«Ֆիդելիո» (Op. 72; գերմ.՝ Fidelio), Լյուդվիգ վան Բեթհովենի հեղինակած օպերան է՝ երկու գործողությամբ։ Այն գերմանացի մեծ երգահանի գրած միակ օպերան է։ «Ֆիդելիոյի» սյուժեն փոխառնված է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեռ Գավոյի «Լեոնորա, կամ Ամուսնական սեր» օպերայից՝ գրված ֆրանսիացի դրամատուրգ Ժան Նիկոլա Բուիի (1763-1842 թթ.) ֆրանսերեն լիբրետոյի հիման վրա։ Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներն են Յոզեֆ Զոնլեյթները և Գեորգ Տրեյչկեն։

Ֆիդելիո
գերմ.՝ Fidelio
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրզինգշպիլ, օպերա[1] և rescue opera?
ԿոմպոզիտորԼյուդվիգ վան Բեթհովեն
Լիբրետտոյի
հեղինակ
Յոզեֆ Զոնլեյթներ, Գեորգ Ֆրիդրիխ Թրեյչկե
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուրԺանի Նիկոլյա Բուի. «Լեոնորա կամ ամուսնական սեր» պիես
Գործողությունների քանակ2 արար[1]
Գործողության տեղԻսպանիա և Սևիլյա
Տևողություն4 ժամ
ԿերպարներSecond prisoner?, Florestan?, Jaquino?, Rocco?, Don Pizarro?, Marzelline?, Leonore?, Don Fernando? և First prisoner?
Ստեղծման տարեթիվ1804
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 20, 1805[1]
Առաջնախաղի վայրՎիեննա
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Fidelio Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ստեղծագործության հիմքում ընկած է իրական պատմություն՝ մի քաղաքական բանտարկյալի կնոջ անձնուրաց սխրանքի մասին, որով նա փրկեց իր ամուսնուն վերահաս մահից։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Իսպանիայում 13-րդ դարում, բայց ժամանակակիցներն առանց դժվարության օպերայում նկատեցին իրենց օրերի հեղափոխական իրադարձությունների արձագանքները։ Սյուժեի բոլոր առանձնահատկությունները՝ դրամատիզմը, բարոյական պաթոսը, հերոսական սխրանքի գաղափարը, առաքինության փառաբանությունը և ամուսնական սիրո զորությունը, հոգեհարազատ էին Բեթհովենի գեղարվեստական ճաշակին ու անհատականությանը։ Օպերայի կենտրոնական կերպարը նա դարձրեց համարձակ և հավատարիմ Լեոնորային, ում բոլոր մտքերն ուղղված են մեկ նպատակի՝ ազատել սիրելի ամուսնուն։ Ներքին բախումը Լեոնորայի և Պիսառոյի միջև տեղի է ունենում դրամայի կուլմինացիոն զարգացման պահին։ Ատելի Պիսառոյի մռայլ, վրեժխնդիր ու օրենքները ոտնահարող կերպարն անձնավորում է դաժան բռնակալությանը։ Մեծ արտահայտչականությամբ է ուրվագծվում տառապող բանտարկյալ Ֆլորեստանը՝ բանտապահի ատելության զոհը։ Բեթհովենն այս օպերայի երաժշտությունը սկսել է գրել 1803 թվականին՝ հիմնվելով Բուիի լիբրետոյի մշակման վրա, որ կատարել էր վիեննացի գրականագետ Ի. Զոնլեյտները (1765—1835): Առաջին ներկայացման ժամանակ, որ տեղի ունեցավ 1805 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Լեոնորա» անունով, օպերան հաջողություն չունեցավ։ Դրանից հետո Բեթհովենն ընկերների խորհրդով վերամշակեց այս ստեղծագործությունը և կրճատեց որոշ տեսարաններ՝ դարձնելով օպերա երկու արարից (մինչ այդ այն բաղկացած էր երեք արարից)։ Սակայն այս խմբագրված տարբերակն էլ (1806 թ.) կարողացավ ապահովել միայն երկու ներկայացում։ Ութ տարի անց Բեթհովենը կրկին անդրադարձավ այս ստեղծագործությանը։ Լիբրետոյի նոր խմբագրված տարբերակը գրեց դրամատուրգ Գեորգ Տրեյչկեն (1776-1842)։ «Ֆիդելիոյի» (երրորդ խմբագրության վերնագիրն արդեն այսպես էր) բեմադրության 1814 թվականի մայիսի 22-ին ունեցավ զգալի հաջողություն։ Օպերայի համար գրվել է չորս նախերգանք։ Դրանցից առաջինը Բեթհովենին չի բավարարում և 1805 թվականի պրեմիերայի համար գրվեց ուրիշ նախերգանք՝ հայտնի «Լեոնորա N2» վերնագրով։ Օպերայի երկրորդ խմբագրումը ևս սկսվեց նոր նախերգանքով՝ «Լեոնորա N3» վերնագրով, որ ուներ ուշագրավ խորություն և ուժեղ արտահայտչականություն՝ աստիճանաբար բացահայտելով ստեղծագործության գաղափարը։ Չորրորդ նախերգանքը, որ կոչվում է «Ֆիդելիո», ավելի պարզ է ու կարճ և կատարվել է 1814 թվականի բեմադրության ժամանակ։

Սյուժեն

խմբագրել

Արար 1.

