Միլկա Տերնինա
Միլկա Տերնինա (խորվ.՝ Katarina Milka Trnina, 19 դեկտեմբերի, 1863, Վեզիշչե – 18 մայիսի, 1941[5], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ օպերային երգչուհի, դրամատիկական սոպրանո։ Ելույթ է ունեցել Եվրոպայի ու ԱՄՆ խոշորագույն թատրոններում։ Քննադատներն ու հասարակությունը բարձր են գնահատել նրա ձայնն ու դերասանական վարպետությունը, որ նա ցուցաբերել է գերմանացի ու իտալացի հեղինակների ներկայացումներում դերեր կատարելիս։ 1906 թվականին, երբ գտնվել է իր կարիերայի գագաթնակետին, հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել կարիերան։
Միլկա Տերնինա | |
---|---|
Բնօրինակ անուն | խորվ.՝ Katarina Milka Trnina |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1863[1][2][3] Vezišće |
Երկիր | Ցիսլեյտանիա |
Մահացել է | մայիսի 18, 1941[4][1][2][…] (77 տարեկան) Զագրեբ, Խորվաթիայի անկախ պետություն |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի, վոկալիստ, օպերային երգչուհի և համալսարանի դասախոս |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Milka Trnina Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿատարինա Միլկա Տերնինան ծնվել է Վեզիշե գյուղում (Կրիժ համայնքի մաս)։ Երգեցողություն պարապել սկսել է մասնավոր մանկավարժ Իդա Վինտերբերնի մոտ Զագրեբում, ապա կրթությունը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում՝ Յոզեֆ Գենբախերի մոտ։ 1883 թվականին ոսկե մեդալով ավարտել է կոնսերվատորիան։ Օպերայի բեմում Միլկա Տերնինայի նորամուտը կայացել է ուսանողական տարիներին. 1882 թվականին նա կատարել է Ամելիի դերերգը Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում։
Կարիերա
խմբագրելՄշտական թատերախմբում Տերնինան սկսել է աշխատել Լայպցիգում, իսկ 1884 թվականին տեղափոխվել է Գրացի օպերային թատերախումբ։ Այդտեղ նա ելույթ է ունեցել երկու թատերաշրջան՝ կատարելագործելով իր բեմական արվեստը։ Այդ ժամանակ վառ արտահայտվել է նրա նվիրվածությունը օպերային՝ որպես երաժշտական լուրջ ժանրի։
Դիրիժոր Անտոն Զեյդլը, տպավորված Տերնինայի ներուժով, երաշխավորել է նրան բրեմենյան օպերայի համար, որպեսզի նա փոխարինի մեկ այլ հայտնի դրամատիկական սոպրանոյի՝ Կատարինա Կլաֆսկիին (գերմ.՝ Katharina Klafsky): Բրեմենում Տերնինան առաջին անգամ ելույթ է ունեցել Ռիխարդ Վագների «Նիբելունգների մատանին» շարքի բեմադրության մեջ։ 1890 թվականին նրան հրավիրել են Մյունխենի թագավորական թատրոն, որտեղ նա ելույթ է ունեցել մի քանի տարի՝ ամրապնդելով բարձր դասի երգչուհու իր համբավն և իրեն ցուցաբերել որպես Վագների օպերաների հրաշալի կատարող։ Ոչ պակաս հաջողությամբ նա կատարել է Լեոնորայի դերերգը Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։
1896 թվականին Բոստոնում կայացել է Միլկա Տերնինայի առաջնելույթը Հյուսիսային Ամերիկայում։ Նա կատարել է Բրունգիլդայի դերերգը «Վալկիրիա» օպերայում։ 1898 թվականին նա առաջին անգամ երգել է Լոնդոնի Քովենթ գարդեն թատրոնի բեմում՝ կատարելով Իզոլդայի դերերգը «Տրիստան և Իզոլդա» օպերայում։ Թագավորական թատրոնում նա ելույթ է ունեցել մինչև 1906 թվականը՝ մասնակցելով 98 տարբեր օպերային ներկայացումների։
