Ռաֆայել Ջավախյան

հայ նկարիչ, քանդակագործ

Ռաֆայել Ռուբենի Ջավախյան (հունիսի 22, 1957, Ալավերդի, ՀՍՍՀ), հայ նկարիչ, քանդակագործ, արձակագիր Լևոն Ջավախյանի եղբայրը։ 2007 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1986 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենն է[1][2]։

Ռաֆայել Ջավախյան
Ծնվել էհունիսի 22, 1957(1957-06-22) (66 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Rafayel Javakhyan Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ռաֆայել Ջավախյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Ալավերդի քաղաքում։

1981 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 1981-1986 թվականներին աշխատել է Ալավերդու դպրոցներում՝ որպես նկարչության և գծագրության ուսուցիչ։ 1988 թվականի Արցախյան շարժման մասնակիցներից է, ազատամարտիկ։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Մինաս Ավետիսյանի շուրջ 40 կտավ փրկել և երեք տարի պահպանել է Ալավերդու պատկերասրահում[3][4]։

1986 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենն է։

Անձնական կյանք խմբագրել

Ռաֆայել Ջավախյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռաֆայել Ջավախյանը համարում է, որ լոռեցի նկարիչները ստեղծագործական ներշնչանքի բազմաթիվ աղբյուրներ ունեն՝ գեղատեսիլ բնություն, պատմական հուշարձանների առատություն, Թումանյանի բանաստեղծական ներաշխարհով շնչող միջավայր։ Նրա ստեղծագործությունները ևս կրում են այդ ազդեցությունը[5]։ Լոռվա բնաշխարհի մասին նկարիչն ասում է[2]

  Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես, քանի որ Լոռին ուրիշ աշխարհ է, որը ինչքան էլ նկարում եմ, լիովին չի բացահայտվում ու հենց դրա համար էլ չի հոգնեցնում։  

Իր աշխատանքների առանձնահատկություններից է համարում արագությունը՝ նշելով, որ նկարիչը չպիտի սահմանափակվի օրական 5-6 ճեպանկարով։ Իսկ երիտասարդ տարիքում օրական այնքան ճեպանկար էր անում, որ կորցնում էր հաշիվը։

Ջավախյանը հավասարապես զբաղվում է գեղանկարչությամբ և քանդակագործությամբ։ Այդ մասին նշում է[2]

  Ինքս մի ձեռքով քանդակում եմ, մի ձեռքով՝ նկարում։  

Արվեստագետի գեղանկարները և քանդակները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում՝ մասնավոր հավաքածուներում։ Իրականացրել է բազմաթիվ գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ[6], հեղինակ է մի շարք հուշատախտակների[7]։

Ունի մոնումենտալ երեք քանդակ Ալավերդիում («Քաջ Նազար», «Հառաչանք»[8], «Ծնունդ»[5]), խաչքարեր, որոնց մի մասն արտերկրում է՝ Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ավստրիայում։

Հեղինակել է Հաղպատի և Ախթալայի վանքերի մուտքի դռները և Ախթալայի վանքի օծման ավազանը։

Նրա ստեղծագործական գործունեությանը պարբերաբար անդրադարձել են «Անկյուն+3», «Ֆորտունա» հեռուստաընկերությունները, «Միր» հեռուստառադիոընկերությունը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Լոռի» թերթը, մարզային մամուլը, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը, «Собеседник» և «Արվեստ» թերթերը[5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ջավախյանը պարբերաբար մասնակցում է ցուցահանդեսների Հայաստանի, Արցախի և այլ երկրների տարբեր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Ստեփանավան, Գորիս, Երևան, Մոսկվա, Դոնի Ռոստով, Թբիլիսի)[9]։

2015 թվականին մասնակցել է իտալացի արվեստաբան Լուչիանո Բենետտոնի կողմից կազմակերպված Իմագո Մունդի շրջիկ ցուցահանդեսին ողջ աշխարհում[10]։

2021 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Հոգուս գույներով» խորագիրը[11]։

Պարգևներ խմբագրել

Ռաֆայել Ջավախյանն արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի, Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի կողմից[12]։

2012 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից պարգևատրվել է Արծաթե հուշամեդալով։

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «Լոռու մարզի տարվա լավագույն քանդակագործ» փառատոնում հաղթող ճանաչվելու համար։

2016 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով մշակույթի ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար։

Ազգային ֆոնդ խմբագրել

2022 թվականի դեկտեմբերին Ռաֆայել Ջավախյանի «Ալավերդի» (2022, կտավ, յուղաներկ, 110*65) և «Կեսօր» (2022, կտավ, յուղաներկ, 90*65) կտավները փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ որպես ազգային ֆոնդ։

Պատկերասրահ խմբագրել

Նկարներ խմբագրել

Քանդակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես». www.aravot.am. Հեղինե Մխիթարյան. Վերցված է 24.12.2022-ին.
  3. ՄԱՄՈՒԼ․ամ. «Մինաս Ավետիսյանի 40-ից ավելի գործեր փրկել է Ռաֆայել Ջավախյանը». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  4. KENTRON.am (2018 թ․ հուլիսի 14). «Մինաս Ավետիսյանի 40-ից ավելի գործեր փրկել է Ռաֆայել Ջավախյանը». KENTRON.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Ռաֆայել Ջավախյան». «Զրուցակից» թերթ, #37 (108). 16 հոկտեմբերի, 2009.
  6. ««ԻՆՁ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ «ԿՈՍՏՅՈՒՄԸ» ՊԵՏՔ ՉԷ». ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ». usanoghakantert. 2018 թ․ ապրիլի 5. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  7. «Ռաֆայել Ջավախյան». «Թումանյանական աշխարհ» շաբաթաթերթ. 31 դեկտեմբերի, 2016, համար 17 (282).
  8. ««Հառաչանքի» ծերունու արձանը և այլ թումանյանական արձաններ գրողի ծննդավայրում (լուսանկար)». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  9. «Ռաֆայել Ջավախյան». «Թումանյանական աշխարհ» շաբաթաթերթ. 13 մայիսի, 2008, համար 15 (99).
  10. Imago Mundi (2015). Armenia: Never-Never Land. Contemporary Artists from Armenia. Fabrica (Treviso). էջեր 154–155.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. ««Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը». VNews. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  12. «Պարգևատրվեցին տոնի առթիվ - Լոռու մարզպետարան». lori.mtad.am. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • «Թումանյանական աշխարհ» շաբաթաթերթ, 14 մարտի, 2014, համար 4 (233)
  • «9-րդ հրաշալիք», նոյեմբերի 15-24, 2014, №31 (666)

Արտաքին հղումներ խմբագրել