Հայկական ժողովրդական թատրոն

Ժողովրդական թատրոնի ձևավորումը խմբագրել

Ժողովրդական թատրոնը ձևավորվել է հնագույն ժամանակներից՝ որսորդ, և երկրագործ, տոնակատարությունների առթիվ կազմակերպված խաղերի, հարսանեկան, թաղման և այլ ծիսակատարությունների տարրերի վերամարմնավորման հիմքի վրա։

Կապը մշակութային այլ ճյուղերի հետ խմբագրել

Հայկական ժողովրդական թատրոնը կապված է երաժշտության, երգարվեստի, պարարվեստի ու բանավոր ստեղծագործության հետ։ Հնագույն թատերականացված պարերգային գործողություններում զարգացել է խոսքի, պարի, թատերական և երաժշտական արվեստների համադրումը, որը հայկական ժողովրդական թատրոնում պահպանվել է մինչև XX դարը։ Թատերականացված ներկայացումներն ու ծեսերը՝ գյուղ, հրապարակներում և եկեղեցիների բակերում, նաև մի շարք երաժշտական խաղեր նախկին թատերականացված գործողությունների մնացորդներ են, որոնք պահպանել են դերաբաշխումն ու երկխոսության ձևը բանավոր տեքստում։

Ժողովրդական թատրոնը տարբեր միջոցառումների ժամանակ խմբագրել

Տարբեր շրջաններում հարսանիքներին խաղացել են գեղարվեստական թատերական գործողություններ («Ղադի», «Ուղտ և գող», նաև հարսանեկան ծեսերի պարեր ու երգեր, տիկնիկային ներկայացումներ և այլն)։ Բարեկենդանի օրերին ներկայացվել է ղարագյոզ (ստվերների տիկնիկային թատրոնի ավանդ, ներկայացում, ունի առաջավորասիական ծագում, հայկական միջավայրում տարածվել է հատկապես XIX դարում), դիմակահանդեսներն ուղեկցվել են երգով ու պարով, մրցումներով, ձիարշավներով, ըմբշամարտերով և այլն։

Լարախաղացությունը՝ ժողովրդական թատրոնի ձև խմբագրել

Ժողովրդական թատրոնի ձևերից է նաև լարախաղացությունը, որը մինչև XX դարի սկիզբը պահպանել է իր պաշտամունքային նշանակությունը։ Ժողովրդական թատրոնում տարբերակվում են դերասանների և տիկնիկների թատրոնը։

Ժողովրդական թատրոնը պրոֆեսիոնալ չէ խմբագրել

Լայն առումով ժողովրդական թատրոնը պրոֆեսիոնալ չէ, սակայն բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են այդ գործի մասնագետները՝ միմոսներ, շպիլմաններ, ժոնգլյորներ, սկոմորոխներ, գուսաններ, կատակագուսաններ, ծաղրածուներ, նաև դերասան-տիկնիկավարներ, որոնք խմբերով հանդես են եկել քաղաքներում ու գյուղերում, ներկայացրել պիեսներ (ըստ բանահյուս, թեմաների), ավելի ուշ՝ դրամատիկ, և արձակ գործերի մշակումներ։

Ժողովրդական թատրոնը՝ թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձև խմբագրել

Ժողովրդական թատրոնը նաև թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձևն է, նրա զարգացման նոր և առավել բարձր աստիճանը։ Գեղարվեստական ինքնագործունեությունը ժողովրդական ստեղծագործության ձևերից է, որի երկերն ստեղծում և կատարում են ոչ պրոֆեսիոնալները՝ սիրողները, որոնք հանդես են գալիս միասին (խմբակ, ստուդիա, ժողովրդական թատրոն) կամ մենակ (երգիչ, ասմունքող, պարող, նվազող, ակրոբատ և այլն)։ Ժողովրդական թատրոնները ղեկավարել են ռեժիսորը և նկարիչը։

Ժողովրդական թատրոնի զարգացմանը նպաստող մշակութային գործիչներ խմբագրել

Ժողովրդական թատրոնի զարգացմանը նպաստել են թատրոնի և երաժշտության առաջադեմ գործիչները՝ դերասաններ Պողոս Արաքսյանը, Հովհաննես Աբելյանը, Արմեն Արմենյանը, Ամո Խարազյանը, Օվի Սևումյանը, Գրիգոր Ավետյանը, կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ, որոնց կազմակերպած սիրողական ներկայացումներն ու ղեկավարած երգչախմբերը հասել են կատարողական բարձր մակարդակի։

Ժողովրդական թատրոնների ստեղծումը տարբեր վայրերում խմբագրել

1959 թվականին ժողովրդական թատրոններ են ստեղծվել Դիլիջանում, Էջմիածնում, Արթիկում, Ալավերդիում, 1960-1961 թվականներին՝ Տաշիրում, Արմավիրում, Վեդիում, Աշտարակում, Սպիտակում, 1962 թվականին՝ Գորիսում, Հրազդանում, Տավուշում, 1963 թվականին՝ Երևանի N 11 մշակույթի տանը, 1964 թվականին՝ Իջևանում, Եղեգնաձորում, Մեղրիում, Վանաձորում, 1969 թվականին՝ Նոյեմբերյանում, 1971 թվականին՝ Վայքում և այլուր։ Ժողովրդական թատրոնների միության փառատոներին մասնակցել են Հայաստանի բազմաթիվ թատերախմբեր։ Մի շարք ժողովրդական թատրոններին կից ստեղծվել են ստուդիաներ, որտեղ ուսուցանվել են դերասանի վարպետություն, բեմական խոսք, շարժում, դիմահարդարման արվեստ և այլն։ Ժողովրդական թատրոններին ներկայումս փոխարինում են մարզային թատրոնները (Ալավերդու, Արթիկի և այլն), որոնք ձգտում են պահպանել հայ թատրոնի լավագույն ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։