Սարգիս Ջալալյան (1810, գյուղ Եղինդ (Արտազ գավառ) - 1879, հոկտեմբերի 16, Թիֆլիս), հոգևոր առաջադիմական գործիչ։ Սերել է Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։

Սարգիս Ջալալյան
Ծնվել է1819
Մահացել է1879

ԿենսագրությունԽմբագրել

Հինգ տարի սովորել է տարոնացի Կարապետ վարդապետի մոտ, 1841 թվականին Գանձասարի վանքում աշակերտել է Հովսեփ վարդապետին։ Երկար տարիներ եղել է Սանահինի վանքի վանահայր։

1828 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1830 թվականին՝ կուսակրոն քահանա, 1855 թվականին՝ եպիսկոպոս։

1857 թվականին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս։ Վրաստանի և Իմերեթիայի թեմական առաջնորդի պաշտոնը 1847 թվականից մինչև մահ, ըստ էության, վարել է Ներսես Ե Աշտարակեցին, իսկ կոնսիստորիայի նախագահինը՝ Ջալալյան։ Այդ ժամանակամիջոցում կաթողիկոսը նրան ուղարկել է ռուսահայոց թեմերում ստուգումներ կատարելու։ Այստեղ տեղի է ունեցել նրա բախումը Գաբրիել Պատկանյանի և Միքայել Նալբանդյանի հետ, որը վերածվել է կատաղի պայքարի։ Լինելով խիստ պահպանողական՝ նա Հայաստանի ապագան տեսել է անցյալի անխաթար վերականգնման մեջ, անհանդուրժողական դիրք գրավել և հետապնդել բոլոր այն ազգային գործիչներին, ովքեր երկրի ապագան դիտել են ժողովրդի նյութական և հոգևոր կյանքը նորոգելու տեսանկյունից։ 1857–1863 թվականներին Ջալալյանը եղել է Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ, անզիջում պայքար մղել Ներսիսյան դպրոցի տեսուչ Պ. Շանշյանի ու նրա կուսակիցների դեմ, Շանշյանին համարել «բողոքականության բովից արտաժայթքած մի անհավատ ու անաստված կեղծավոր, մարդախաբ, մոլորեցուցիչ ու մատաղ նոր սերնդին խմորող մարդ» և հեռացրել տեսչությունից։ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Ջալալյանին պաշտոնանկ է արել. կառավարության միջամտությամբ նա քաշվել է Սանահինի վանքը, որտեղ մնացել է մինչև 1865 թվականը։ 1865–1876 թվականներին եղել է Ղարաբաղի թեմի առաջնորդ։ Այդ ընթացքում (1867–1870 թթ.) Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին նրան ուղարկել է Կ. Պոլիս՝ Էջմիածնի մնայուն ներկայացուցչություն ստեղծելու առաջադրանքով, որը, սակայն, ձախողվել է օսմանյան կառավարության և Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընդդիմության պատճառով։

Վերադառնալով Ղարաբաղ՝ Ջալալյանը իր միջոցներով Շուշիում ընդարձակել է Բաղդասար Հասան Ջալալյանի կառուցած առաջնորդարանի շենքը, որտեղ տեղավորել է նաև ազգային դպրոցը, վիճակային կոնսիստորիան և տպարանը, ապա կառուցել ս. Հռիփսիմյան օրիորդաց հոգևոր դպրոցի երկհարկանի շենքը։ Տկարության պատճառով գնացել է Թիֆլիս, խնդրել, որ իրեն ազատեն առաջնորդության պաշտոնից։

Ջալալյանը հեղինակել է «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (հ. 1, 2, 1842, 1858 թթ.) երկը, որը արժեքավոր նյութեր է պարունակում հայոց վանքերի, եկեղեցիների պատմության, դրանց տեղադրության, ինչպես նաև հայ ազգագրության վերաբերյալ։ «Նամակ Տ. Սարգսի արքեպիսկոպոսի Ջալալեանց գրեալ առյարգոյ ազգային ոմն ի Պոլիս» (1867 թ.) գործում թվարկել է իր ծառայությունները ազգին ու հայրենիքին, ջանացել հերքել իր նկատմամբ եղած՝ որոշդեպքերում անհարկի և շինծու մեղադրանքները։ «Պատմութիւն աշխարհին Աղուանից» վերտառությամբ անտիպ գրքույկում ներկայացրել է Ղարաբաղի մելիքների պատմությունը XVIII դ., իսկ «Ծագումն Ղարաբաղու մելիքների» (ձեռագիր) փոքրածավալ երկում՝ տվել նրանց ծագումնաբանությունը։ Յուրօրինակ և հետաքրքրական է Ջալալյանի կտակը։ Նա գանձարան է մուծել 25 հզ. ռուբլի՝ հինգ տոկոս տոկոսադրույքով, որը պետք է տնօրինվեր 125 տարի հետո, բաժանվեր 24 մասի, տրամադրվեր կտակում հիշատակված հաստատություններին՝ ազգի լուսավորության նպատակով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218