Թբիլիսիի հայոց վանք

(Վերահղված է Պաշավանքից)

Թբիլիսիի հայոց վանք[2] (նաև՝ Հարանց վանք, Պաշավանք), հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տափիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին[1][3]։ Հիմնադրվել է 931 թվականին։ Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը[1]։ 1914 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին[3][4][5][6]։

Թբիլիսիի հայոց վանք
վրաց.՝ ვანქის ტაძარი
Հայոց վանքի գլխավոր եկեղեցին, 19-րդ դար
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹբիլիսի Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերըմոտ 1720
Ներկա վիճակՈչնչացված
ԱռաջնորդԿիրակոս Վարդապես Դավթյան
ՀիմնադիրԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական տիպԵռանավ բազիլիկա
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ931 թ.
Հիմնադրված14-րդ դար (ըստ ավանդույթի՝ 4-րդ դար)
Փակված է1938
Գմբեթ3
ՇինանյութԲարձրորակ աղյուս[1]
Քարտեզ
Քարտեզ
 Armenian monastery of Tbilisi Վիքիպահեստում
armenianchurch.ge

Պատմություն խմբագրել

Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից[1][5]։

 
Հայոց վանքը (գետի ափին) 20-րդ դարի սկզբին (Հին Թիֆլիսի համայնապատկեր)

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով։ Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր։ Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթանյանը։ Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք։ Նմանեցվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին[5][6][7]։

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների։ Մասնավորապես, 1480 թվականին կատարվել է բավականին մեծամասշտաբ վերանորոգում։ Այդ է պատճառը, որ վանական համալիրի կառուցումը վերագրվում է հենց այդ ժամանակաշրջանին։ Վերանորոգումը կատարվել է Ավսարքիսյանի, Բաստամյանի, Նազարբեկյանի, Օզաանյանի և վրաց իշխան Սոլաղովի նվիրատվություններով[7]։ 18-րդ դարում մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Համադանցի օրոք։ 19-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ կառուցվել է համալիրի դարպասը, թանգարանը, առաջնորդարանը, որի մասին զանգակատան պատին թողնված է եղել համապատասխան արձանագրությունը[5][6]։

1882 թվականին վանքը լիովին վերանորոգումների կարիք ուներ։ Սակայն այս անգամ նրա 400-ամյա հոբելյանի առիթով հրապարակվում է ոչ թե նորոգելու, այլ հին եկեղեցին հիմնովին վերակառուցելու մասին[8]։ 1884 թվականի մարտի 4-ին Վանքի վերակառուցման հարցերը քննարկելու նպատակով հրավիրվում է ժողով, որին մասնակցեցին Հովհաննես Չիթախյանը, Ալեքսանդր Մանթաշյանը, Իսահակ Ծովիանյանը, Հարություն Շամխարյանը, Գաբրիել Սունդուկյանը և Ալեքսանդր Սունդուկյանը[9]։ Վերակառուցումը ավարտվում է 1901 թվականին և վերաօծվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանի կողմից[5][6][10]։

Թանգարանը կառուցվել է 1893 թվականին Միքայել Թամամշյանի նախաձեռնությամբ և բարեգործ Ավետիս Ղուկասյանի ֆինանսավորմամբ՝ անվանվելով Ղուկասյան։ 1902 թվականի փետրվարի 21-ին Վարդանանց տոնի առիթով և Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսի ձեռամբ հանդիսավոր պայմաններում կատարվել է թանգարանի բացման արարողությունը[5][6]։

Վանական համալիրի ղեկավարման ներքո էին գտնվում նաև Թիֆլիսի մի շարք շինություններ։ Հայտնի է, որ 1816 թվականին վանքին էին պատկանում քաղաքի թվով 23 բնակելի շենքեր[5]։

Ճարտարապետություն խմբագրել

Վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ նմուշ է։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր բազիլիկ էր՝ կազմված 3 նավից և երեք գմբեթից, որոնք տեղակայված էին իրար կողքի։ Բոլոր երեք նավերը ավարտվում էին արևելյան կողմում։ Ունեցել է երեք խորան, որոնցից կենտրոնականը նվիրված էր Սուրբ Աստվածածնին, հյուսիսայինը՝ Քրիստոսի առաքյալներին, հարավայինը՝ Գրիգոր Լուսավորչին։ Շինարարության ժամանակ օգտագործվել է բարձրորակ աղյուս[1][6]։

