Պեսցենիոս Նիգեր (լատին․՝ Gaius Pescennius Niger Augustus[1], մոտ 135, Ակվինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա - 194, Անտիոք, Հռոմեական կայսրություն), Հռոմեական կայսրության ինքնակոչ կայսր 193-194 թվականների՝ Հինգ կայսրերի տարվա ընթացքում։ Նա կայսերական իշխանություն է հռչակել Պերտինաքսի սպանությունից և Դիդիոս Հուլիանոսի գահ բարձրանալուց հետո, սակայն շուտով հաղթվել և սպանվել է իր քաղաքական հակառակորդի՝ Սեպտիմիոս Սևերոսի կողմից, երբ փորձում էր փախուստի դիմել Անտիոքից։

Պեսցենիոս Նիգեր
Gaius Pescennius Niger Augustus
Հռոմեական կայսրության ուզուրպատոր
Նիգերի մետաղադրամներից
Իշխանություն193 թվականի ապրիլի 9 - 194 թվականի մայիս
Լրիվ անունԳայոս Պեսցենիոս Նիգեր Ավգուստոս
Զինվորական կոչումԴուքս
Ծնվել է՝135/40 թվական
ԾննդավայրԱկվինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Մահացել է՝194 թվական (53-59 տարեկան)
Վախճանի վայրԱնտիոք, Հռոմեական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհռոմեացի
Հարստությունչունի
ՆախորդԴիդիոս Հուլիանոս
ՀաջորդողՍեպտիմիոս Սևերոս
քաղաքական գործիչ
ՀայրԱնիոս Ֆուսքոս
ՄայրԼամպրիդիա
Երեխաներանհայտ
Հավատքհեթանոսություն

Վաղ գործունեություն խմբագրել

 
Նիգերի հատած դրամներից

Չնայած Նիգերը ծնվել է ձիավորի հին իտալական ընտանիքում մոտ 135 թվականին[2]՝ նա իր ընտանիքի առաջին անդամն էր, որը հասել է հռոմեական սենատորի պաշտոնին[3]։ Իր վաղ տարիների գործունեության վերաբերյալ քիչ բան է հայտնի․ հնարավոր է, որ նա Եգիպտոսում զբաղեցրել է ղեկավար պաշտոն և Կոմմոդոսի կառավարման սկզբնական շրջանում մասնակցել է Դակիայի դեմ արշավանքին[4]։ 180-ական թվականների վերջին Նիգերը ընտրվել է կոնսուլ, ինչից հետո՝ 191 թվականին, Կոմմոդոսը նրան նշանակել է Սիրիայի կառավարիչ[5]։

Կոմմոդոսի սպանությունից հետո նա դեռևս շարունակում էր կառավարել Սիրիան, երբ լուրեր են հասել Պերտինաքսի սպանության մասին, ինչին հաջորդել է կայսերական գահի փաստացի գնումը Դիդիոս Հուլիանոսի կողմից[6]։ Նիգերը Հռոմում քաղաքական հարգված գործիչ էր[4], ինչի արդյունքում Դիդիոսի դեմ տեղի ունեցող քաղաքացիական ցույցերից ժամանակ քաղաքացիները Նիգերին կոչ արեցին գալ Հռոմ և ստանձնել կայսրի կոչումը[7]։ Այս ամենը հետևանք հանդիսացավ այն բանի, որ Հուլիանոսը իր ցենտուրիոններից մեկին ուղարկեց Արևելք՝ Անտիոքում Նիգերին սպանելու[8]։

Հռոմում տեղի ունեցած ցույցերի արդյունքում Նիգերը 193 թվականի ապրիլին[9], հիմնվելով արևելյան լեգեոնների վրա, իրեն հռչակել է կայսր։ Հռչակվելով կայսր՝ Նիգերը իր համար ընտրել է «Justus» մականունը[4]։ Չնայած հետագայում Սևերոսը հայտարարել է, որ Նիգերն առաջինն է ապստամբել ընդդեմ Դիդիոս Հուլիանոսի[8]՝ Սևերոսը ապրիլի 9-ին նույնպես հռչակել է իրեն Հռոմեական կայսրության կայսր[3]։ Նիգերը պատվիրակություն է ուղարկել Հռոմ, որպեսզի հայտարարի իր՝ կայսերական գահի հանդեպ հայտարարված իշխանության մասին, սկայան այդ պատվիրակությունը բռնվում է Սևերոսի կողմից[4]։ Մինչ Նիգերը արևելյան պրովինցիաներում ուժեր էր հավաքագրում, Սևերոսը ուղղվում է դեպի Հռոմ և 193 թվականի հունիսի սկզբին՝ Հուլիանոսի սպանությունից հետո, մուտք գործում այնտեղ[10]։

