Միհրի Մյուշֆիք Հանըմ (թուրքերեն՝ Mihri Müşfik Hanım, փետրվարի 26, 1886(1886-02-26)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1954[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), թուրք առաջին ու ամենահայտնի նկարիչներից մեկը։ Նա առավելապես հայտնի է իր դիմանկարներով։ Հանըմն ստեղծել է հայտնի մարդկանց, այդ թվում` Աթաթուրքի և Հռոմի Բենեդիկտոս XV պապի, բազմաթիվ դիմանկարներ։

Միհրի Մյուշֆիք Հանըմ
Ծնվել էփետրվարի 26, 1886(1886-02-26)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1954[2]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Թուրքիա,  Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱզգականներՀալե Ասաֆ
 Mihri Müşfik Hanım Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Միհրի Մյուշֆիք Հանըմը ծնվել է Աչբա ընտանիքում, Ռասիմ-փաշայի առանձնատանը, Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, 1886 թվականի փետրվարի 26-ին։ Նրա հայրը` արքայազն Ահմեդ Ռասիմ-փաշան, եղել է անատոմիայի մասնագետ և Ռազմական բժշկության դպրոցի հայտնի դասավանդող։ Պաշտոնական փաստաթղթերում և ընտանեկան նամակներում նա հիշատակվում է նաև որպես այդ հաստատության տնօրեն։ Դոկտոր Ահմեդ Ռասիմ-փաշայի նուրբ ճաշակն ու հետաքրքրությունները պետք է որ կարևոր դեր խաղացած լինեն նրա դստեր գեղագիտական կրթության հարցում։ Ռասիմ-փաշան հայտնի էր նաև երաժշտության հանդեպ սիրով ու երեկույթներին սազով կատարումներով։ Միհրի Հանըմի մայրը Ֆաթմա Նեշեդիլ Հանըմն էր։ Նրա փոքր քույրը` Էնիս Հանըմը, նկարչուհի Հալե Ասաֆի մայրն է։

Կյանքը Եվրոպայում խմբագրել

Ստանալով սովորական արևմտյան կրթություն` Հանըմը հետաքրքրություն է ցուցաբերել գրականության, երաժշտության ու գեղանկարչության հանդեպ։ Գեղանկարչության առաջին մասնավոր դասերը նրան տվել է իտալացի նկարիչ Ֆաուստո Ձորանոն, Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի իր ստուդիայում[4]։ Ավելի ուշ նա սիրահարվում է ակրոբատի խմբի տնօրենին, ով այցելել էր Ստամբուլ։ Հետո մեկնել է Հռոմ, այնուհետև` Փարիզ, ակնհայտորեն ցանկանալով մտնել գեղարվեստական շրջանակներ[5]։ Որոշ ժամանակ նա ապրել և աշխատել է փարիզյան Մոնպառնաս թաղամասի բնակարանում` գումար վաստակելով դիմանկարչությամբ ու բնակարանի սենյակներից մեկն ուսանողներին վարձով տալով։ Այդ ուսանողներից մեկն էր Մյուշֆիք Սելամի-բեյը, ով քաղաքագիտություն էր սովորում Փարիզի համալսարանում, և ում հետ կարճ ժամանակ անց Հանըմն ամուսնանում է։ Նրա ամուսինը Բուրսայում հայտնի Սելամի-բեյի որդին էր։ Քաղաքականությունից բացի նա հետաքրքրվել է պատմությամբ ու գրականությամբ։ Նրանց հարսանիքի տարեթիվը հայտնի չէ։

