ՄԱԿ-ը և ցեղասպանության խնդիրը
Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։ Բնորոշման հիմքում ընկած են Միջազգային զինվորական ատյանի հրովարտակի (1945 թվականի օգոստոսի 8) դրույթները, որոնք իրենց հաստատումն են գտել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի և 1947 թվականի նոյեմբերի 27-ի բանաձևերում՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներ։ 1946 թվականի դեկտեմբերի 11-ի բանաձևը հռչակում է, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
Պատմություն
խմբագրել1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (դեկլարացիա), որը մարդու իրավունքների առաջին հատուկ փաստաթուղթն էր։ Մարդու հիմնական իրավունքներին են վերաբերում, մասնավորապես, ապրելու, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը, պատվի, հեղինակության ու բնակարանի անձեռնմխելիությունը։ Դրա հիման վրա մասնակից պետությունների համար մշակվում են իրավականորեն պարտադիր Մարդու իրավունքների պակտեր, որոնք ընդունվում են 1966 թվականի դեկտեմբերի 16-ին։ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է համարում ապրելու իրավունքը և այն դրույթը, որ ոչ ոք չպետք է ստրուկ լինի կամ անզոր և ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի։ Պակտը հավաստում է, որ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ամեն մի դրսևորում պետք է արգելվի օրենքով։
1968 թվականի փետրվարի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղդված ոճրագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չկիրառելու մասին կոնվենցիան, որը մասնակիցներին պարտավորեցնում է ձեռնարկել ամեն մի օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի ազգային օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը և այլ սահմանափակումները չկիրառվեն փաստաթղթում թվարկված հանցագործությունների համար հետապնդման և պատժի դեպքերում։ Կոնվենցիան մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների շարքն է դասում ցեղասպանությունը։
Ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցանքի դատապարտումը առկա է նաև ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում, մասնավորապես՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման, ապարտեիդի դատապարտման և այլնի մասին մի շարք բանաձևերում ու կոնվենցիաներում։
ՄԱԿ-ը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի Փոքրամասնությունների խտրականության կանխման ու պաշտպանության ենթահանձնաժողովը, բազմաթիվ անգամներ դիմել է 1915-1923 թվականների հայերի ցեղասպանության հարցի քննարկմանը։ Ենթահանձնաժողովը բաղկացած է Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջաններում ընտրվող փորձագետներից։ Ենթահանձնաժողովի 20-րդ նստաշրջանը (հոկտեմբեր, 1967) որոշում ընդունեց իր ծրագրի մեջ մտցնել ցեղասպանության կանխման և դրա համար պատժի հարցը։ Այդ որոշումը վավերացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից։ Ենթահանձնաժողովը իր 24-րդ նստաշրջանում (օգոստոս, 1971) Ռուանդայի ներկայացուցչին նշանակում է հատուկ զեկուցող և նրան հանձնարարում նախապատրաստել նախնական զեկուցում։ Զեկուցումը ներկայացվում է 1972 թվականի մայիսին և հիշատակություն չէր պարունակում հայերի կոտորածների մասին։ 1973 թվականի մարտին հատուկ զեկուցողը ներկայացնում է ավելի ընդարձակ տարբերակ, որի # 30-ում նշվում էր. «Անցնելով արդի դարաշրջանին, կարելի է նշել հայերի կոտորածներին վերաբերող լիակատար փաստագրության գոյությունը, որոնք նկարագրված են որպես «20-րդ դարի ցեղասպանության առաջին դեպք»։ Այդպիսով, հայերի ցեղասպանությունն առաջին անգամ հիշատակվում էր ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթում։ Ենթահանձնաժողովը զեկուցումը քննարկում է 1973 թվականի օգոստոսի 26-րդ նստաշրջանում, արժանանում բարձր գնահատականի և ընդունվում միաձայն։
