Մերի Քոչար
Մերի Հրաչյայի Քոչար (սեպտեմբերի 9, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994, Երևան, Հայաստան), հայ արևելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր (1992 թ.), պրոֆեսոր (1993 թ.)։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (1978-93 թթ.), ԵՊՀ թուրքական և արաբական բանասիրության (1991 թ. վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնի հիմնադիր-վարիչ (1975-94 թթ.)։ Հայ արևելագիտության խոշորագույն երախտավորներից մեկը։
Մերի Քոչար Մերի Հրաչյայի Քոչար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 9 սեպտեմբերի 1936 Երևան (ՀԽՍՀ, ԽՍՀՄ) ![]() |
Մահացել է | 23 նոյեմբերի 1994 Երևան (ՀՀ) ![]() | (տարիքը 58)
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Թուրքագիտություն |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Գիտական ղեկավար | բ.գ.դ., պրոֆ. Երվանդ Սևորդյան |
Հայտնի աշակերտներ | ՀՀ ԳԱԱ ակադ., պ.գ.դ., պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյան, պ.գ.թ., պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյան, բ.գ.թ., դոց. Լուսինե Սահակյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 9-ին Երևանում՝ ականավոր արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967 թ., «Նահապետը» վիպակի համար) Հրաչյա Քոչարի ընտանիքում։
Ավարտելով Երևանի թիվ 8 դպրոցը՝ 1954 թ. ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ մասնագիտանալով թուրքագիտության ոլորտում, աշակերտելով նախկին Խորհրդային Միության առաջատար բանասերներին և արևելագետներին։ 1960 թ. Մ. Քոչարը աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքում (հետագայում՝ Արևելագիտության ինստիտուտ)` որպես գիտաշխատող։ 1963 թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1968 թ. Մոսկվայում ճանաչված թյուրքագետ Երվանդ Վլադիմիրի Սևորդյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1975 թ. ստանձնել է ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1978-93 թթ. պաշտոնավարել է նաև որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1992 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին առընթեր մասնագիտացված խորհրդի կողմից ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1993 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1991 թ.-ից մինչև կյանքի վերջը Մ. Քոչարը ղեկավարել է ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վերակազմավորման արդյունքում ստեղծված ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը։ Վախճանվել է 1994 թ. նոյեմբերի 23-ին Երևանում։
Մանկավարժական գործունեությունԽմբագրել
Մ. Քոչարին աշակերտել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը, ճանաչված քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ։
ԱշխատություններԽմբագրել
Բացառիկ արժեքավոր են Մ. Քոչարի թե´ լեզվաբանական, թե´ գրականագիտական և թե´ պատմագիտական աշխատանքները։ Նա հեղինակ է մի շարք հոդվածների, երկու մենագրության և համահեղինակ՝ մեկ աշխատության՝
- «Турецкие элементы в языке константинопольских армян», Ереван։ Изд-во Ерев. ун-та, 1981 («Թուրքական տարրերը պոլսահայերի լեզվում» (ռուս.))[1],
- «Армяно-турецкие общественно-политические отношения и армянский вопрос в конце XIX - начале XX веков», Ереван։ Изд-во Ерев. ун-та, 1988 («Հայ-թուրքական հարաբերությունները և հայկական հարցը XIXդ. վերջին - XXդ. Սկզբին» (ռուս.))[2],
- «Современные турецкие авторы об армянах и армянском вопросе» (совместно с Дж. С. Киракосяном), Сектор научной информации по общественным наукам АН Арм. ССР, Ереван, 1977 («Ժամանակակից թուրք հեղինակները հայերի և հայկական հարցի մասին» (ռուս.))։
ԳրականությունԽմբագրել
- Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, «Պրոֆեսոր Մ. Հ. Քոչարի կյանքի ու գիտամանկավարժական գործունեության մասին», Արևելագիտական ժողովածու, Հատոր V, Երևան 2004, էջ 3-7։