Վերադարձ Ստամբուլ խմբագրել

Միհրի Հանըմը ներկայացվել է օսմանյան ֆինանսների նախարար Ջավիդ-բեյին, ով Փարիզ էր ուղարկվել ֆրանսիական կառավարության հետ Բալկանյան պատերազմներն ավարտելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Նա Միհրի Հանըմին երաշխավորող հեռագրեր է ուղարկել օսմանյան կրթության նախարարին։ Արդյունքում նա 1913 թվականին նշանակվել է Ստամբուլի աղջիկների դպրոցի արվեստի ուսուցչուհի։ Երբ 1914 թվականին ստեղծվել է Ստամբուլի գեղեցիկ արվեստների օրիորդաց դպրոցը, նա նշանակվել է դրա տնօրեն ու ուսուցիչ։ Միհրի Հանըմը ընկերություն է արել «Նոր գրականություն» շարժման պոետների, հատկապես` դրա ղեկավարներից Թևֆիկ Ֆիկտերի հետ։ Աշիյանում նրա տունը նկարչուհու համար որոշ ժամանակ ստուդիա է ծառայել։ Միհրի Հանըմի այցելությունը լրագրող Հյուսեյին Ջահիթին ու քննադատության ենթարկված ֆինանսների նախկին նախարար Ջավիդ-բեյին նրա վարքի վերաբերյալ քննադատության ալիք է բարձրացրել։ Ի պատասխան դրան, նա 1919 թվականին իր աշակերտների հետ այցելել է Թանին թերթն ու քննարդել այդ մեղադրանքները։ Նրա մտերմիկ հարաբերությունները Միություն և առաջադիմություն կուսակցության հետ պատճառ են դարձել, որ նա լքի Ստամբուլը շրջափակման ժամանակ և մեկնի Իտալիա 1919 թվականին։ Իր վերադարձից մեկ տարի անց Հանըմը շարունակել է դասավանդել Գեղեցիկ արվեստների օրիորդաց դպրոցում։

Ճանապարհորդություն դեպի Իտալիա խմբագրել

1922 թվականին Հանըմը կրկին մեկնել է Իտալիա, իսկ հաջորդ տարի բաժանվել է ամուսնուց։ Իտալիայում նա սիրավեպ է ունեցել տեղի բանաստեղծ Գաբրիելե Դ'Աննունցիոյի հետ, ինչի շնորհիվ նկարչուհին հնարավորություն է ստացել նկարելու Հռոմի պապի դիմանկարն ու աշխատել եկեղեցում որմնանկարների վերականգնման վրա։ Միհրի Հանըմը Գաբրիելե Դ'Աննունցիոյին է ներկայացվել իր ընկերոջ` նկարիչ Ռենատո Բրոցիի կողմից։ Նրանց նամակագրական կապը ևս եղել է նկարչի միջոցով։

Ուշ կենսագրություն և մահ խմբագրել

Միհրի Հանըմը Թուրքիա է վերադարձել Հանրապետության հիմնումից ոչ շատ հետո։ Այստեղ նա նկարել է Աթաթուրքի դիմանկարն ու այն անձամբ է ներկայացրել նախագահի նստավայր Չանքայա ամրոցում, Անկարայում։ Հետո Միհրի Հանըմն ուղևորվել է Հռոմ, Փարիզ, այնուհետև` ԱՄՆ (Նյու Յորք, Բոստոն և Չիկագո)։ Թուրքիայից նրա հեռացումն ու դեպի ԱՄՆ կատարած ուղևորության մանրամասները հայտնի չեն։ 1938-1939 թվականներին աշխատել է Լոնգ Այլենդի (Նյու Յորք) Համաշխարհային ցուցահանդեսում։ Այս ընթացքում Հանըմն ստեղծել է այդ ժամանակ Նյու Յորքում ապրող լրագրող Ահմեդ Էմինի կնոջ` Ռեզա Էլմանի դիմանկարը։ Ինչպես հաղորդվում է, նա նաև աշխատել է Նյու Յորքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լույս ընծայվող տարբեր ամսագրերի պատկերազարդումների վրա։ Իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել աղքատության մեջ ու թաղվել է աղքատների համար նախատեսված գերեզմանոցում, 1954 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mihri_Müşfik_Hanım
  2. 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Selim İleri, "Amcazadem Mihri Hanım", Zaman Gazetesi, 19.06.2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Mihri Hanım, Cicassiandiaspora.com, Mihri Hanım Biyografisi». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրի Մյուշֆիք Հանըմ» հոդվածին։