Նիկողոս Հարությունյան

հայ խորհրդային ​​կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր

Նիկողոս Աղաբեկի Հարությունյան (1912, Ճլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ խորհրդային կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)[1]։

Նիկողոս Հարությունյան
Ծնվել է1912
ԾննդավայրՃլոխան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմբայնավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1912 թվականին Ռուսական կայսրության Երևանի գավառի Բենիամին գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում), աղքատ գյուղացու ընտանիքում[2]։

1922-1929 թվականներին Նիկողոս Հարությունյանը սովորել է Բենիամին և Ազատան գյուղերի յոթնամյա դպրոցներում։ 1931 թվականին տեղի կոլտնտեսության ղեկավարությունը Հարությունյանին ուղարկել է տրակտորիստի դասընթացների։ 1932 թվականին, մասնագիտական կրթություն ստանալուց հետո, Հարությունյանն աշխատանքի է անցել Ղարիբջանյանի մեքենատրակտորային կայանում (ՄՏԿ) (որը մտնում էր Դուզքենդի, 1945 թվականից՝ ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի կազմի մեջ)՝ որպես տրակտորիստ։ 1937 թվականի հունվարից Հարությունյանը սովորել է բրիգադիրների և կոմբայնավարների դասընթացներում, որից հետո աշխատել է Ղարիբջանյանի ՄՏԿ-ում՝ որպես կոմբայնավար և բրիգադիրի օգնական[2]։ 1940 թվականին ընդունվել է ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ շարքերը[3]։

1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի սկզբում Նիկողոս Հարությունյանը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Պատերազմին մասնակցել է մինչև 1943 թվականը, որից հետո զորացրվել է բանակից[2]։

1944 թվականից Նիկողոս Հարությունյանը կրկին աշխատել է Ղարիբջանյանի ՄՏԿ-ում՝ որպես կոմբայնավար և բրիգադիրի օգնական։ ՄՏԿ-ում աշխատանքի ընթացքում՝ սկսած 1932 թվականից, Հարությունյանն ամեն տարի աչքի է ընկել իր աշխատանքով և արժանացել պատվոգրերի ու խրախուսանքների։ 1950 թվականին ստացվել է հացահատիկային մշակաբույսերի բարձր բերք, որի հավաքման համար կոմբայնավար Հարությունյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նույն թվականին նշանակվել է Ղարիբջանյանի ՄՏԿ-ի տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։ Բրիգադը սկսել է սպասարկել ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղի կոլտնտեսությունը[4]։ 1951 թվականին Հարությունյանի գլխավորությամբ բրիգադին հաջողվել է նպաստել բարձր բերքատվության ապահովմանը, 22 աշխատանքային օրվա ընթացքում կոմբայնավար Հարությունյանն իր «Ստալինեց-6» կոմբայնով կալսել է 7306 ցենտներ ցորեն և 268 ցենտներ խոտի սերմ[5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագով՝ ծխախոտի բարձր բերք ստանալու և հացահատիկային կուլտուրաների ու խոտի սերմերի բերքահավաքի և հնձման մեջ բարձր ցուցանիշներ ապահովելու համար, 1951 թվականին ՄՏԿ-ի աշխատանքի դիմաց բնամթերային վճարումները կատարելու և 1952 թվականի գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովելու համար, Նիկողոս Աղաբեկի Հարությունյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[6]։

1953-1957 թվականներին հացահատիկային մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում մեծ հաջողությունների հասնելու համար Նիկողոս Հարությունյանը մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին և արժանացել Գյուղատնտեսական համամիութենական ցուցահանդեսի ոսկե մեդալի և պատվոգրի։ Հարությունյանին շնորհվել է նաև «Սովետական Հայաստան» թերթի խմբագրության փոխանցիկ դրոշը։ Մեքենա-տրակտորային կայանների լուծարումից հետո Հարությունյանը աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի կոլտնտեսությունում որպես տրակտորային բրիգադի բրիգադիր։ Հարությունյանի ղեկավարությամբ բրիգադը սիստեմատիկորեն բարձր բերք է ստացել[7]։

Նիկողոս Աղաբեկի Հարությունյանը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Բազմիցս ընտրվել է շրջանային կուսակցական կոնֆերանսի պատվիրակ, ՀԿԿ Ախուրյանի շրջկոմի պլենումի անդամ, Ղարաիբջանյանի ՄՏԿ-ի սկզբնական կուսակցական կազմակերպության բյուրոյի անդամ[3]

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ)՝ 1951 թվականին ծխախոտի բարձր բերք ստանալու, հացահատիկային կուլտուրաները և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման բարձր ցուցանիշներ ապահովելու, ՄՏԿ-ի աշխատանքի դիմաց բնամթերային վճարումները կատարելու և 1952 թվականի գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովելու համար[6]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (3.07.1951)[6][2]։
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ոսկե մեդալ[7]։

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Арутюнян Никогос Агабекович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 83—86. — 325 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել