Մարի Էլիզաբեթ Քոլիեր (անգլ.՝ Marie Elizabeth Collier, ապրիլի 16, 1927(1927-04-16)[1], Բալլարատ - դեկտեմբերի 8, 1971(1971-12-08)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի օպերային սոպրանո[2]։

Մարի Քոլիեր
Ծնվել էապրիլի 16, 1927(1927-04-16)[1]
Բալլարատ
Երկիր Ավստրալիա
Մահացել էդեկտեմբերի 8, 1971(1971-12-08)[1] (44 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունCamberwell High School?

Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալարատ քաղաքում, երկաթուղային կայարանի աշխատակից Թոմաս Ռոբինսոն Քոլիերի (1894–1962) և վերջինիս կնոջ՝ Աննի Մարիի ընտանիքում[2]։ 1941-1943 թվականներին հաճախել է Մելբուռնի արևելյան արվարձանում գտնվող Քեմբերվել ավագ դպրոցը[2][3]։ Դաստակի կոտրվածքի պատճառով ստիպված է եղել թողնել դաշնամուրն ու սկսել երգել[2]։ Առաջին անգամ հանրությանը ներկայացել է 1952 թվականի մարտին՝ Մելբուռնի ազգային օպերային թատրոնում կատարելով Սանտուցայի դերերգը «Գեղջկական ասպետություն» օպերայից[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին ամուսնացել է ինժեներ Վիկտոր Բենջամին Վորմերգի հետ[2] և ունեցել դուստր և երեք որդի։ Ավստրալիայում հայտնիություն է ձեռք բերել 1953–54 թվականներին՝ Ջան Կարլո Մենոտտիի «Հյուպատոսը» օպերայից կատարելով Մագդա Սորելի դերը[2], որով Մելբուռնում, Սիդնեյում և գավառներում հանդես է եկել յոթանասունհինգ անգամ։

1955 թվականին ուսանել է Միլանում, որտեղ նրան լսել է լորդ Հերվուդը[2], որից հետո նրան պայմանագիր է առաջարկվել որպես կանոնավոր անդամ հանդես գալու Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Այնտեղ դեբյուտը կատարել է 1956 թվականին «Կախարդական սրինգ» օպերայից առաջին տիկնոջ դերերգով։ 1962 թվականի մայիսին Քովենտրի քաղաքում Մայքլ Տիպետի «Պրիամ արքա» օպերայի պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Հեկաբե թագուհուն։ Կովենտ գարդենում 1963 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Շոստակովիչի «Կատերինա Իզմայլովա» օպերայի պրեմիերային[4] և 1964 թվականի փետրվարի 12-ին Սադլերս Վելզ թատրոնում տեղի ունեցած Յանաչեկի «Մակրոպուլոսի միջոցները» օպերայի պրեմիերայի ժամանակ հանդես է եկել գլխավոր դերերում[5]։

Հետագա համերգաշրջանների ընթացքում Կովենտ գարդենում կերտել է նաև Մուսետային «Բոհեմ» օպերայից, Ջուլիետային «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Լիուին «Տուրանդոտ» օպերայից, Ֆլորային «Տրավիատա» օպերայից, Բատերֆլային «Մադամ Բատերֆլայ» օպերայից և 1963 թվականին բեմադրված «Տոսկա» օպերայի գլխավոր հերոսուհուն։ 1960 թվականի մայիսին նրա կատարմամբ Մուսետայի դերերգի մասին Էվան Սենիորն ասել է․ «Դա այդ դերի ամենազարմանալի և տպավորիչ դերակատարումն ու լիարժեք երգեցողությունն էր, որ ես երբևէ տեսել կամ լսել էի»[2]։

Կովենտ գարդենում Տոսկայի դերակատարի ամենահանրահայտ փոխարինողն էր․ երբ Մարիա Կալասը չեղարկել է նախատեսված չորս կատարումներից երեքը, Քոլիերը փոխարինել է նրան և արժանացել մեծ գնահատանքի[6]։

1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայում Մարվին Դավիդ Լևիի «Սուգը դառնում է էլեկտրա» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Քրիստին Մանոնին[7]։ Մետրոպոլիտեն օպերայում կերտած նրա դերերից էին նաև Մուսետան, Տոսկան և Սանտուցան[8]։

1968 թվականին մասնակցել է Ավստրալիայում առաջին օպերային հեռարձակմանը[9]։

Սըր Գեորգ Շոլթիի դիրիժորությամբ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայի հանրահայտ ձայնագրության մեջ հանդես է եկել Քրիսոթեմիսի դերակատարմամբ, որտեղ Բիրգիտ Նիլսոնը կատարում էր գլխավոր դերը[10]։

Վախճանվել է Լոնդոնում 44 տարեկան հասակում՝ պատուհանից պատահաբար ցած ընկելու հետևանքով[2]։ Դրանից կարճ ժամանակ առաջ ընտրվել էր Կովենտ գարդենում Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում Կասսանդրայի դերը կատարելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Radic, Thérèse (1993). «Biography – Marie Elizabeth Collier». Australian Dictionary of Biography. Australian National University. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  3. http://www.chessmoves.com/mariecollier.htm Արխիվացված 7 Հունվար 2012 Wayback Machine
  4. The Musical Times, Vol. 104 No. 1450 (December 1963), p. 878
  5. The Musical Times, Vol. 105, No. 1451 (January 1964), p. 78
  6. "How we made: Franco Zeffirelli and John Tooley on Tosca (1964)" by Anna Timms, The Guardian, 24 July 2012
  7. "Restoring Luster to a Dark Melodrama" by Anthony Tommasini, The New York Times, 13 October 1998]
  8. http://archives.metoperafamily.org/archives
  9. «LISTSERV 15.5 - OPERA-L Archives». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. Strauss: Elektra

Արտաքին հղումներ խմբագրել

  • Marie Collier Collection in the Performing Arts Collection, the Arts Centre, Melbourne (magazine and newspaper clippings, photographs, programmes, scrapbooks etc.)
  • "Marie Collier in Tosca, 1963 picture, at National Library of Australia