Նապոլեոն

Նապոլեոնի վարչակարգը խմբագրել

1799 թվականի հեղաշրջումից հետո Ֆրանսիայի հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804 թվականը։ Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր։ Հեղափոխությունն ավարտված է»։ Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարեփոխումների ճանապարհով։

1804 թվականին անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նրա շքեղ թագադրությունը։ Այսպես հիմնադրվեց Առաջին կայսրությունը, որը գոյատևեց մինչև 1814 թվականը։

Բարենորոգումները խմբագրել

Նապոլեոնի բարենորոգումները վերաբերում էին հասարակական կյանքի բոլոր ասպարեզներին։ Նա անձամբ էր հետևում դրանց ընթացքին։

Տնտեսություն։ Կայսեր ջանքերով զարկ տրվեց ծանր արդյունաբերությանը։ Տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարսստացման, մետաղաձուլության, զինագործության, նավթաշինության, սարքաշինության։ Բուռն ճանապարհաշինության արդյունքում կայուն կապ հաստատվեց երկրի տարբեր շրջանների միջև։ Աշխուժացան տնտեսական կապերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց Ֆրանսիական բանկ։ Շրջագայության մեջ դրվեց դրամական նոր միավոր ֆրանկը։ Արդյունաբերության ցուցանիշներով Ֆրանսիան զբաղեցրեց երկրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Անգլիային։

Օրենսդրություն։ Մեծ հեղափոխությունից հետո Ֆրանսիայում հաստատվել էին հասարակական նոր հարաբերություններ։ Հարկ էր դրանց տալ իրավական ձևակերպում։ Կայսրը կազմեց «Քաղաքացիական օրենսգիրքը», որը տարածվեց նաև Եվրոպայում։ Այն ամրագրում էր մարդկանց բնական իրավունքները։ Առանձնակի ուշադրություն էր դարձվում ընտանիքի և սեփականության խնդիրներին։ Ընտանիքը ճանաչվում էր որպես հասարակության կարևորագույն բջիջ։ Կարգավորվեցին նաև տնտեսական, քրեական, դատական բնագավառները։

Վարչական համակարգ։ Հեղափոխության տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր նոր վարչական կառույց։ Երկիրը բաժանվել էր դեպարտամենտների(նահանգ)` յուրաքանչյուրն իր ընտրովի վարչակազմով։ Նապալեոնը պահպանեց դրանք։ Նրա նշանակած պաշտոնյաները(պրեֆեկտ) տնօրինում էին նահանգների բոլոր կարևոր գործերը։ Այս կերպ պետության կառավարումը խիստ կենտրոնացվեց։

Մշակութային ձեռնարկումներ։ Կայսրը` իրեն համարելով լուսավորականների հետևորդ, ձգտում էր նրանց գաղափարներով ձևավորել ազգային նոր վերնախավ։ Բոլոր դեպարտամենտներում ստեղծվեցին պետական վարժարաններ, որոնք տալիս էին միջնակարգ կրթություն։ Այնուհետև բացվեցին բարձրագույն բժշկական, իրավաբանական և ռազմական դպրոցներ։ Այդ բոլորի պսակը դարձավ Կայսերական համալսարանը։ Նապոլեոնը հովանավորում էր գիտությունը և արվեստը։ Ձևավորվեց կայսերական նոր ազնվականությունը, որի շատ ներկայացուցիչներ դուրս էին եկել ստորին խավերից։

Կրոնական հանդուրժողականություն։ Հեղափոխության տարիներին պայքար էր ծավալվել կաթոլիկ եկեղեցու դեմ։ Բայց Նապոլեոնը հասկանում էր, որ դա վիրավորում է միլիոնավոր կաթոլիկների կրոնականզ գացմունքները և պառակտում ազգը։ Հետևելով խղճի ազատության սկզբունքին՝ նա կաթոլիկությունը ճանաչեց «ֆրանսիացիների մեծ մասի կրոն»։ Հին կարգերի կողմնակիցները շարունակում էին պայքարը։ Կայսրը երբեմն դիմում էր խստությունների։ Անգամ մտցրեց գրաքննություն, փակեց որոշ թերթեր ու ամսագրեր։ Սակայն Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո էլ բարենորոգումները պահպանեցին իրենց ուժը։ Մեծ էր դրանց ազդեցությունը նաև այլ երկրների վրա։

 
Նապոլեոնը կռվի դաշտում

Պատերազմները և «Մեծ տերության» կազմավորումը խմբագրել

Բարենորոգումների ուղիով ընթացող Ֆրանսիան արագորեն հզորանում էր։ Դա սարսափեցնում էր հարևան երկրներին, այդ թվում՝ Անգլիային և Հոլանդիային։ Նրանց ընդհանրումն անխուսափելի էր։ Հեղափոխության ընթացքում Ֆրանսիայում ձևավորվել էր նոր բանակ։ Դրա շարքերում աճել էին Նեյը, Դավուն, Մյուրատը և այլք։ Նորություն էր սպայակույտի(ռազմական շտաբ) ստեղծումը, որը կոչված էր մշակելու մարտական գործողությունների ծրագրեր։ Սկզբում Ֆրանսիան վարում էր պաշտպանողական պատերազմ, բայց հետո անցավ հարձակման և հասավ հաջողությունների։ Պատերազմները հեղափոխական էին՝ միտված տապալելու ավատատիրական կարգերը։ Նրանք ողջ Եվրոպայում տարածում էին ժամանակի առաջավոր գաղափարները՝ մարդու և քաղաքացու ազատությունները, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պատերազմները նպաստում էին Ֆրանսիայի տիրապետության տարածմանը։ Շուտով Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆրանսիայի տիրապետության կամ ազդեցության ներքո՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսիան, Բացառություն էին Ռուսաստանը և Անգլիան։

 
Առաջին ֆրանսիական կայսրությունը 1811 թվական

Տերության կործանումը խմբագրել

Ռազմական ուժի վրա հիմնված «Մեծ տերությունը» անընդհատ ծավալման միտում ուներ։ Նապոլեոնը երազում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Այդ նպատակով նա ստեղծել էր Մեծ բանակը, որի կազմում հավաքագրված էին նաև դաշնակից երկրների ուժերը։ 1812 թվականին Մեծ բանակը մտավ Ռուսաստան։ Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը։ Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Մոսկվան։ Ռուսաստանի համար պատերազմն ընդունեց համաժողովրդական բնույթ, բանակը համալրվում էր և զորանում։ Այրված և կողոպտված Մոսկվայում Նապոլեոնը իրեն զգում էր թակարդում։ Ռուսական զորքերն անցան հակահարձակման և ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել։ 1812 թվականի դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը։ Ֆրանսիայի դեմ ձևավորվեց նոր ռազմական դաշինք՝ Ռուսաստան, Անգլիա, Պրուսիա, Ավստրիա և այլ երկրներ։ 1813 թվականի Լայպցիգի Ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ։ Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը։

Հին վարչակարգի վերականգնումը մեծ դժգոհություն առաջացրեց Ֆրանսիայում։ Օգտվելով դրանից՝ 1815 թվականի մարտին Նապոլեոնը փախավ աքսորից, վերադարձավ և վերականգնեց կայսրությունը։ Սակայն նրա իշխանությունը տևեց ընդամենը հարյուր օր։ Դաշնակիցներն արագ վերամիավորվեցին։ Նապոլեոնը պարտություն կրեց և այս անգամ աքսորվեց Ատլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

Աղբյուրներ խմբագրել