Հայկ Խանումյան
Հայկ Ռուբենի Խանումյան (սեպտեմբերի 12, 1984, Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է[1][2]։
Հայկ Խանումյան | |
Արցախի Հանրապետություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 12, 1984 (40 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1984 թվականի սեպտեմբերի 12-ին, Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում, 2001 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, քաղաքագիտության գծով մասնագիտացել Կովկասի ինստիտուտում (Երևան)[3], իսկ եվրոպական ուսումնասիրությունների գծով՝ Ստրասբուրգի համալսարանում[3]։ 2009-2010 թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում[3]։
2010 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է Արցախի եվրոպական շարժում հասարակական կազմակերպությունը, որի նպատակը միջազգային ոչ կառավարական սեկտորում Արցախը ճանաչելի դարձնելն էր[4]։
Ամուսնացած է Դիանա Մովսիսյանի հետ։
Լրագրողական գործունեությունը
խմբագրել2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ.Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը[5][6]։
Ընդդիմադիր քաղաքական գործունեություն
խմբագրելՀայկ Խանումյանը երկար տարիներ Արցախի Հանրապետությունում հանդես է եկել որպես ընդդիմադիր գործիչ[7]։
2011 թվականին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքն ընդգծված ազգայնական է, Արցախի հարցում բացառում է որևէ տարածքային զիջում, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների ինտենսիվ վերաբնակեցմանը[3]։
2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանին և նախընտրական արշավում համակարգել վերջինի շտաբի հասարակայնության հետ կապերը[8]։
2013 թվականի հունվարին Լեոնիդ Հայրապետյանի և Վարդան Առուստամյանի հետ հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման մտադրության մասին և նույն թվականի փետրվարի 23-ին կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության ժամանակավոր նախագահ, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ կուսակցության նախագահ[9]։
Պատգամավորական գործունեություն
խմբագրել2015 թվականի մայիսի 3-ի Արցախի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում իր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր[10]։
Արցախի ՏԿԵ նախարար
խմբագրել2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Հայկ Խանումյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[1]։
Քրեական գործ
խմբագրելԱրցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել նախարար Հայկ Խանումյանի նկատմամբ՝ մեղադրելով, որ նա, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար վնաս[11]։ Հայկ Խանումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել[11]։
Տարածքների հանձնում
խմբագրել2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[12]։ Բնակչության հեռացման գործընթացը վերահսկում և կազմակերպում է նախարար Հայկ Խանումյանը[12][13]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՀայկ Խանումյանը ֆիլմ է նկարահանել Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Ալլահվերդի Բագիրովի մասին։ Ֆիլմում նա ներկայացրել է Ակնայում Ալլահվերդի Բագիրովի տապանաքարի տեղադրման պատմությունը։ Խանումյանը Ֆիլմում ներկայացել է, որ 1994 թվականին այդ տապանաքարը տեղադրել է Բագիրովի մարզընկեր ֆուտբոլիստ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկայացվել է նաև, որ տարիներ անց Ռազմիկ Պետրոսյանը ցանկացել է նոր տապանաքար տեղադրել՝ փոխարինելով հինը։ Արցախի Հանրապետության իշխանություններից թույլտվություն ստանալու նպատակով Հայկ Խանումյանը դիմել է այն ժամանակ ազգային անվտանգության տնօրեն Արշավիր Ղարամյանին։ Նոր տապանաքարի տեղադրման արարողությունը նույնպես տեղ է գտել ֆիլմում։ 2018 թվականին Ալլահվերդի Բագիրովի նոր տապանաքարը մի խումբ երիտասարդների կողմից տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք և ոչնչացվել[14]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկ Խանումյանի մասին տեղեկություններ Արցախի Հանրապետության կառավարության կայքում, արխիվացված 07․01․2021թ․։
- ↑ «Հայկ Խանումյանը՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «արտաքին հղում|bot=InternetArchiveBot». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «արտաքին հղում|bot=InternetArchiveBot». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Հայկ Խանումյանի սյունակը Մեդիամաքսում
- ↑ «Հայկ Խանումյանի սյունակը Սիվիլնեթում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Խանումյանին ծեծելու դեպքով հարուցված քրգործը կարճվել է. Որոշումը կբողոքարկվի» հոդված panarmenian.net կայքում, արխիվացված 12․08․2022թ․։
- ↑ Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ. Արցախում ընտրություններն անցել են ազատ, բայց անարդար
- ↑ «Նոր կուսակցություն Ղարաբաղում» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։
- ↑ Հայկ Խանումյանի կենսագրությունը Արցախի Հանրապետության ազգային ժողովի կայքում, արխիվացված 12․08․2022թ․
- ↑ 11,0 11,1 «Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը». Հայկ Խանումյան» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։
- ↑ 12,0 12,1 «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը» հոդված news.am կայքում, (արխիվացված 07․08․2022թ․)։
- ↑ «Երբ վառում ես բնակարանները՝ ջնջում ես ամեն ինչ, խաչ ես քաշում, որ այդտեղ վերադառնալու ես». Հայկ Խանումյան» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։
- ↑ «Մի քարի պատմություն» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։