Ժակինոն՝ բանտի պահապանը, սիրահարված է Մարսելինային՝ վերակացուի դստերը։ Բայց Մարսելինան երազում է երիտասարդ Ֆիդելիոյի՝ իր հոր նոր օգնականի սիրո մասին։ Իրականում Ֆիդելիո անվան տակ (թարգմանաբար նշանակում է հավատարիմ), աշխատանքի է վարձվել Լեոնորան՝ բանտարկյալներից մեկի՝ Ֆլորեստանի կինը։ Ֆլորեստանը ձերբակալվել էր բռնակալ Պիսառոյի դեմ ելույթ ունենալու համար և առանց դատ ու դատաստանի նետվել ստորգետնյա մի խոր, խոշտանգումների համար նախատեսված խուց։ Լեոնորան հույս ունի ինչ-որ բան իմանալ Ֆլորեստանի մասին և ձգտում է ազատել նրան։ Պիսառոն զեկուցում են, որ Սևիլյա ստուգումների է գալիս նախարար Դոն Ֆեռնանդոն, քանզի Մադրիդ լուրեր էին հասել քաղաքական շարժառիթներով բանտում հայտնված մարդկանց մասին։ Որպեսզի կարողանա թաքցնել իր ամենամեծ հանցանքը, Պիսառոն Ռոկոյին հրամայում է հենց այդ գիշեր գաղտնի սպանել իր բանտարկյալներից ամենավտանգավորին՝ Ֆլորեստանին։ Բայց Ռոկոն հրաժարվում է անել դա՝ ասելով, թե մահապատիժ իրականացնելն իր պարտականությունը չէ։ Այդ ժամանակ Պիսառոն Ռոկոյին պատվիրում է մի գերեզման փորել, իսկ ինքն էլ կսպանի Ֆլորեստանին։ Այդ խոսակցությանն ականջ է դնում Լեոնորան, ով մտադիր էր ամեն գնով ազատել իր սիրեցյալին, բայց թե ինչպես՝ դեռ չգիտե։ Մարսելինան հորդորում է հորը՝ բանտարկյալներին թույլ տալ կարճ զբոսանքի դուրս գալ՝ ի պատիվ Թագավորի։ Բանտարկյալները երանությամբ շնչում են թարմ օդը և գոհություն հայտնում Աստծուն՝ իրենց ազատություն դուրս գալու համար։ Լեոնորան զննում է նրանց դեմքերը, բայց Ֆլորեստանը նրանց մեջ չկա։ Հանկարծ հայտնվում է Պիսառոն և զայրույթով հրամայում է բոլոր բանտարկյալներին բանտախցեր տանել։

 
Գյունտեր Տրեպտովը՝ Ֆլորեստանի և Կարինա Կուցը՝ Լեոնորայի դերերում. Բեռլին, Գերմանական օպերային թատրոն, 1945 թ.:

Արար 2.

Ֆլորեստանը տառապում է մութ գետնախցում։ Նա զգում է, որ իր օրերը հաշված են, բայց վստահ է, որ ճիշտ է վարվել՝ հանդես գալով անարդարության դեմ։ Տենդագին զառանցանքի մեջ տեսիլքով նրան է այցելում երկնային հրեշտակը՝ իր սիրելի Լեոնորայի կերպարանքով։ Ռոկոն ու Լեոնորան իջնում են գետնախուց։ Լեոնորան հազիվ շարժվող տառապյալին տեսնելով՝ խղճահարությամբ նրան ջուր և հաց է տալիս, բայց չի կարողանում տեսնել նրա դեմքը, քանի որ բանտախցում խիստ մութ է։ Հայտնվում է Պիսառոն՝ դաշույնը ձեռքին։ Ֆլորեստանը, որպես վերջին խոսքեր՝ նրա դեմքին է շպրտում մեղադրական խոսքեր, և Լեոնորան վերջապես հասկանում է, թե ով էր այդ բանտարկյալը։ Վճռական պահին նա նետվում է բանտարկյալի ու մարդասպանի մեջտեղը՝ Պիսառոյի վրա ուղղելով ատրճանակը և հայտնելով իր իսկական անունը։ Այդ պահին վերևում հնչում է շեփորի ձայն՝ ազդարարելով Նախարար Դոն Ֆեռնանդոյի ժամանումն ամրոց։ Պիսառոն հասկանում է, որ հանցագործության հետքերը թաքցնել այլևս չի կարող և շտապում է վեր։ Լեոնորան և Ֆլորեստանը երջանիկ են, որ դարձյալ միասին են։ Նրանք դուրս են գալիս հրապարակ՝ դեպի ցնծացող մարդիկ։ Պիսառոյի չարագործություններն ավարտվում են, և քաղաքական բանտարկյալները դուրս են գալիս ազատություն։ Ռոկոն Նախարարին պատմում է, թե ինչպես Լեոնորան խիզախությամբ փրկեց իր ամուսնուն։ Դոն Ֆեռնանդոն հաճելիորեն զարմացած է. չէ՞ որ Ֆլորեստանն իր հին ընկերն է։ Լեոնորան հանում է Ֆլորեստանի ձեռքերի շղթաները, և հավաքվածները փառաբանում են ամուսնական հավատարմությունը, որը մղում է սխրանքի։

