Սամշվիլդե

(Վերահղված է Շամշուլդեից)

Սամշվիլդե (Սամշուլդե, Շամշուլդե, Շամսույտե, Օրբեթ, վրաց.` სამშვილდე), բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, Խրամ գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղից հարավ։ Բերդի, հիմնականում միջնադարյան կառույցների ավերակները, Խրամ գետի հովտում ձգվում են 2,5 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ։

Coa Illustration Elements Building Castle.svg
Սամշվիլդե
Samshvilde fortress (Photo A. Muhranoff, 2010).jpg
Տեսականտիկ քաղաք և fortified town?
ՏեղագրությունՔվեմո Քարթլի, Թեթրիծղարոյի շրջան, Վրաստան
Վարչական միավորԹեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ԿառուցվածIV-III հազարամյակ
Ընթացիկ վիճակավերակներ
Կապված անձինքԴավիթ Անհողին, Գուրգեն Ա Կյուրիկե

Պատմական ակնարկԽմբագրել

Սամշվիլդե բառի առաջին ստուգաբանությունը տվել է 10-րդ դարի հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի այն վրացերենից թարգմանաբար նշանակում է` եռաղեղ, սամի - երեք և մշվիլդի - աղեղ։

Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին։ Արաբ պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ)։ Սմբատ Ա թագավորի գահակալման տարիներից (890-914 թվականներ) եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմակայաններից մեկը Հայաստանի հյուսիսում։

Շահնշահ Աշոտ Բ Երկաթը (914-930 թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրներին։ Աշոտ Գ Ողորմած թագավորը (953-977 թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն, ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր` հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը (Տաշիր-Ձորագետի թագավորություն)։ Գուրգենի որդին և հաջորդը` Դավիթ Անհողինը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև 1065 թվականը)։ 1065 թվականին, Կյուրիկե Բ-ն Սամշվիլդե բերդաքաղաքը` որպես փրկագին, հանձնել է վրաց Բագրատ IV թագավորին, իսկ ինքը հաստատվել Լոռի բերդում։ Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի Լիպարիտյանների տոհմը, իսկ 1110 թվականին` վրաց Դավիթ Շինարար թագավորը։ Վերջինս այն 1123 թվականին տվեց Օրբելյան տանը` իբրև տիրույթ (այստեղից էլ` Օրբեթ-Օրբելի-Օրբելյան)։

1440 թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ Ջահանշահը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչների։

ՆկարագիրըԽմբագրել

Սամշվիլդեն միջնադարյան Հայաստանի շատ ամրոցների ու քաղաքների նման տեղադրված է հատվող ձորերով (Խրամ գետի և նրա վտակ Չիվչավի) առաջացող եռանկյունաձև սարահարթի վրա և մոտեցման միակ հնարավոր կողմից (այստեղ` արևմտյան) պաշտպանված է կրկնակի պարիսպներով։ Բազալտի կոպտատաշ խոշոր քարերով, կրաշաղախով կառուցված բավական բարձր պարիսպների հարավային և հյուսիսային ծայրերին շրջանաձև հզոր աշտարակներ են, որոնցից հարավայինի միջով բացված է միջնաբերդի մուտքը։ Նրա անառիկությունն ուժեղացնելու համար դարպասից դղյակ տանող միակ նեղ ճանապարհն ընկած է ուղղանկյուն որմնահեցերով հարավային պարսպի և Խրամ գետի անդնդախոր ձորի եզրի միջև, որը հնարավորություն է ստեղծում ամրոց թափանցած թշնամուն հարվածի տակ պահել։

Կյուրիկյան թագավորության առաջին մայրաքաղաք Սամշվիլդեն կազմված է երեք մասից, արևելյան` միջնաբերդից, միջին` դղյակից մինչև արտաքին պարիսպներն ընկած հատվածից և արևմտյան` պարիսպներից դուրս գտնվող բնակելի մասից։ Սամշվիլդեի տարածքում պահպանվել են պաշտպանական, ճարտարագիտական, պալատական կառույցներ և մի շարք եկեղեցիներ։ Միջնաբերդի արևելյան կողմում գտնվում են քարով երեսպատված երկու ջրամբար և միանավ, արտաքուստ կիսաշրջանաձև դուրս եկող խորանով, հյուսիսից կից մատուռով վրացական եկեղեցի (13-րդ դար)։ Արևմտյան կողմում դղյակն է, որի հյուսիսային պարսպին կից են երկհարկանի, իսկ արևմտյան և հարավային պարիսպներին` բաղնիքներով միահարկ պալատները։

Միջնաբերդի կենտրոնում Սուրբ Սիոն կիսավեր գմբեթավոր բազիլիկ տաճարն է (կառուցել է Վարազբակուր բդեշխը 778 թվականին), որի տրոմպային փոխանցումով գմբեթը նստում է խաչաձև կտրվածքով չորս մույթի վրա։ Ինքնատիպ է արևելյան մասի լուծումը` կողային նավերն ավարտվում են աբսիդներով, արևելքից եկեղեցու հիմնական ծավալի հետ ընդհանուր ճակատ ունեցող ավանդատները կից են նրան հյուսիսից և հարավից։ Արևելյան ճակատը ունի 7-րդ դարի հայ ճարտարապետությանը բնորոշ լուսամուտների երեսակալներ, եռանկյունաձև խորշեր` մեջը զույգ կիսասյունիկներ։ Սուրբ Սիոնի հարավային պատին պահպանվել է կաթողիկոս Գևորգ Գառնեցու (876-897 թվականներ) հայերեն անավարտ արձանագրությունը։

Միջնաբերդում կանգուն է Կյուրիկյանների պալատական եկեղեցին (10-րդ դար), որը երկու զույգ քարե կլոր սյուներով եռանավ բազիլիկ է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են։ Մուտքերը երկուսն են` արևմուտքից և հարավից։ Գլխավոր նավը զգալի բարձր է կողայիններից և երկայնական պատերին ունի լուսամուտներ։

Սամշվիլդեի միջին մասում, կենտրոնական փողոցի երկու կողմում կան իշխանական երկհարկանի պալատներ, միանավ երկու եկեղեցի, որոնցից արևմտյանում գտնվում է Բատ իշխանի 1044 թվականի հայերեն արձանագրությամբ մենաքարը։ Պարիսպներից դուրս Սամշվիլդեի բնակելի թաղամասերն են եղել, ուր կանգուն է 10-11-րդ դարերի միանավ Սուրբ Գևորգ եկեղեցին (վերանորոգվել է 1672 թվականին)։ Սամշվիլդեից արևմուտք, Չիվչավի գետի վրայի կամուրջից մինչև քաղաքի դարպասը ձգվում է միջնադարյան ժայռափոր ճանապարհը։

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 157