Ընդունված արարողակարգի համաձայն, զեկուցումը քննարկվում է նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի (որի անդամները, ի տարբերություն Ենթահանձնաժողովի, իրենց կառավարությունների ներկայացուցիչներն են, բայց վետոյի իրավունք չունեն) 30-րդ նստաշրջանում, 1974 թվականի մարտին։ Թուրքիայի պատվիրակն առաջարկում է զեկուցագրից հանել # 30-ը՝ պատճառաբանելով, թե հայերի կոտորածների մասին հիշատակությունը «պատմական փաստերի խեղաթյուրում է», և որ զեկուցման մեջ հավասարության նշան է դրվում ցեղասպանության և «պատերազմի բնական հետևանքների» միջև։ Պատվիրակը պահանջում է հանել նաև # 28-ը և 29-ը, որոնք վերաբերում էին կրոնական ցեղասպանություններին։ Թուրքական պատվիրակի առաջարկությունը պաշտպանում են մի շարք երկրների, այդ թվամ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Իրանի ներկայացուցիչները։ Զեկուցագիրը լրամշակման համար վերադարձվում է Ենթահանձնաժողովին։ Մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակի ընդունած դիրքորոշումը դժգոհություն է առաջ բերում ամերիկյան հասարակական շրջաններում, երկու կոնգրեսականներ Ենթահանձնաժողովին ներկայացնում են 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր։ Միաժամանակ # 30-ի դեմ առարկող ԱՄՆ-ի պատվիրակների առջև հաղորդումներով հանդես են գալիս ԱՄՆ-ի հայկական շրջանների ներկայացուցիչները, որոնք տրամադրում են լրացուցիչ փաստագրական նյութեր։ # 30-ի շուրջ բանավեճը շարունակվում է 1975 թվականի սեպտեմբերին, ժնևում։ Ավստրիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի և Հարավսլավիայի փորձագետները արտահայտվում են փաստաթղթում # 30-ի պահպանման օգտին։ Որոշում է ընդունվում երեք տարով, մինչև Ենթահանձնաժողովի 33-րդ նստաշրջանը (1978) սառեցնել հարցի քննարկումը։
1978 թվականի քննարկման ժամանակ զեկուցողն հայտարարում է, թե հայերի ցեղասպանության վկայություններ չի հայտնաբերել, և որ միակ ճանաչված դեպքը հրեաների ցեղասպանությունն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զեկուցողին են առարկում Ավստրիայի, Արգենտինայի, ԽՍՀՄ-ի, Հունաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, հարցի քննարկումը հետաձգվում է։ Զեկուցումը կրկին Մարդու իրավունքների հանձնաժողովին է ներկայացվում 1979 թվականի մարտին, ժնևում։ Նրանում # 30-ը բացակայում էր, որն առաջ է բերում Ավստրիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի պատվիրակների վճռական առարկությունները։ Թուրքիայի պատվիրակը, որին պաշտպանում էր Պակիստանի ներկայացուցիչը, դիմելով ընթացակարգային կանոնակարգին, դեմ է արտահայտվում այլևս քննարկված կետերին վերադառնալուն։ Այդուհանդերձ, ձայների մեծամասնությամբ # 30-ը մտցվում է եզրափակիչ փաստաթղթի մեջ։
1985 թվականի օգոստոսին Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովը իր 38-րդ նստաշրջանում (ժնև) քննարկման համար ընդունում է ցեղասպանության մասին զեկուցագիրը, որի # 24-ը «հայերի 1915-16 թվականների օսմանյան կոտորածը» բնորոշում էր որպես ցեղասպանության օրինակ։ Զեկուցագրում հիշատակվում էր 20-րդ դարի ցեղասպանության 9 դեպք։ Հայերի ցեղասպանության մասին ասված էր, որ «անկախ իշխանությունների և վկաների արժանահավատ գնահատմամբ, հայ բնակչության կեսից ավելին, ըստ երևույթին, սպանվել կամ մահվան քարավաններ է ուղարկվել։ Դա հաստատվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվային փաստաթղթերով, ինչպես նաև այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ներկայացված, այդ թվում նրա դաշնակից Գերմանիայի, դիվանագետների վկայություններով»։ # 24-ի օգտին քվեարկում են 14 երկրների փորձագետներ, դեմ՝ 1 (ԽՍՀՄ) և ձեռնպահ՝ 4 (Բանգլադեշ, Կուբա, Հորդանան և Մարոկկո)։
Ավելի ուշ Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը դատապարտում են նաև միջազգային այլ կազմակերպություններ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), ժողովուրդների մշտական ատյանը (1984) և այլն։
Գրականություն
խմբագրել- Human Rights. A Compilation of International Instruments. Centre for Human Rights, Geneva, N. Y„ 1980։
- The Armenian Question Today. International Documents, 1983-1987, 2-nd ed., L A, 1988.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |