Հայկական պար
Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը[1]։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները[2]։
Պատմություն
խմբագրել20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակը։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի կրթությունը պետությունը վերցնում է իր վրա։ Հիմնվում են պարային ստուդիաներ, որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի ստեղծմանը[3]։
Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։
Ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից[4]։
Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրություն բառը, ինքնին, բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։
Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է[3]։
Աշխարհագրական տվյալներ
խմբագրելՀամշենահայերի պարեր
խմբագրել«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ։ Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս։ Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին։ «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել։ Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր։ Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»։ Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք)։ Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել։
Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր։
Գոյություն են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ։ Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին։ Հավատալիքների համաձայն՝ սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար։ Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր։
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա։ Դհոլը զարկել են գետնին դրած։ Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ։
Տարատեսակներ
խմբագրելՀայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների[5]
Ըստ կատարման բնույթի՝
- Պարերգեր ՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,
- Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,
- Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով։
Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝
- Ճկույթներով
- Ափերով
- Խաչված ափերով
- Ուսերով
- Գոտկատեղից
Ըստ բովանդակության՝
- առասպելական
- էպիկական
- լիրիկական
- պաշտամունքային
- ճանապարհի
- լարախաղացների
- աշխարհիկ
- աշխատանքային
- ռազմական
- erishta
- Վերվերի
- Փափուռի
- Գորանի
- Շորոր (ճոճք)
- Թամզարա (պար)
- Աստվածածնա պար
- Լորկե
- Ծաղկաձորի
- Թամուր աղա
- Էջմիածին
- Ֆնջան
- Թարս պար
- Լուտկի
- Երեք ոտք
- Շավալի
- Խոշ բիլազիգ
- Թռթռուգ
- Սրաբար
- Քոչարի
- Մըշու խըռ
- Քերծի
- Ռոստամ բազի
- Յարխուշտա
- Իշխանաց պար
- Ինը ոտք
- Տասներկու ոտք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ազգային պարեր։ Հայաստանի Հանրապետություն». Gisher. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Հայ ժողովրդական պարարվեստ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայկական պար» (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ | «Կարին» ավանդական երգի և պարի համույթ». www2.karinfolk.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Պատմություն | «Կարին» ավանդական երգի և պարի համույթ». karinfolk.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայկական պար կատեգորիայում։ |