Ջալալ Տեր-Գրիգորյան

հայ լրագրող, թարգմանիչ

Ջալալ Տեր-Գրիգորյան (ապրիլի 21, 1866(1866-04-21), Մաղավուզ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1940(1940-08-31), Մաղավուզ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1931, լուսավորության բնագավառում բեղմնավոր ու անբասիր աշխատանքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Ջալալ Տեր-Գրիգորյան
Ծնվել էապրիլի 21, 1866(1866-04-21)
ԾննդավայրՄաղավուզ, (Արցախ)
Վախճանվել էօգոստոսի 31, 1940(1940-08-31) (74 տարեկան)
Վախճանի վայրՄաղավուզ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և լրագրող

Կրել է Սալլյումյան գրական կեղծանունը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մաղավուզ գյուղում։ 1882 թվականին ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարան, 1887 թվականին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտը։ Հետո զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Երկար տարիներ ռուսաց լեզու է դասավանդել Ախալքալաքի դպրոցում։ Մի քանի տարի ուսուցչություն է արել նաև Ստավրոպոլում։ Աշխատակցել է «Աղբյուր», «Տարազ», «Մշակ», «Մուրճ» և այլ պարբերականների, գործուն մասնակցություն ցուցաբերել հայ գրական-հասարակական կյանքին։ Մտերմական կապեր է ունեցել Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Մասնակցել է Վերնատան, Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության աշխատանքներին։ 1922-ին փոխադրվել է Հայաստան։ Մանկավարժական աշխատանքը շարունակել է Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) և Դիլիջանում, եղել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումի վարիչը։

Թարգմանել է Մաքսիմ Գորկու Մրրկահավի երգը, Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Շեքսպիրի «Անտունի սանձահարումը»։ Թարգմանել է նաև Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» պիեսը, որը տասնյակ տարիներ բեմադրվել է հայկական թատրոններում։ Գրել է «Պեստալոցցի» մենագրությունը՝ նվիրված մեծ մանկավարժի կյանքին ու գործունեությանը։

Մահացել է 1940 թվականին, հայրենի Մաղավուզ գյուղում[1]։

Կատարած թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  • Ավենարիուս, Ինչ է ասում սենյակը (մանկական զրույց), Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1900, 27 էջ։
  • Ն. Ա. Սոլովև-Նեսմելով, Լև Տոլստոյ, կենսագրական ակնարկ, ամփոփեց Ջալալ Տեր-Գրիգորյանը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1910։
  • Լև Տոլստոյ, Աստված ճշմարտությունը տեսնում է, բայց շուտ չի հայտնում, Թիֆլիս, տպարան «Էսպերենտո», 1910, 8 էջ։
  • Պշիբըշևսկի, Ձյուն (դրամա), Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 62 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 551.

Արտաքին հղումներ խմբագրել