Ոչնչացում խմբագրել

1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը։ Վրացական ԽՍՀ ներքին գործերի աշխատակիցները, պետական լծակները գործի դնելով, սպառնալիքների և ճնշման միջոցով հավաքագրում են Վանքի թաղամասի (Տափիթաղի) հայ բնակչության մի քանի ստորագրություններ[11], որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային իշխանությունը որոշում է քանդել հայկական վանական համալիրը։ Այդ որոշման մասին գրվեց «Խորհրդային Վրաստան» թերթում, որտեղ ասվում էր, թե իբր «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը։ Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[12]։ 1938 թվականին հազարամյա հայկական վանական համալիրը ոչնչացվում է։ Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն։ Քանդման ժամանակ թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը։ Վանքի բակում գտնվող հայազգի ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական գործիչների գերեզմանները նույնպես թալանվում և ոչնչացվում են[11]։ Ոչնչացվում են Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանի, Լորիս-Մելիքովի գերեզմանները։ Նրանց աճյունների մնացորդները թալանված և պղծված վիճակում տեղափոխվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Լորիս Մելիքովի գերեզմանի ոչնչացման ժամանակ բացում են նրա հրեշտակներով զարդարված ցինկից պատրաստված դագաղը, գողանում բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում՝ նրա դաշույնն ու մեդալները։ Ականատեսների պատմելով՝ վանքի բակում թաղված հայ ականավոր թատերագիր և տոհմիկ թիֆլիսցի Գաբրիել Սունդուկյանի աճյունը թալանվելուց հետո քաղաքի հայ բնակչության շնորհիվ տեղափոխվում է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատուն։ Տեղափոխելուց առաջ դիակն արդեն վնասվել էր. գողացել էին նույնիսկ Սունդուկյանի հագի հայտնի ճտքակոշիկները[5][6][13]։

Վանքի ոչնչացումից հետո տեղում կառուցվեց այսօր գործող թիվ 104 դպրոցը[5]։ Ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որը գտնվում է դպրոցի բակում՝ շրջապատված քարե և երկաթյա պատնեշով։ Հարակից շինություններում նկատելի են վանքի կառույցների որոշ հատվածներ[6]։

Վանքի բակի թաղումներ խմբագրել

 
Գեներալ Միքայել Լոռու Մելիքյանի գերեզմանը մինչև ոչնչացումը

Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով, որը գտնվում է վանական համալիրի բակում։ Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից։ Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հասարակական, մշակութային, պետական, քաղաքական, հոգևոր ոլորտի բազմաթիվ ականավոր հայերի աճյունները, այդ թվում[4][5][6]՝

  • Տ. Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան (1812-1880 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Խորեն եպիսկոպոս Ստեփանյան (1840-1900 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Եսայի արքեպիսկոպոս Աստվածատուրյան - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյան (1852-1910 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • գեներալ Միքայել Լոռիս Մելիքյան (1824-1888 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ
  • Բահբութ Շելկովնիկյանց (1837-1878 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ,
  • Ալեքսանդր Մատինյանց (1843-1909 22.) - Թբիլիսիի քաղաքապետ
  • Պողոս Իզմայիլյան (1852-1895 թթ.) - Թբիլիսիի քաղաքապետ
  • Դավիթ Ղորղանյանց (1831-1900 թթ.) - պետական խորհրդական
  • Գաբրիել Սունդուկյան (1825-1912 թթ.) - դրամատուրգ, աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Պանթեոն
  • Աբգար Հովհաննիսյան (1849-1904 թթ.) - «Արձագանք» պարբերականի գլխավոր խմբագիր
  • Պետրոս Սիմոնյան (1830-1911 թթ.) - «Մեղու Հայաստանի» պարբերականի գլխավոր խմբագիր
  • Ալեքսանդր Մանթաշյան (1849-1911 թթ) - բարերար, խոշոր գործարար, հուշաքարը տեղակայված է Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում
  • Հովսեփ Էյֆենդյանց (1806-1862 թթ.)
  • Հովհաննես Դավթի Լազարյան, ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Главный армянский храм старого Тифлиса был попросту стерт с лица земли. Արխիվացված 2013-11-14 Wayback Machine(ռուս.)
  2. «ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ». armenianchurch.ge. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 Տիերի, Ժան-Միշել (1989). Հայկական մշակույթ . Նյու Յորք: Harry N. Abrams. . էջ 586. ISBN 0-8109-0625-2.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ванкский собор (Аранц Ванк, Паша Ванк).
  7. 7,0 7,1 Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178։
  8. «Արձագանք», 1882, N 10:
  9. «Արձագանք», 1884, N 10, էջ 142։
  10. «Մասիս», 1901, N 52, (29 դեկտ.), էջ 832։
  11. 11,0 11,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն։
  12. «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր)։
  13. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն։