Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան

հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ

Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան(ց) (1852, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1895(1895-03-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, փոխքաղաքագլուխ, հրատարակիչ, խմբագիր[1]։

Պողոս Ալեքսանդրյան
Իզմայիլյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
Նոյեմբերի 7 1893 - մարտի 5 1895
Նախորդող Նիկողայոս Արղության - Երկայնաբազուկ
Հաջորդող Գևորգ Գրիգորյան Եվանգուլյան
 
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և պետական գործիչ
Գործունեություն՝ Հասարակական
Քաղաքական
Պետական
Հրապարակախոսական
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1852
Ծննդավայր Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն կամ Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 5, 1895(1895-03-05)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Թաղված Թիֆլիս
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Պողոս Իզմայիլյանի ծննդվայրը ստույգ հայտնի չէ. նա ծնվել է 1852 թվականին կա՛մ Երևանում, կա՛մ Թիֆլիսում։ Նրա հայրական կողմից պապը երիտասարդ հասակում գերեվարվել է թուրքերի կողմից։ Երբ 1790 թվականին Ալեքսանդր Սուվորովը գրավում է Իզմայիլ բերդաքաղաքը, հայ գերին հայտնվում է ռուսական բանակում և, ի պատիվ իր ազատագրման վայր Իզմայիլի, ստանում է Իզմայիլյան(ց) ազգանունը[2]։ Մայրական կողմից Պ. Իզմայիլիյանի պապի հայրը եղել է Քարթլիի վերջին թագավոր Գեորգի XI-ի պալատական բժիշկը, ով հայտնի էր Հեքիմ-աղա անունով։ Հետագայում նրա ժառանգները կրել են Հեքիմյան ազգանունը (ռուսական տիրապետության շրջանում նաև՝ Ակիմովներ)[1][2]։

Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո Պողոս Իզմայիլյանը բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ 1869 թվականին, երբ դեռ առաջին կուրսի ուսանող էր, ուսանողության շրջանում սկսված շարժման հետևանքով ստիպված է լինում վերադառնալ Թիֆլիս[1]։

1870 թվականին Պողոս Իզմայիլյանն իր ընկերների՝ Շահվերդյանի և Իվանովի հետ ծանոթանում է վրացական «Դրոեբա» («Ժամանակներ») և «Սասոփլո» («Գյուղական») թերթերի խմբագիրներ Ն. Նիկոլաձեի և Ս. Մեսխիայի, ինչպես նաև Գ. Ծերեթելու հետ։ Օգնում է վերջիններիս հիմնել «Գ. Ծերեթելի և ընկերություն» տպարանը։ Վերջինս սկսել է գործել Պողոս Իզմայիլյանի տնօրինությամբ[2]։ Գ. Ծերեթելին նշել է, որ երբ ինքը 1872 թվականին այդ տպարանում լույս տեսնող «Դրոեբա» պարբերականում հոդվածներ էր տպագրում «Հողային բանկ» հիմնելու վերաբերյալ, նյութերն ամբողջովին իրեն էր տրամադրել Պողոս Իզմայիլյանը[3]։ Պ. Իզմայիլյանը Ն. Նիկոլաձեի հետ միասին հիմնում է այսպես կոչված «Իվանովի գրադարանը», որը դեպի իրեն էր ձգում հատկապես պատանի ընթերցողներին։ Գ. Ծերեթելու և Ն. Նիկոլաձեի մասնակցությամբ բեմադրում է կատակերգական ներկայացում, որտեղ դերասանները խաղում էին կառավարության հայտնի գործիչների դերերը։ Գ. Ծերեթելին ներկայացմանը նվիրված իր հուշերում նշել է, որ այն դիտել է ավելի քան 1000 հանդիսական, այդ թվում՝ գավառապետ Օրլովսկին, մարզային վարչության ղեկավարը և պաշտոնական այլ անձինք[1][3][4]։

1873 թվականին Պողոս Իզմայիլյանն իր վրացի գործընկերների հետ մեկնում է արտասահման։ Փարիզում մասնակցում է Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին[5]։ Նրա անմիջական մասնակցությամբ Նիկո Նիկոլաձեն և Դաթա Միքելաձեն Փարիզում սկսում են հրատարակել վրացական «Դրոշա» թերթը։ Թերթում վերլուծական հոդվածներ էր տպագրում նաև Պողոս Իզմայիլյանը[1]։

1870-ական թվականներից Պողոս Իզմայիլյանը սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Նա մեծ դեր է խաղացել ոչ միայն վրաց մամուլի կայացման գործում, այլև ակտիվ կերպով մասնակցել է Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակի» աշխատանքներին[6]։ Թղթակցել է «Тифлисский Вестник» և «Մշակ» պարբերականներին[1]։

