Կրոնոս (հուն․՝ Κρόνος), տիտան հին հունական դիցաբանության մեջ։ Ուրանոսի (երկինք) և Գեայի (Երկիր) որդին։ Կրոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Կրոնոսը Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի հայրն էր։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կրոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կրոնոսին ստիպել է փսխել զավակներին։ Այնուհետև Զևսը եղբայրների օգնությամբ հաղթել է Կրոնոսին և նետել Տարտարոս։ Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կրոնոսի տիրակալության ժամանակը եղել է աշխարհի «ոսկեդարը»։ Այլ զրույցի համաձայն՝ Կրոնոսը տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում։ Մինչհելլենիստական Հունաստանում Կրոնոսը պաշտվել է որպես հունձքի աստված։ Կրոնոսի տաճարը կառուցված էր Աթենքի Ակրոպոլսի ստորոտին։ Հռոմայեցիները Կրոնոսին նույնացրել են Սատուռնի հետ։ Երբեմն հուն. Χρόνος (ժամանակ) բառի նմանությամբ Կրոնոսին սխալմամբ կոչել են ժամանակի աստված։ Կրոնոսը պատկերվել է որպես տարեց այր, գլխաշորով, մանգաղը ձեռքին։ Զավակներին խժռող Կրոնոսի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա)։
Կռոնոս
|
---|
 |
Տեսակ | տիտաններ |
---|
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն |
---|
Սեռ | արական |
---|
Երևի համընկնում է | Սատուրն և Saturn? |
---|
Հայր | Ուրանոս[1] |
---|
Մայր | Գեա[1] |
---|
Քույր/Եղբայր | Հռեա[2], Հապետոս, Հիպերիոն, Թեմիս, Թեյա, Օվկիանոս և Տեթիս |
---|
Ամուսին | Հռեա[1] |
---|
Կողակից | Heimarmene? և Էվոնիմ |
---|
Զավակներ | Զևս[1], Հեստիա[1], Հադես[1], Պոսեյդոն[1][3], Դեմետրա[1], Հերա[1][4], Էնիալիուս, Խիրոն, Դոլոփս, էրինիաներ, Մոյրաներ և Կրիոս |
---|
Kronos Վիքիպահեստում |