Հովհաննես Նուրտինյան
Հովհաննես վարդապետ Նուրտինյան (արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան, 1747, Դիարբեքիր, Դիարբեքիրի գավառ, Դիարբեքիրի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1803, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), հայ եկեղեցական գործիչ, պատմիչ[1][2]։
Հովհաննես վարդապետ Նուրտինյան արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան | |
Մասնագիտություն | քահանա |
---|---|
Ծնունդ | 1747 Տիգրանակերտ |
Մահ | 1803 Լիվոռնո |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1747 թվականին Տիգրանակերտում[1]։ Նրա ծնողներն են՝ Բաղեշից քրդերի պատճառով գաղթած Սահակ Քյոսյանցը և Մարթա Նուրտինյանը[3][4]։
Արղնիի Բարձրահայց վանքում աշակերտել է իր քեռուն՝ Աբրահամ եպիսկոպոս Նուրտինյանին։ Նվիրակությամբ Դիարբեքիրում եղած Հովակիմ եպիսկոպոս Քանաքեռցին (հետագայում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք) տեսնելով որբ Հովհաննեսին, կարեկցում է նրան և հետը Դամասկոս տանում, որտեղ էլ նրան ձեռնադրում է սարկավագ (1763)[3] և իր հետ տանում Երուսաղեմ, իբրև Սուրբ Հակոբյանց վանքի միաբան։ 1765 թվականին Հովակիմ եպիսկոպոսի հետ գնում է Կոստանդնուպոլիս։ 6 ամիս նրա մոտ մնալուց հետո Հովհաննեսը աշակերտում է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում հաստատված Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանին, նրա կողմից 1769 թվականին ձեռնադրվում վարդապետ և որի հետ էլ 1772 (1773) թվականին գնում է Իտալիայի Լիվոռնո քաղաք[1]։ 1773 թվականից մշտապես բնակվել է Լիվոռնո քաղաքում[3][4]։
Մահացել է Լիվոռնոյում, 1803 թվականին[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՀեղինակ է մի շարք մանր երկասիրությունների, որոնցից նշանավոր է 1779 թվականին գրված իր ուսուցչի՝ Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանի մասին ոտանավոր կենսագրությունը, որը 1908 թվականին հրատարակվել է Գրիգորիս Գալեմքյարյանի կողմից Վիեննայում՝ Մխիթարյան միաբանության տպարանում[1][2]։ Այս երկասիրությունը հայտնի է երկու օրինակով։ Առաջինը՝ Օրթագյուղի Անտոնյան միաբանության թիվ 653 ձեռագիրն է, իսկ երկրորդը՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի թիվ 773 ձեռագիրը, ընդ որում, առաջինը՝ ինքնագիր է[3]։
Երկը հանգավոր գրվածք է, բաժանված 10 գլուխների կամ, ինչպես հեղինակն է անվանում, երգերի։ Վերջին՝ 11-րդ երգը նվիրված է հեղինակի կենսագրությանը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 702-703.
- ↑ 2,0 2,1 «Ազգային մատենադարան, ԾԵ.», Գրիգորիս Գալեմքյարյան, Վիեննա. Մխիթարեան տպարան, 1908.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Էջմիածին» ամսագիր, 2001, հունվար, էջ 93․
- ↑ 4,0 4,1 «Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի», Մկրտիչ Աղավնունի, Երուսաղեմ, 1929.