողության ներքո։ 1814 թվականին այն անցնում է Դանիային, իսկ 1815 թվականին` Պրուսիային որպես Նոր Առաջավոր Պոմերանիայի մաս։

Երկրորդ աշխարհամարտի վճռական փուլում 1945 թվականի մայիսի 4-ին գերմանական կայազորը կղզին առանց կռվի հանձնում է խորհրդային զորքերին[5]։

Հետպատերազմական շրջանում կղզին պատկանել է ԳԴՀ-ին, իսկ խորհրդային զորքերը գերմանական զորքերի հետ Ռյուգենի տարածքում են եղել մինչև 1992 թվականը։

Վարչական պատկանելություն և բնակավայրերԽմբագրել

 
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի վարչական բաժանում

Վարչական առումով կղզու տարածքը զբաղեցնում է Առաջավոր Պոմերանիա-Ռյուգեն վարչական շրջանը, որ մտնում է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի կազմի մեջ։

Կղզում կա 4 շրջան (Ämter Bergen auf Rügen, West-Rügen, Nord-Rügen, Mönchgut-Granitz), որոնք ունեն 45 համայնքներ` քաղաքներ ու ավաններ։ Ազատ քաղաքներ են Ռյուգենի Բերգեն, Զասնից, Պուտբուս, Գարց։

ՏնտեսությունԽմբագրել

 
Կղզու առողջարաններից մեկը

Ներկայումս կղզու եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Այն սկսել է զարգանալ 18-րդ դարում` Զագարդի հանքային աղբյուրների շնորհիվ։ 19-րդ դարում սկսեցին զարգանալ ծովային առողջարանները, օրինակ` Զասնիցը, իսկ ավելի ուշ` Բինցից մինչև Գյորեն հատվածը։ Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը կազմում էր «վերին միջին խավը»։

Բացի զբոսաշրջությունից` կղզում զարգացած են ձկնորսությունն ու գյուղատնտեսությունը։

Ռյուգենը ավտոմոբիլային ու երկաթուղային կապով կապված է Գերմանիայի մայրցամաքային մասին։ Շտրալզունդ քաղաքի մոտ կառուցվել է Ռյուգենի կամուրջը` Շտրելազունդկվերունգը, որ բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին։ Այն Գերմանիայի ամենաերկար ավտոմոբիլային կամուրջն է (4104 մ)։ Արտաքնապես նման է Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներին։ Միջին թռիչքի մեծ բարձրության շնորհիվ (42 մ)` նրա տակով հանգիստ անցնում են ամենախոշոր նավերը։

Կղզու արևելյան ծայրամասում` Զասնից քաղաքի մոտ, գտնվում է երկաթուղային-նավահանգստային «Մուկրան» (Mukran) խոշոր համալիրը, որ նախկինում համարվում էր ԳԴՀ-ի և ԽՍՀՄ-ի «ծովային դարպասը»։ Մուկրանը ծովային բեռնատար և մարդատար, երկաթուղային, ավտոմոբիլային գծերով կապված է Ռուսաստանի, Դանիայի, Լիտվայի, Շվեդիայի նավահանգիստներին։

Ռյուգենի առողջարաններԽմբագրել

 
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, «Ռյուգենի կավճե ժայռերը»

19-րդ դարի երկրորդ կեսին Ռյուգենում առողջավայրեր ձևավորվեցին։ Կղզու առավել հայտնի առողջարանը դարձավ ձկնորսական փոքրիկ գյուղը, որ 1870-1910 թվականների շրջանում զարգացավ` վերածվելով Բինց քաղաքի։ Այստեղ ճարտարապետ Օտտո Շպալդինգի նախագծով կառուցվեց առողջարան, որ անգլիական Բրայթոնի մթնոլորտն էր հիշեցնում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը այս կողմերում հանգստանալու էր գալիս տարեկան 10.000 մարդ։ Պատերազմից հետո` 1920-1930-ական թվականներին, Բինցում հավաքվում էր հասարակության սերուցքը։

Նացիզմի ժամանակաշրջանում պետական մակարդակով ստեղծվում է «Ուժ ուրախության միջոցով» կազմակերպությունը, որը առողջարանների, հանգստյան տների լայն ցանց է հիմնում. այն ներառում է նաև «Վիլհելմ Գուստլոֆ» և «Շտոյբեն» նավերը։ 1936-1939 թվականներին ափամերձ տարածքներում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։

Երկրորդ աշխարհամարտի պատճառով անավարտ մնացած նախագծերի թվում էր Պրորա բնակավայրի մոտ հսկա առողջարան-ֆաբրիկայի կառուցումը, որ Երրորդ Ռայխի ամենամասշտաբային ծրագիրն էր։

 
Առողջարան Բինցում

Նախագիծը ճարտարապետ Կլոտցի (Klotz) հավաստմամբ պետք է լիներ «աշխարհի ամենախոշոր ծովային առողջարանը»[4]։ Ծովափի երկայնքով 4.5 կմ ձգվածությամբ կառուցվել էին հինգհարկանի բետոնե շենքեր` զորանոցային տիպի։ Դրանք ունեին 2,5×5 մ չափերով սենյակներ։ Համալիրի կենտրոնում նախատեսված էր կառուցել զանգվածային միջոցառումների համար նախատեսված շինություն` 20.000 մարդ տարողունակությամբ։ Այս համալիրի մանրակերտը ներկայացվել է 1937 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում, ուր արժանացել է Գրան պրիի։

Գերմանիայի դեմոկրատական հանրապետության շրջանում Ռյուգենը սկզբում եղել է փակ տարածք, ուր ռազմակայաններ են տեղակայվել։ Այնուհետև այն դարձել է զբոսաշրջության ու հանգստի կենտրոն։ Գերմանիայի վերամիավորումից հետո սկսել են վերականգնել առողջարանների` 19-20-րդ դարերի սահմանագծի պատմական տեսքը, սակայն նրանց մասշտաբային բնույթի ընդունումը դեռևս անորոշ է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ганина Н. А. Остров Рюген: к основам взаимодействия культур и языков // Атлантика: Записки по исторической поэтике. — М.: Московский гуманитарный университет, 2011. — С. 18.
  2. Адам Бременский: Деяния архиепископов Гамбургской церкви. Книга IV. Описание северных островов.
  3. Herbordi Dialogue de Ottone episcopo Bambergensi, Bibhotheca rerum Germanicarum, ed Ph Jaffe, t 5, Berlin, 1869. (Глава 11 "De Verania insula et gente barbarissima ")
  4. 4,0 4,1 Bernd Wuelitzer Meklenburg-Vorpommern-DuMont Reiseverlag,Köln 2004. ISBN 3-7701-3849-X
  5. В. А. Залгаллер Быт войны

ԳրականությունԽմբագրել

  • Ганина Н. А. Граница в языковом и культурном пространстве Рюгена // Русская германистика: Ежегодник Российского союза германистов. — М.: Языки славянской культуры, 2009. — Т. 6. — С. 237—245.
  • Ганина Н. А. Остров Рюген: к основам взаимодействия культур и языков // Атлантика: Записки по исторической поэтике. — М.: Московский гуманитарный университет, 2011. — С. 3—33.
  • Херрман Й. Ободриты, лютичи, руяне // Славяне и скандинавы / Пер. с немецкого; общ. ред. Е. А. Мельниковой. — М.: Прогресс, 1986. — С. 338—359.

Արտաքին հղումներԽմբագրել