Ջալլադ (Երվանդ Բաբերյան)
Ջալլադ (Երվանդ Բաբերյան), Հայ ազատագրական շարժման գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։
Ջալլադ | |
---|---|
Ծննդավայր | Գյումրի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն |
Մասնագիտություն | հեղափոխական գործիչ |
Գործունեություն | 1880-ական թվականներից 1903 թվական |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն |
Կենսագրություն
խմբագրելԾննդյան և մահվան թվականներն անհայտ են։ Հայ ազատագրական շարժման գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Ջալլադը (Երվանդ Բաբերյան) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ 1880–ական թվականների վերջին միացել է Թիֆլիսի շրջանում իր գործունեությունը ծավալած ղաչաղ դաղեթցի Աբրահամի ավազակախմբին։ Բայց, Ջալլադի «ավազակություն»–ը երկար չի տևել։ 1890 թվականին Ջալլադը, բաժանվելով իր ընկերներից, անցել է Կարս, ուր միացել է Հովսեփ Արղությանի (Իշխան) ղեկավարած «ուխտավորներ»–ի խմբին և նրանց հետ անցել Արևմտյան Հայաստան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել արևմտահայության վիճակն ու այդ մասին տեղեկություններ տալ Թիֆլիսում գործող «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությանը։ Այս նպատակով «ուխտավորներ»–ի խումբը հանդիպումներ է ունեցել Տարոնի հայդուկապետ Արաբոյի (Առաքել) և Մշո սուրբ Կարապետ վանքի վանահայր, Տարոնի հոգևոր առաջնորդ Ներսես վարդապետ Խարախանյանի հետ։ Արևմտյան Հայաստանից վերադառնալուց հետո 1890 թվականի սեպտեմբերին Ջալլադն ընդգրկվել է ուսանող Սարգիս Կուկունյանի (Ավետիսյան) գլխավորած արշավախմբում։ Արշավախմբի ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Այնուհետև, միանալով Գալուստ Ալոյանին (Դավրիշ, Մնձուրի առյուծ) և Տիգրան Ստեփանյանին, Ջալլադը նույն թվականի վերջին անցել է Պարսկաստան։ 1891 թվականին նա անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նույն թվականի մարտին Սալմաստից անցնելով Վան՝ Ջալլադը ՀՅԴ ականավոր գործիչ Պետոյի (Ալեքսանդր Պետրոսյան) հետ հայ հեղափոխականների համար կազմակերպել է սուրհանդակային կայաններ և վերադարձել Պարսկաստան։ Շուտով Ջալլադը տիրացուի պաշտոնով հաստատվում է Դերիկի վանքում՝ միաժամանակ շարունակելով իր հեղափոխական գործունեությունը։ Դերիկի վանքում Ջալլադը ծանոթացել և մտերմություն է հաստատել Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) հետ, որն այդ շրջանում վանքի մշտական բնակիչներից էր։ 1893 թվականի վերջին Ջալլադը ՀՅԴ ականավոր գործիչներ Ղարա–Մելիքի (Բարսեղ Մելիք–Գրիգորյան) և Քեռու (Արշակ Գավաֆյան) հետ անցել է Էրզրում (Կարին)։ 1893–1896 թթ. գործելով Էրզրումում՝ միաժամանակ հարաբերություններ է ունեցել նաև հայդուկապետ Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) և իր խմբի մարտիկների հետ։ 1896 թվականի սկզբին Ջալլադն անցել է Կարս։ 1896 թվականի դեկտեմբերին ձախողել է իր գլխավորած ՀՅԴ 20 հոգուց բաղկացած ձիավոր խմբի սահմանանցումը Արևմտյան Հայաստան, որի համար ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1898 թվականի հունվարից վտարվել է ՀՅԴ շարքերից։ Այս որոշումը հետագայում վերանայվել է 1904 թ. կայացած ՀՅԴ 3–րդ ընդհանուր ժողովում, ուր որոշվել է հանձնարարել ՀՅԴ Բաքվի «Ոսկանապատ» կենտրոնական կոմիտեին վերաքննել Ջալլադի գործը։ 1903 թվականին Ջալլադը Բաքվում ղեկավար դերակատարություն է ունեցել հայ եկեղեցական գույքի բռնագրավման վերաբերյալ ցար Նիկոլայ 2–րդի 1903 թ. հունիսի 12–ին հրապարակած հրամանագրի կենսագործման դեմ հայության մղած պայքարում։ Ջալլադը մահացել է թշվառության մեջ՝ գրեթե ամենքից լքված վիճակում։
Գրականություն
խմբագրել- Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 1, էջ 136–141, թիւ 12, էջ 129–136:
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 1, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1934, 395 էջ։
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 2, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1938, 464 էջ։
- Հ. Յ. Դաշնակցութեան դիւանէն Սեւ–քարեցի Սաքօի ինքնակենսագրութիւնը, «Դրօշակ», օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 12, էջ 274–279, 1930, թիւ 1, էջ 16–20, թիւ 3, էջ 81–88:
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեանի, Բ. հատ., բ. տպ., Պէյրութ, 1985, 395 էջ։
- Ջալլադի դատապարտութիւնը, «Հայրենիք» ամսագիր, 1940, թիւ 4, էջ 175–176:
- Սեւ–քարեցի Սաքոյի ինքնակենսագրականը, Պէյրութ, 1994, 194 էջ։
- Սեւեան Ռուբէն, Հ. Յ. Դաշնակցութեան առաջին գործիչներն ու հերոսները, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 11, էջ 140–141:
- Սիմոն Զաւարեան (մահուան եօթանասունամեակին առթիւ), խմբ. Հր. Տասնապետեանի, Բ. հատ., Պէյրութ, 1992, 612 էջ։