1878 թվականին, երբ «Тифлисский Вестник» թերթի խմբագիր Կ. Ա. Բեհբուդյանը Սանկտ Պետերբուրգում էր, Պողոս Իզմայիլյանը ստանձնում է նաև ծանր վիճակի մեջ գտնվող թերթի խմբագրի պարտականությունները[1][7]։

1876 թվականից Թիֆլիսի խորհրդի (դումայի) անդամ էր։ 1878 թվականի վերջին տեղի ունեցած Թիֆլիսի քաղաքային պատգամավորների ընտրությունների ժամանակ Պողոս Իզմայիլյանը նպաստում է, որ քաղաքային խորհրդարանը համալրվի երիտասարդ կադրերով[7]։ 1879 թվականին Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնում Ալ. Մատինյանցի ընտրվելուց հետո Պ.Իզմայիլյանը դառնում է քաղաքային խորհրդի ամենաակտիվ անդամը[1][8]։

1877-1883 թվականներին Պողոս Իզմայիլյանցը չորս անգամ, յուրաքանչյուրը երկու տարի ժամկետով վարել է Թիֆլիսի քաղաքային քարտուղարի պաշտոնը՝ ընտրվելով և վերընտրվելով 1877 թվականի հունվարի 15-ին, 1881 թվականի դեկտեմբերի 19-ին, 1883 թվականի հունվարի 31-ին։ Այդ պաշտոնում մնացել է մինչև Թիֆլիսի քաղաքային վարչության անդամության թեկնածու (2.05.1883 թ.), ապա նաև՝ անդամ (17.10.1883 թ.) ընտրվելը։ Մինչև Թիֆլիսի քաղաքագլուխ ընտրվելը երկու անգամ (28.12.1884 և 22.12.1888) ընտրվել է վարչության անդամության կազմում[9]։ 1883 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1893 թվականի նոյեմբերի 7-ը զուգահեռաբար վարել է փոխքաղաքագլխի պաշտոնը[1][10]։

 
Պողոս Իզմայիլյանի թաղումը Թիֆլիսումը:

1880 թվականին Պ.Իզմայիլյանի միջնորդությամբ ու առաջարկությամբ քաղաքագլուխ Ա. Մատինյանցի առջև խնդիր է դրվում Թիֆլիսում պետական համալսարան հիմնելու և վերջինիս գոյությունն ապահովելու համար քաղաքի եկամուտներից 100.000 ռուբլի հատկակցնելու վերաբերյալ[1][11]։

1891 թվականի մարտի 1-ին Ա. Մատինյացի հրաժարականից հետո՝ 1891 թվականի ապրիլի 25-ին կայանալիք Թիֆլիսի նոր քաղաքագլխի ընտրություններին Պողոս Իզմայիլյանն առաջին անգամ առաջադրում է նաև իր թեկնածությունը։ Սակայն վրացիներից և ռուսներից կազմված ընդիմադիրների ճնշման պատճառով 30 կողմ, 32 դեմ ձայների հարաբերությամբ նա քաղաքագլուխ չի ընտրվում[12]։ Պ. Զուբալովի գլխավորությամբ ընդդիմությունը փորձում էր նրան զրկել նաև փոխքաղաքապետի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, սակայն ապարդյուն[1][13]։

 
Թբիլիսիի հայկական Մայր տաճարը, որի բակում թաղված է եղել Պողոս Իզմայիլյանը։ Վանքը և գերեզմանը ոչնչացվել են 1936 թվականին:

Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի առաջին շրջանի քաղաքագլխի պաշտոնավարության ժամանակ (1891-1893) և նաև վերջինիս հրաժարականից (1893) հետո մինչև նոր քաղաքագլխի ընտրության օրը (նոյեմբերի 7-ը) Պողոս Իզմայիլյանը վարում է քաղաքագլխի օգնականի, այսինքն՝ փոխքաղաքագլխի պաշտոնը[1][14]։

1893 թվականի աշնանը նշանակված Թիֆլիսի նոր քաղաքագլխի ընտրությունը, մի քանի անգամ ձախողվելով ու հետաձգվելով (հոկտեմբերի 17[15] և հոկտեմբերի 31[14]), ի վերջո կայանում է նոյեմբերի 7-ին[16]։ Ընտրողների բացարձակ մեծամասնությամբ՝ 62 կողմ և 8 դեմ ձայների հարաբերությամբ Պողոս Իզմայիլյանը ընտրվում է Թիֆլիսի քաղաքագլուխ[1][16]։

 
Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատունը ոչնչացման ժամանակ. դեռևս իր տեղում էր Պողոս Իզմայիլյանի տապանաքարը (տես բարձր տապանաքարը)

