HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պայքար (այլ կիրառումներ)

Պայքար, գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական լեգալ շաբաթաթերթ (հետագայում՝ օրաթերթ)։ Հրատարակվել է 1915–1919 թվականներին, Թիֆլիսում։ Սոցիալ–դեմոկրատական թերթ էր, որի խմբագրության մեջ սկզբում մտնում են երկու բոլշևիկ (Ա․ Մռավյան և Ս․ Խանոյան) և երկու մենշևիկ–ինտերնացիոնալիստ (Ա․ Երզնկյան և Հ․ Ազատյան)։ Մինչև 100 համարը ուներ հեղափոխական–դեմոկրատական ուղղություն և փաստորեն գտնվում էր բոլշևիկների ձեռքին։ Աշխատակցել են Ստ․ Շահումյանը, Ա․ Ամիրյանը, Ա․ Միկոյանը, Մ․ Մելիքյանը, Հ․ Հակոբյանը, Արտ․ Կարինյանը, Հ․ Կամարին, Գ․ Հայկունին, Ա․ Վարդանյանը, Սիմակը և ուրիշներ։ Թերթը հետապնդվել է ցարական իշխանությունների կողմից, դաժան գրաքննության պատճառով հաճախ լույս տեսել դատարկ սյունակներով։ Դրությունը փոխվեց 1917 թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Թերթը ողջունեց ցարական ինքնակալության տապալումը և կոչ արեց ամրապնդել բանվորների ու զինվորների դեպուտատների սովետները։ Մեծ տեղ է հատկացրել գրականության ու արվեստի հարցերին, տպագրվել են Մ․ Գորկու, Հ․ Հակոբյանի, Ա․ Վշտունու, Արազու և ուրիշների երկերը։ Երկրի հետագա զարգացման, քաղաքական իրադրությունների գնահատման հարցերում շուտով դրսևորվեցին լուրջ տարաձայնություններ «Պայքար»-ի խմբագրական կազմում, որը միատարր չէր։ Բոլշևիկները չէին կարող հանդուրժել մենշևիկների խորացող օպորտունիզմը և դրա արտացոլումը թերթի էջերում, ուստի նրանք հեռացան «Պայքար»-ի խմբագրությունից և 1917 թ.-ի հունիսի 16-ի համարում տպագրեցին իրենց վճռական հայտարարությունը։ Այնուհետև ստեղծեցին իրենց օրգանը՝ «Բանվորի կռիվը» (Թիֆլիս)։ 101-րդ համարից «Պայքար»-ը դարձավ մենշևիկյան, օպորտունիստական օրգան, որը մերկացվում էր բոլշևիկների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 112 CC-BY-SA-icon-80x15.png