Հայկական կերպարվեստի սկզբնավորում

Հայկական կերպարվեստ, սկզբնավորվել է դեռևս մ.թ.ա. 13-12-րդ հազարամյակներում։ Այս մասին վկայում են Հայաստանում 1950 թվականից հայտնաբերված նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները, որոնց որոշ մասը քարայրային գեղանկարչության նմուշներ են։ Դրանք հայտնաբերվել են Խոսրովի արգելոցում, Ազատի գետափնյա քարայրում։ Դրանք մարդկանց ֆիգուրներ են (160-ից ավելի)՝ շագանակագույն կամ գորշավուն հազիվ նշմարվող նրբագեղ ուրվապատկերներով։

Հայկական Տավրոսի և Արագածի լանջերին, Սիսիանի ու Վարդենիսի լեռներում պեղված ժայռապատկերներից հնագույնները նեոլիթ-էնեոլիթյան (մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ), իսկ հիմնական մասը բրոնզեդարյան (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ) ծագում ունեն։ Հայաստանում ժայռարվարձանների ամենախոշոր «պատկերասրահները» Սյունիքի Ուղտասար (ավելի քան 2 հազար նկարազարդ քարեր) և Գեղամա լեռների Պայտասար հնավայրերում են։

Ժայռապատկեր Ուղտասարում

Ժայռապատկերներ խմբագրել

 
Ժայռապատկեր

Սրանք բազմաթիվ զուգորդումներով կապված են հայոց հին հավատալիքների, բանահյուսության, հուռութքների, բնության տարրերի, տիեզերքի շնչավորման հետ։ Բնիկների ստեղծած ժայռապատկերներում պատկերված են նետ-աղեղներով զինված հեծյալ որսորդներ, որսի շներ, ընտելացված կենդանիների հոտեր, երկանիվ ու քառանիվ սայլեր և այլն։ Պատկերները դինամիկ են՝ փորագրված բարձր արվարձանով։

Ժայռապատկերներն արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքը և կարևոր սկզբնաղբյուրներ են հնագույն բնակիչների կենցաղի, պաշտամունքի, սովորությունների ու արվարձանների մասին։

Ժայռապատկերների նշանակություն խմբագրել

 
Միջնադարյան ժայռապատկեր Գետահովիտ գետի ձորի քարայր-կացարան համալիրում

Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն, որոնց հիման վրա ենթադրվում է, որ նախամարդը յուրօրինակ պատկերացումներ է ունեցել տիեզերքի և երկնային մարմինների վերաբերյալ։ Վարդենիսի լեռներում հայտնաբերված ժայռապատկերները (2-րդ հազարամյակ) երկնային լուսատուների շարժման, տարվա եղանակների և ժամանակի հաշվումների հետ կապված տոմարային նշանակությամբ բարդ հորինվածքներ են՝ արված գեղարվեստական մեծ հմտությամբ։

Խեցեգործություն խմբագրել

 
Խեցեղեն

Վաղ և միջին բրոնզի դարերում կիրառական արվարձանները դրսևորվել է հիմնականում խեցեգործությամբ։ Անոթների փայլեցրած մակերեսին նկարել են երկրաչափական, բուսական, ջրային թռչունների, մարդկանց պատկերներ։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի մետաղագործական հոյակապ կերտվածք է Վանաձորի դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված 6 առյուծներով։

Կերպարվեստ խմբագրել

Կերպարվեստը նշանակալի զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններում՝ մ.թ.ա. 14-9-րդ դարերում։ Մեծամորում և Դվինում հայտնաբերվել են մարդակերպ կուռքեր, մետաղագործության բարձր տեխնիկայով (կռածո, ձուլածո, դրվագված, փորագիր և այլն) կերտված բազմազան գեղարվեստական և այլ իրեր, զարդեր, Լճաշենի և Լոռիբերդի դամբարաններում, Արթիկում, Տոլորսում և այլ վայրերում՝ ցուլերի, այծերի, եղջերուների, թռչունների ձուլածո բարձրարվեստ արձանիկներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։

Գեղարվեստական հուշարձաններ են ստեղծվել նաև քարից՝ քառանիստ ու ձկնակերպ վիշապներ (բնորոշ են Հայկական լեռնաշխարհին), որոնք կապված են առավելապես կրոնապաշտամունքային ըմբռնումների հետ։ Կոթողների վրա քանդակված են օձի, ցուլի, խոյի, թռչունների, նաև բույսերի պատկերներ։ Իսկ վիշապները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։ Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերվել են նաև պտղաբերությունը խորհրդանշող (ֆալոսատիպ և կանանց կերպարանքով) քարե կուռքեր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ-1-ին հազարամյակի սկիզբ)։ Պեղվել են նաև կիսաթանկարժեք բազմագույն քարերից, ոսկուց, արծաթից, բրոնզից, ապակուց պատրաստված ուլունքներ ու կախիկներ, որոնց վերագրվել են խորհրդանշական հատկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։