1899 թվականին Միլկա Տերնինան Բայրոյթի փառատոնում կատարել է Կունդրիի դերերգը «Պարսիֆալ» օպերայում։ Ըստ Օքսֆորդի օպերային համառոտ բառարանի՝ դա եղել է նրա միակ ելույթը Բայրոյթում։ 1900 թվականի հունվարի 27-ին տեղի է ունեցել Միլկա Տերնինայի նորամուտը Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում. նա կատարել է Էլիզաբեթի դերերգը «Տանհոյզեր» օպերայում։ Նյու Յորքի օպերայի հետ բեղմնավոր համագործակցության ընթացքում Միլկա Տերնինան ամերիկյան բեմում առաջին անգամ կատարել է Կունդրիի դերերգը «Պարսիֆալ» օպերայում, սակայն բեմադրությունը չէր թույլատրվել Վագների ընտանիքի կողմից, ինչի պատճառով Տերնինային այլևս երբեք չեն հրավիրել մասնակցելու Բայրոյթի ներկայացումներին, չնայած իր մասնագիտական բարձր մակարդակին։
Հայտնի է դարձել 1901 թվականին Միլկա Տերնինայի ելույթը Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի գլխավոր դերում։ Մետրոպոլիտեն օպերայի այդ բեմադրությունը ներկայացվել է 18 անգամ։ Նախորդ տարում Տերնինան առաջին անգամ կատարել էր Ֆլորիա Տոսկայի դերերգը Լոնդոնում, և Պուչինին, որ ներկա էր այդ ներկայացմանը, նրա կատարումն անվանել է կատարյալ։ Դրա շնորհիվ Տերնինան դարձել է այդ դերերգի ամենահայտնի կատարողն անգլիալեզու աշխարհում։
Կարիերայի ավարտ
խմբագրել1906 թվականին Միլկա Տերնինայի դեմքի մկանները (աչքերի շուրջը) կաթվածահար են եղել։ Հիվանդությունը եղել է անբուժելի, և Տերնինան ստիպված է եղել թողնել բեմը։ Մի քանի տարի նա երգեցողություն է դասավանդել Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում, ապա բոլորովին հեռացել է միջազգային երաժշտական բեմից և վերադարձել Զագրեբ։ Խորվաթիայում նա շարունակել է դասավանդել. նրա ամենահայտնի աշակերտուհին է եղել քնարադրամատիկական սոպրանո, Մետրոպոլիտեն օպերայի աստղ Զինկա Միլանովան։
Միլա Տերնինան մահացել է 1941 թվականի մայիսի 18-ին Զագրեբում։ Նրա ձայնի կոմերցիոն ձայնագրությունները չեն պահպանվել, սակայն նրա կատարումներից կարելի է լսել Մապլեսոնի գլանների (անգլ.՝ Mapleson Cylinders) վրա կատարված ձայնագրություններից, որ արվել են 20-րդ դարի սկզբին՝ Մետրոպոլիտեն օպերայում ելույթ ունենալու ժամանակ։ Այդ ձայնագրությունները CD սկավառակով թողարկվել են Symposium Records ընկերության կողմից (համարը կատալոգում՝ 1284):
Միլկա Տերնինայի պատվին կոչվել է ջրվեժ Պլիտվիցե լճերում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Milka Trnina». hrt.hr (խորվաթերեն). Croatian Radiotelevision. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Plitvice: Milke Trnine Slap - European waterfalls» (ամերիկյան անգլերեն). European waterfalls. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
Գրականություն
խմբագրել- David Ewen, Encyclopedia of the Opera: New Enlarged Edition. New York; Hill and Wang, 1963.
- Harold Rosenthal and John Warrack, The Concise Oxford Dictionary of Opera, second edition. London; Oxford University Press, 1980.
- Richard Somerset-Ward, Gods and Angels, New Haven and London; Yale University Press, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլկա Տերնինա» հոդվածին։ |