Հակամարտություն ընդդեմ Սեպտիմիոսի խմբագրել

Սևերոսը, ժամանակ չկորցնելով, ամրապնդեց իր իշխանությունը Հռոմում և հրամայեց Գայոս Ֆուլվիոս Պլավտիանոսին գերի վերցնել Նիգերի երեխաներին և նրանց պահել որպես պատանդներ[11]։ Նույն ժամանակ Նիգերը աշխատանքներ էր տանում ասիական բոլոր պրովինցիաների, ինչպես նաև Ասիայի պրոկոնսուլի՝ Ասելիոս Աեմիլիանոսի աջակցությունը ստանալու համար․ վերջինս Նիգերի անունից գրավել էր Բյուզանդիոնը[12]։ Այնուհետ Նիգերը փորձել է իր իշխանությունը պահպանել Եգիպտոսի վրա, մինչ Սևերոսը իր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի ցորենի մատակարարումը այնտեղից։ Նա հրամայել է իրեն հավատարիմ զորքերին վերահսկողություն սահամանել Եգիպտոսի արևմտյան սահմանի վրա և թույլ չտալ այնտեղ տեղակայված II Անվախ Տրայանոսյան լեգեոննին օգնություն ցուցաբերել Նիգերին։

Չնայած այս տարածքները ունեին մեծ հարստություն՝ Նիգերի զորքերը իրենց մարտունակությամբ և որակով զիջում էին Սևերոսի զորքերին։ Սևերոսը իր տրամադրության տակ ուներ 16 դանուբյան լեգեոններ, մինչ Նիգերը ուներ ընդամենը 6 լեգեոն, որոնցից 3-ը տեղակայված էին Սիրիայում, 2-ը՝ Արաբական թերակղզում, 1-ը՝ Մելիտինեում[11]։ Այդ ժամանակ Նիգերը սկսում է ագրեսիվ գործել և զորքեր է ուղարկում Թրակիա, որոնք Պերինթոսի մոտ պարտության են մատնում Սևերոսի՝ Լուցիոս Ֆաբիոս Ցիլոյի կողմից գլխավորվող զորքերի մի մասին[13]։

Այս ամենից հետո Սևերոսը Հռոմից ուղղվում է դեպի Արևելք՝ իր զորավարներից մեկին՝ Կլաուդիոս Կանդիդոսին, իրենից շուտ ուղարկելով այնտեղ[14]։ Նիգերը իր իշխանության կենտրոնը դարձնում է Բյուզանդիոնը և Ասելիոս Աեմիլիանոսին հրամայում պաշտպանել Մարմարա ծովի հարավային ծովափը[14]։ Երբ Սևերոսը մոտենում է Նիգերին, առաջարկում է վերջինիս ինքնակամ հանձնվել և աքսորվել, բայց Նիգերը հրաժարվում է՝ հույսը դնելով ռազմական բախման արդյունքի վրա[4]։ 193 թվականի աշնանը Կանդիդոսը Կիզիկոսի ճակատամարտում պարտության է մատնում Նիգերի զորքերին, որոնք ղեկվարվում էին Աեմիլիանոսի կողմից․ վերջինս էլ զոհվում է ճակատամարտի ժամանակ[15]։ Շուտով պաշարվում է նաև Բյուզանդիոնը, ինչից հետո Նիգերը թողնում է քաղաքը և նահանջում դեպի Նիկեա[14], սակայն Բյուզանդիոնը հավատարիմ է մնում Նիգերին, ինչի արդյունքում Սևերոսը մինչև 195 թվականի ավարտ չէր կարողանում գրավել այն[16]։

 
Սեպտիմիոս Սևերոսի կիսանդրին Մյունխենում

Մեկ այլ ճակատամարտ տեղի է ունենում 193 թվականին Նիկեայում, որտեղ Նիգերը նորից պարտություն է կրում։ Այնուամենայնիվ, նա կարողանում է իր զորքերի հետ միասին նահանջել դեպի Տավրոսի լեռներ, որտեղ մի քանի ամիսներ շարունակ զորքերը պաշտպանում էին Կիլիկիայի դարպասները, իսկ Նիգերը վերադառնում է Անտիոք[17]։ Նիգերի համար այդժամ խնդիրներ են առաջանում, քանի որ իրեն ուղղված աջակցությունն Ասիայում նվազում էր։ Նախկինում Նիգերին հավատարիմ եղած քաղաքները՝ մասնավորապես Տյուրոսը և Լաոդիկեան, որոշում են փոխել սեփական դիրքորոշումը[16]։ Շուտով՝ 194 թվականի փետրվարի 13-ին Եգիպտոսը հայտարարեց Սևերոսին աջակցելու մասին։ Շուտով նույնը տեղին ունեցավ նաև Արաբիայի պարագայում, ինչն էլ սկսեց նվազեցնել Նիգերի շանսերը[18]։

