Ֆնջան, «չորս ոտք» պարաձև՝ Կարնո պարատեսակներից։

Կարին երգի-պարի համույթը Ֆնջան պարելիս

Պատմություն խմբագրել

Մեծ տարածում է գտել Ջավախքում։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ[1]։

Պարաքայլեր խմբագրել

Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասում այն արագանում է, ունի թռիչքներ։ Ողջ պարի ռիթմը հավասարաչափ է, իսկ պարեղանակի հաշիվը՝ խառը։ Յուրաքանչյուր քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն։ Դաստակները ափ ափի են բռնում, դաստակները՝ կրծքի բարձրության, արմունկները՝ դեպի վեր ծալած, սուր անկյան տակ։

Պարային քայլերն են.

  • երկու անգամ ձախ թաթը խաղացվում է աջ թաթի մոտ,
  • ձախ թաթը միացնվում է աջին՝ ընդունելով ծանրությունը,
  • աջ ոտքը ընդունում է ծանրությունը,
  • ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
  • աջ ոտքը խաղացնվում է ձախ ոտնաթաթի մոտ,
  • աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
  • ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
  • երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած,
  • աջ ոտքով քայլ դեպի աջ,
  • ձախ թաթը միացնվում է աջին՝ ընդունելով ծանրությունը,
  • աջ ոտքով քայլ դեպի աջ,
  • ձախ թաթը խաղում է օդում,
  • ձախ թաթը ընդունում է ծանրությունը,
  • աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
  • աջ ոտքը միացվում է ձախին։

Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆնջան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել