Հակոբ Սարկավագ, ավազանի անունը՝ Հակոբ Տեր-Ղևոնդյան (1840, Հորկնոց (Մուշի գավառ) - 1890), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Հակոբ Սարկավագ
Ծնվել է1840
ԾննդավայրՄուշի գավառի Հորկնոց գյուղ
Մահացել է1890
Մահվան վայրԽծկոնքի ձոր
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԿոստանդնուպոլսի Կալաթասարայի լիցեյ
Զբաղեցրած պաշտոններուսուցիչ, հեղափոխական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայր Հորկնոց գյուղում, ապա սովորել Սուրբ Կարապետ (Գլակա) վանքի ժառանգավորաց վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել Կոստանդնուպոլսի Կալաթասարայի լիցեյում` կատարելագործվելով թուրքերեն և արաբերեն լեզուներում։ Վերադառնալով՝ ուսուցչություն է արել ծննդավայրում, ապա՝ Ալաշկերտի Սուրբ Հովհաննես վանքում։

Հակոբ Սարկավագը 1880–ական թթ. սկզբից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ` փորձելով գաղափարական ու զինական աշխատանքներով կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունն ու ստեղծել հայ–քրդական դաշինք։ Քարոզել է հայերի և քրդերի մեջ բարեկամություն հաստատելու գաղափարը։ Նա նույնիսկ քրդերի հետ պատրաստել էր բողոքագիր` թուրք կառավարությանը ներկայացնելու համար։ Իր գործունեության շրջանակներն ընդգրկելով հիմնականում Մուշ–Խնուս–Կարին–Դերսիմ հատվածում` նա քանիցս Վանի հոգևոր առաջնորդ Մկրտիչ Խրիմյանի հանձնարարությամբ անցել էր Կովկաս` տեղեկություն տալու արևմտահայության դրության մասին և հետաքրքրություն շարժելու դեպի արևմտահայության ծանր վիճակը։

Գործակցել է Արաբոյի և նրա ընկերների հետ։ Տարոնի հայության ծանր վիճակի վերաբերյալ կենտրոնական կառավարությանն ուղղված դիմումների համար բանտարկվել է։

1884 թվականին Կարինում Խաչատուր Կերեքցյանի և Ներսես Իշխանյանի հետ հիմնել է «Հայ հեղափոխական ընկերություն» կազմակերպությունը։

Հանդիպում Սարգիս Կուկունյանի հետ։ Սպանությունը խմբագրել

1890 թվականին Թիֆլիսում ծանոթացել է Սարգիս Կուկունյանի հետ, որը խումբ էր կազմակերպել Արևմտյան Հայաստան անցնելու և ժողովրդին թուրքական բռնապետության դեմ հանելու համար։ Արևմտյան Հայաստանի իրավիճակին լավ ծանոթ Հակոբ Սարկավագը գտնում էր, որ Կուկունյանի մտահղացումը դատապարտված է անհաջողության, և առաջարկում էր զենք ձեռք բերել, մերձենալ քրդերի հետ և միացյալ ապստամբություն բարձրացնել։ Նա գտնում էր, որ առանց նախապատրաստական աշխատանքների անհնար է բազմամարդ խմբով անցնել Արևմտյան Հայաստան և ակնկալված օգնությունը հասցնել արևմտահայ եղբայրներին։ Սարկավագի այս պնդումները Սարգիս Կուկունյանի ու իր գործակից Սարդար Ավետիսյանի կողմից դիտարկվում էին որպես արշավանքը խափանելու փորձ, ուստի վճիռ է կայացվում «հանուն սուրբ գործի» մեջտեղից հանել նրան։ Սարգիս Կուկունյանը պատվիրում է ղարաբաղցի Աբրահամ Աղամալյանին հարմար տեղ հասնելիս սպանել Հակոբ Սարկավագին։ Գործելով Սարգիս Կուկունյանի տված հրահանգով` մի գիշեր Խծկոնքի ձորում Աբրահամ Աղամալյանը և Սարդար Ավետիսյանը սպանում են Հակոբ Սարկավագին, մարմինը թաղում քարակույտի տակ և վերադառնում Կաղզվան։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։