Այն բանից հետո, երբ Սևերոսը Կլաուդիոս Կանդիդոսւբ փոխարինեց մեկ այլ հրամանատարով՝ Պուբլիոս Կոռնելիոս Անուլինոսով, 194 թվականի մայիսին տեղի է ունենում Անուլինոսի և Նիգերի ճակատամարտը Իսոսի մոտ, որի երկար և բարդ ընթացքից հետո Պեսցենիոս Նիգերը վճռական պարտություն կրեց[19]։ Նա ստիպված փախչում է Անտիոք, սակայն շուտով ձերբակալվում է, երբ փորձում էր փախուստի դիմել Պարթևստան[20]։ Շուտով Նիգերը գլխատվում է, իսկ նրա գլուխը տարվում է Բյուզանդիոն, սակայն քաղաքը հրաժարվում է անձնատուր լինել։ Սևերոսը գրահով վերցնում է քաղաքը, ապա հիմնահատակ ավերում, սակայն հետագայում վերանորոգում է այն[16]։ Նիգերի գլուխը տարվում է նաև Հռոմ, որտեղ ցուցադրվում է[13]։

Արևելքում հաղթանակ տանելու հետո Սևերոսը պատժում է Նիգերի բոլոր աջակիցներին[21]։ Նա մահապատժի է ենթարկում նաև Նիգերի կնոջը և երեխաներին, ապա առգրավում նրանց կալվածքները[22]։

Անուն խմբագրել

«Նիգեր» անունը նշանակում է «սև», որով նա հակադրվում էր գահի համար մղվող պայքարում իր հակառակորդին՝ Կլոդիոս Ալբինոսին, որի անունը նշանակում է «սպիտակ»[23]։ Ըստ «Historia Augusta»-ի՝ նրան Նիգեր մականունն են տվել նրա սև վզի պատճառով[24]։

Մշակույթում խմբագրել

«Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմում Նիգերի դերակատարն է Դուգլաս Ուիլմերը, որտեղ Նիգերը ներկայացվում է որպես Կոմմոդոսի խառնակիչ կողմնակից։ Ֆիլմի ավարտին Նիգերը, Դիդիոս Հուլիանոսը և Կոմմոդոսի մեկ այլ մտերիմ աճուրդի ժամանակ մրցակցում են Հռոմի գահի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. In Classical Latin, Niger's name would be inscribed as GAIVS PESCENNIVS NIGER AVGVSTVS.
  2. Potter, pg. 101; Meckler, Pescennius Niger, Cassius Dio, 75:6:1
  3. 3,0 3,1 Potter, pg. 101
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Meckler, Pescennius Niger
  5. Meckler, Pescennius Niger; Southern, pg. 28
  6. Bowman, pg. 2; Meckler, Pescennius Niger
  7. Meckler, Pescennius Niger; Potter, pg. 101; Bowman, pg. 2
  8. 8,0 8,1 Potter, pg. 99
  9. Southern, pg. 28; Bowman, pg. 2
  10. Bowman, pg. 4; Meckler, Pescennius Niger
  11. 11,0 11,1 Potter, pg. 103
  12. Southern, pg. 32; Meckler, Pescennius Niger
  13. 13,0 13,1 Potter, pg. 104
  14. 14,0 14,1 14,2 Bowman, pg. 4
  15. Bowman, pg. 4; Potter, pg. 104; Southern, pg. 33
  16. 16,0 16,1 16,2 Southern, pg. 33
  17. Meckler, Pescennius Niger; Bowman, pg. 4; Potter, pg. 104
  18. Bowman, pg. 4; Potter, pg. 104
  19. Southern, pg. 33; Potter, pg. 104; Bowman, pg. 4
  20. Meckler, Pescennius Niger; Southern, pg. 33
  21. Potter, pg. 106
  22. Historia Augusta, Life of Pescennius Niger, 6:1
  23. Southern, pg. 28
  24. Historian Augusta, Life of Pescennius Niger, 6:6

Աղբյուրներ խմբագրել

Առաջնային աղբյուրներ խմբագրել

Երկրորդային աղբյուրներ խմբագրել

  • Southern, Pat. The Roman Empire from Severus to Constantine, Routledge, 2001
  • Potter, David Stone, The Roman Empire at Bay, AD 180-395, Routledge, 2004
  • Bowman, Alan K., The Cambridge Ancient History: The Crisis of Empire, A.D. 193-337, Cambridge University Press, 2005
  • http://www.roman-emperors.org/pniger.htm Meckler, Michael L, "Pescennius Niger (193-194 A.D.)", De Imperatoribus Romanis (1998)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Herbermann, Charles, ed. (1913). «Pescennius Niger» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  • Պեսցենիոս Նիգերը Livius.org կայքում Արխիվացված 2014-11-23 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեսցենիոս Նիգեր» հոդվածին։