Ռոստամ Բազի («Քաջաց խաղ»), հայկական ռազմապար։

Կարին ավանդական երգի-պարի համույթը Ռոստամ Բազի պարելիս

Անվանում խմբագրել

«Ռոստամ Բազի» ռազմապարը իր անվանումն է ստացել պարսիկ գրող Ֆիրդուսու հանրահայտ էպոսի հերոս Ռոստամի անունից։ Նա ողջ Իրանում և պարսկահայոց շրջաններում համարվում էր քաջության և դյուցազնականության խորհրդանիշ։ Իսկ «բազի» թարգմանաբար նշանակում է «խաղ»։ Հայերեն թարգմանությամբ պարը կարելի է կոչել «Քաջերի խաղ»[1]։

Պատմություն խմբագրել

Հին ժամանակներից ի վեր հայերը ռազմապարերը համարել են սրբազան և կարևորել դրանք։ Ռազմիկները դրանք պարել են մարտի գնալուց առաջ՝ հաճախ պատերազմի հաջող կամ անհաջող ավարտը պարերի միջոցով գուշակելու համար։ Հարսանիքներին կամ այլ ժողովրդական տոներին դրանք կատարվել են մի շարք ծիսական նպատակներով։

Հայերի նախնիների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի առանձին ռազմական պարերը նմանվում էին էպիկական ներկայացումների, մենամարտի և ճակատամարտի տեսարանների։ Վարկածներ կան, որ «Ռոստամ Բազի» պարի նախնական տարբերակը նվիրված է եղել Վահագնին՝ հայկական դիցարանի ռազմի աստծուն։

Ռազմական պարերը մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստվածության համակարգի մեջ, ինչով էլ հենց պայմանավորված է դրանց համաժողովրդական տարածումը։ Հետագայում հայ ժողովուրդը պարերի մեջ մտցրեց կենցաղային բովանդակություն, որն էլ զարգացավ նրանց պաշտամունքային նշանակության հետ մեկտեղ։ Ռազմապարերն ունեն իրենց հատուկ բազմազանություն, շարժունակություն, համարձակ թռիչքներ, հարձակումներ և յուրահատուկ մնջախաղային արտահայտչականություն։

Ռազմի պարերը հիմնականում լինում են գծային, որը բաժանվում են երկու ձևի՝ միաշարք և երկշարք գծային պարեր։ Սակայն «Ռոստամ Բազին» ռազմապարերի այն առանձնահատուկ պահպանված նմուշներից է, որը պարում են շրջանաձև։ Պարեղանակն ունի խառը շեշտադրումով 3/4 հաշիվ, հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Սա վկայում է պարի դրական և հաջողակ բովանդակության և հաղթական շնչի մասին։

Պարաքայլեր խմբագրել

Պարաքայլերը բնորոշ են պարսկահայերի պարարվեստին՝ փոքր-ինչ կլորավուն են, աղեղնաձև քայլերով։ Պարաքայլի հաշիվը յոթ է, որն էլ նույնպես դրական խորհուրդ ունի։ Առաջին երեք հաշիվը տեղում ձախ ոտքով, երրորդը դեպի ձախ կատարվող շարժումներն են, որոնք ռազմիկին հոգեպես նախապատրաստում են հաղթանակի, նախկին մարտերում ձախորդությունների մոռացման։ Հաջորդ երեք հաշվին մարմինը աջ դարձումով կտրուկ տեղաշարժվում է դեպի աջ։ Յոթերորդ հաշվին արդեն մարմինն ուղղվում է և ելման դրություն ընդունում՝ բարձր թռիչքով վերջացնելով պարաքայլը՝ ասես արձանագրելով մարտում հաղթությունը։

Գաղափարախոսություն խմբագրել

Ըստ վարկածների՝ այս ռազմապարը հեթանոսական ժամանակների գաղափարախոսության վերապրուկ է։ Հենց այդ է վկայում պարի հատակագծի ձևը, որը նման է արևի սկավառակի։ Կան հիշատակություններ, ըստ որոնց պարը երբեմն պարել են դաշույններով կամ ջահերով, որոնք հետագայում դուրս են մնացել կենցաղից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռոստամ Բազի պարի մասին տեղեկություն Կարին ավանդական երգի, պարի համույթի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել