Սրաբար
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սրաբար, համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից մեկը, որի տարատեսակներից է նաև «Հայսին բարը»։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնվանումը առաջացել է «սրա» արմատից, որը նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար։
Խորհուրդը
խմբագրելՀամշենահայերը «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել է ավարտին։ Պարին մասնակցել են բոլոր զույգերը։ Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել։ Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց։ Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է։
«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս։ Այն կատարվում է երկու անգամ. առաջինը՝ հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտի պար, երկրորդը՝ հարսանիքի վերջում։ Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ՝ կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելու համար։ «Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով։ Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ։ Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ։
Պարային քայլերը
խմբագրելՊարի ժամանակ երկսեռ զույգերը փակ շրջան են կազմում տան կենտրոնում գտնվող օջախի շուրջ, կողք-կողքի, թևերը՝ 90˚ անկյունով դեպի առաջ ծալած, դեմքերը դեպի շրջանի կենտրոնը։ Պարային քայլերն են․
- ձախ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվում և վերադառնալով՝ ընդունում մարմնի ծանրությունը,
- նույնը կատարում է աջ ոտքը,
- ձախը կրկնում է առաջին շարժումը,
- աջ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվելով,
- աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ՝ կես քայլ հեռավորությամբ,
- ձախ ոտքով քայլ-միացում. ոտքը դնում են սահեցնելով, առանց գետնից շատ բարձրացնելու։
Տղամարդիկ երբեմն տեղափոխվող ոտքը, թեթև բարձրացնելով, խաղացնում են օդում։ Պարը խիստ հանդիսավոր է։
Համշենցիները «Սրաբարը» համարում են «Թռթռուգի» և «Ձօնդր բարի» (ծանր պար) միջին տեսակ կամ հանգիստ «Թռթռուգ»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սրաբար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.