Ի դեպ, ընտրություններին մասնակցելու օրերին Պ. Իզմայիլյանը Սագուրամոյի անտառներում զբոսնելիս հայտնաբերել էր մի ջրառատ աղբյուր։ Մտահոգ լինելով Թիֆլիսի ջրամատակարարման խնդրով՝ նա աղբյուրն ուսումնասիրելու նպատակով հրավիրել է մասնագետների, իսկ ջրի նմուշը ներկայացրել Ֆ. Օտտենին ստուգման նպատակով։ Պարզվել է, որ այն Ավճալայի լավագույն ջրերից է և ավելի սառը, իսկ հոսքը՝ օրական 2 միլիոն դույլ՝ կրկնակի ավելի, քան արդեն քաղաք հասցված ջրերը[1][17]։

Սակայն Պողոս Իզմայիլյանին վիճակված չէր երկարաժամկետ պաշտոնավարում։ Նա վախճանվել է 1895 թվականի մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում՝ վարակվելով այնտեղ տարածված ինֆլուենցա հիվանդությամբ[1][18]։

Համաձայն այն ժամանակվա մամուլի հրապարակումների՝ քաղաքագլխի մահը սգում էր Թիֆլիսի ամբողջ բնակչությունը[19]։ Գրիգորի Ծերեթելին իր խմբագրությամբ լույս տեսնող «Կվալի» հանդեսում նշել է, որ ցանկացած ազգ կցանկանար ունենալ Իզմայիլյանների նման մարդիկ, որ թանկարժեք երևույթ է։ Իսկ «Նոր-Դար» օրաթերթի թղթակիցը, որը մասնակցել էր թաղմանը, նույն թերթում լույս ընծայված հրապարակման մեջ նշել է, որ երբեք Թիֆլիսը («որքան որ հիշում ենք») այնպիսի թաղում չէր տեսել, որպիսին տեսավ մարտի 18-ին։ Թաղմանը կարծես ամբողջ քաղաքն էր մասնակցում[1]։

1896 թվականի մարտի 10-ին նրա գերեզմանի տեղում բացվում է ճարտարապետ Ա. Մելիք-Բեգլարյանի և Անդրիոլետիի հեղինակությամբ պատրաստված մի համեստ հուշարձան, որի վրա փորագրված էր «Պօղոս Իզմայլեանին Թիֆլիս քաղաքից»[1][20][21]։

Հայտնի է, որ արդեն 1909 թվականին Պողոս Իզմայիլյանի հուշարձանը մասամբ քայքայվել էր և կարիք ուներ նորոգության։ Քայքայման պատճառներից մեկն էլ այն էր, որ անհայտ անձինք պոկել էին երկաթյա ճաղավանդակները և կոտրել մարմարյա քարե սալիկը[1][22][23]։

Պողոս Իզմայիլյանը թաղված էր Թբիլիսիի հայկական Մայր տաճարի բակում։ Տաճարը հայերի գերեզմանների հետ միասին ոչնչացվել է 1936 թվականին[24]։ Վանքի քանդման ժամանակ Պողոս Իզմայիլյանի աճյունը հանվել է գերեզմանից, թալանվել։ Գտնվելու վայրն անհայտ է[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «კვალი», 1895, N 12, էջ 2:(վրաց.)
  3. 3,0 3,1 «კვალი», 1895, N 12, էջ 2-3:(վրաց.)
  4. Սիրաղեան Գ., Վրաց թատրոնի անցեալը եւ ներկան, «Գեղարվեստ» 1909, N 3, էջ 28։
  5. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Բ., Երևան, 1981, էջ 9։
  6. Լէօ, Գրիգոր Արծրունի, Թիֆլիս, 1902-3, հատոր 2, էջ 57։
  7. 7,0 7,1 Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 60.(ռուս.)
  8. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 61.(ռուս.)
  9. “Известия Тифлисской Городской Думы”, N4, Тифлис, 1911, ст. 20.(ռուս.)
  10. “Известия Тифлисской Городской Думы”, N4, Тифлис, 1911, ст. 19.(ռուս.)
  11. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 63.(ռուս.)
  12. «Մուրճ», 1891, էջ 530։
  13. «Մուրճ», 1891, էջ 1242-1244։
  14. 14,0 14,1 «Նոր-Դար», 1893, N 181, էջ 1։
  15. «Նոր-Դար», 1893, N 182:
  16. 16,0 16,1 «Նոր-Դար», 1893, N 197, էջ 2։
  17. «ივერია», 1893, N 264:(վրաց.)
  18. «Մուրճ», 1895, էջ 351-352։
  19. «Նոր-Դար», 1895, N 40:
  20. «Մշակ», 1896, N 30, էջ 3։
  21. “Тифлисский Листок”, 1896, N 49.(ռուս.)
  22. «Հովիւ», 1909, N 26, էջ 416։
  23. “Тифлисский Листок”, 1909, N 245, ст. 2.(ռուս.)
  24. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)
  25. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 74։