Երաժշտությունը

խմբագրել
 
Fidelio, Playbill of the Worldpremiere, Vienna, Kärntnertortheater, May 23, 1814

«Ֆիդելիո» հերոսական օպերան համաշխարհային երաժշտական թատրոնի ամենախոշոր ստեղծագործություններից մեկն է։ Նրա երաժշտությունը տարբերվում է ընդգծված պաթետիկ կառուցվածքով ու լարված դրամատիզմով։ Նրանում նշանակալի դեր են խաղում օրատորիալ տեսարանները, դրանց փոխարինող կենցաղային տեսարանները, և այս ամենը` հաճախ համեմված նուրբ հումորով։ Դրա հետ մեկ տեղ երաժշտության զարգացող դրվագները՝ արիաներով, խմբերգներով ու զարգացող ասերգներով (երաժշտությամբ ուղեկցվող խոսք), երկխոսություններով, «Ֆիդելիոն» կապում են երաժշտական դրամային։ Կարճ նախերգանքն ունի կենսուրախ բնույթ։ Առաջին գործողությունն ունի երկու տեսարան։ Առաջինում, որ հանգիստ ու պարզ է, նկարագրվում է համեստ կյանքով ապրող, հասարակ մարդկանց պարզհոգի ու անաղարտ աշխարհը։ Մարսելինայի ու Ժակինոյի զուգերգն ունի նուրբ ու զվարթ հնչողություն։ Մարսելինայի «Չի կարելի ասել, թե ով է կատարյալ» արիայում բացահայտվում են սիրահար աղջկա բաղձանքները, նրա միամիտ ու պարզ զգացմունքի անկեղծությունը։ Մեղեդու զարգացումն իր գագաթնակետին է հասնում գործող անձանցից չորսի՝ Մարսելինայի, Լեոնորայի, Ռոկոյի և Ժակինոյի միասին կատարվող երգում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, ասես քարացած` կատարվող կարևոր իրադարձությունների պատճառած հույզերից, կրկնում են երաժշտության մեկ հատված՝ դրանում ներդնելով, սակայն, սեփական վերաբերմունքն ու իմաստը։ Լարված դրամատիզմով հարուստ երկրորդ տեսարանը կտրուկ հակադրվում է նախորդին։ Պիսառոյի «Այո, վրեժխնդրության ժամը եկել է» արիայում ուրվագծվող մեղեդին փոթորկուն է, իսկ ուղեկցող ջղային նվագակցումը նրան հաղորդում է զայրույթ և սպառնալիք։ Ռոկոյի և Պիսառոյի զուգերգը հարուստ է զսպված, թաքցված դրամատիզմով։ Լեոնորայի «Օ, կատաղի գազան» արիայում իրար հաջորդում են կրքոտ զայրույթը, վառ հույսը և անսասան վճռականությունը։ Խոր արտահայտչականությամբ է դրսևորվում բանտարկյալների խմբերգը. նվագախմբի թեթև ու թափանցիկ նվագակցումը, երգիչների, ասես, հալվող ձայները տոգորված են ուրախության մեղմ զգացումով։ Երկրորդ արարը ևս կազմված է երկու տեսարանից։ Ֆլորեստանի տառապանքն ու բողոքը հնչում են նրա «Աստված իմ, ինչ խավար է» արիայում, նվագախմբի ձայնակցմամբ։ Մեղեդին չափազանց զուսպ է, մեղմ ու թախծալից, որ հետո փոխակերպվում է հիանալի զորեղ պոռթկումով։ Լեոնորայի և Ռոկոյի զուգերգը համեմված է ճնշող տագնապի զգացումով։ Գերեզմանափորների աշխատանքի ռիթմից ստացվող միալար հետնապատկերի վրա հնչում են հուզված Լեոնորայի պաթոսով լեցուն բացականչությունները։ Գործողության կուլմինացիան զարգանում է քառյակի (Լեոնորայի, Ֆլորեստանի, Ռոկոյի և Պիսառոյի) երգում, որի արագ զարգացումն ընդհատվում է դրամատիկ պոռթկումներով։ Անհուն ցնծություն է հնչում Լեոնորայի և Ֆլորեստանի զուգերգում։ Ապա հաջորդում է օրատորիալ պատկերներով հարուստ երկրորդ տեսարանը։ Ցնծացող երգչախմբի զորեղ հնչողությունը, քայլերգային ռիթմը, շեփորների տոնական նվագը, արտահայտում են համընդհանուր ուրախությունը, լույսի ու արդարության հաղթանակը։ Օպերան համարվում է գերմանական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ այսօր էլ բեմադրվելով համաշխարհային օպերային թատրոնների կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիդելիո» հոդվածին։