Անգելոսներ (հուն․՝ Ἄγγελοι), կայսերական հարստություն Բյուզանդիայում՝ 1185֊1204 թվականներին։

Անգելոսներ
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
ՏիտղոսներԲյուզանդիայի կայսր, Էպիրոսի բռնապետ, Թեսաղոնիկեի բռնապետ, Թեսաղոնիկեի տիրակալ
ՀիմնադիրԻսահակ Բ Անգելոս
Մեծագույն ներկայացուցիչԻսահակ Բ Անգելոս
Հիմնում1185
Ազգային
պատկանելիություն
Հայ

Հիմնադրում խմբագրել

Առաջին ներկայացուցիչն էր Իսահակ Բ-ն (առաջին անգամ իշխել է՝ 1185֊1195 թվականներին), որն իշխանության գլուխ անցավ Անդրոնիկոս Ա Կոմնենոս կայսրին տապալելով։ Անգելոսների օրոք կայսրության ներքին և արտաքին վիճակը վատթարացավ։ Իսահակ Բ-ն թեպետ ետ մղեց Սիցիլիայի նորմանների հարձակումները, սակայն մի քանի պարտություններ կրեց Իկոնիայի սելջուկյան սուլթան Խլիճ Արսլանից և հարկադրված եղավ նրան հարկ վճարել։ Իսահակ Բ-ի հարկային քաղաքականությունը և այլազգիների դեմ հալածանքը ուժեղացրին ներքին դժգոհությունները։ 1186 թվականին ապստամբեցին բուլղարներն ու վալաքները և Բուլղարիան անկախ դարձավ։ Կայսրության սահմաններում բնակվող հայերին քաղկեդոնություն պարտադրելու փորձերը և նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները Կիլիկիայի հայկական իշխանությանը կողմնորոշեցին դեպի լատինական պետությունները։

1195 թվական խմբագրել

1195 թվականին Ալեքսիոս Գ-ն, տապալելով և կուրացնելով եղբորը՝ Իսահակ Բ-ին, իրեն կայսր հռչակեց (իշխեց մինչև 1203 թվականը)։ Սրա օրոք թուլացած կայսրությունը հրաժարվեց կրոնական բացահայտ հալածանքների քաղաքականությունից։ Բյուզանդիայի ազդեցությունը Կիլիկիայում վերջնականապես չկորցնելու հույսերով Ալեքսիոս Գ-ն շտապեց ճանաչել Լևոն Բ-ին՝ նրան ուղարկելով թագ և հանդերձանք։ Նա միաժամանակ Լևոն Բ-ին դրդեց վերըստին քննարկել հայկական և բյուզանդական եկեղեցիների միացման հարցը։ 1197 թվականին Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ հայկական նոր դեսպանություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս՝ բանակցելու կայսեր առաջարկությունների շուրջ։ Բանակցություններն ապարդյուն անցան, քանի որ Բյուզանդիան նպատակ ուներ Կիլիկյայի հայկական թագավորությունը վասալական կախման մեջ դնել։

1203 թվական խմբագրել

1203 թվականին Ալեքսիոս Գ-ն, չկարողանալով դիմադրել կայսրություն խուժած խաչակիրների զորամասերին (Խաչակրաց չորրորդ արշավանք), կողոպտեց պետական գանձարանը և փախավ։ Կրկին կայսր հռչակվեց Իսահակ Բ-ն (երկրորդ անգամ իշխեց 1203-1204 թվականներին), որը կուրության պատճառով կառավարում էր որդու՝ Ալեքսիոս Դ֊ի հետ։ 1204 թվականի փետրվարի 5֊ի ապստամբությամ Անգելոսների հարստությանը վերջ տրվեց։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոսներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 378