Ընթերցե՛ք «վարժեցում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Կենդանիների վարժեցում (ֆր.՝ dresser «ուղղել, սովորեցնել»), կենդանիների ուսուցման գործողությունների ամբողջություն, որոնք կիրառվում են տարբեր պայմանական ռեֆլեքսների, հմտությունների զարգացման և համախմբման համար։ Վարժեցումը կարող է իրականացվել ընկերական հարաբերությունների զարգացման, մարդկային հասարակության մեջ գտնվելու ժամանակ կենդանուն համարժեք վարքագիծ ձևավորելու, ցանկացած տեսակի առարկաներ որոնելու, որոշակի հանգամանքներում պաշտպանելու կամ ժամանցի համար։ Վարժեցումը որոշակի տեսակի կենդանիների հետ մարդկանց հարմարավետ փոխադարձ գոյակցության անհրաժեշտությունն է։

Գերմանական հովվաշունը մրցույթի ժամանակ ճոճվում է
Հավը սքեյթբորդի վրա

Խոշոր կենդանիների (օրինակ՝ ձիեր, փղեր) և հատկապես գիշատիչների համար (առյուծներ, վագրեր, հովազներ) կարելի է օգտագործել կենդանիների ընտելացում (անգլ.՝ taming) եզրույթը։

Նկարագրություն

խմբագրել

Վարժեցումը կենդանիներին և մարդկանց կառավարելու հնագույն մեթոդներից մեկն է։ Շատ մարդիկ օգտագործում են վարժեցումը և անգիտակցաբար ենթարկվում վարժեցման, թեև կենդանու վրա այս գիտականորեն հիմնավորված, նպատակաուղղված, մեթոդաբանական և համակարգված ազդեցությունը կարող է օգտագործվել նաև նրա մեջ որոշակի ծառայությունների համար անհրաժեշտ հմտություններ և ունակություններ զարգացնելու, ժողովրդական-առօրյա կյանքում գործունեության կամ վարքի կառավարման համար։

Վարժեցման երկու կարևոր հասկացություններն են կառավարվող ազդանշանները և ամրապնդումը՝ դրական կամ բացասական։ Վարժեցումը պետք է տարբերել խթանումից, մոտիվացիայից՝ պարգևի և պատժի համակարգեր։ Պարգևները և պատիժները սովորաբար տրվում են գործողությունը կատարելուց հետո, հաճախ երկար ժամանակ անց։ Ամրապնդումն այն է, ինչ տեղի է ունենում վարքի ընթացքում, ինչը ուղեկցում է, ասես, «մեկնաբանում է» վարքը և ուղղորդում այս կամ այն ուղղությամբ[1]։

Դրական ամրապնդում է, օրինակ՝ ժպիտը, գուրգուրանքը, բարի խոսքերը, դրանք ամբողջովին ավելի արդյունավետ են, քան բացասականը, և բավականաչափ լայն տարածում ունեն ինչպես կենդանիների հետ շփման, այնպես էլ մարդկանց հետ հարաբերություններում։ Բացասական ամրապնդումը (խոժոռված հոնքեր, դժգոհ հնչերանգ և այլն) արդյունավետ չէ ազատ կենդանիների հետ հարաբերությունների համար, որոնք կարող են լողալ, հեռանալ կամ փախչել բացասական ազդեցությունից։

Վարժեցման հիմք

խմբագրել

Կենդանիների վարժեցման հիմքը՝ համաձայն Իվան Պավլովի բարձրագույն նյարդային գործունեության տեսության, պայմանական ռեֆլեքսների ձևավորումն է․ օգտագործելով գրգռիչների բազմազանություն, օրինակ՝ ձայնային, սննդային և ժեստերի ազդանշաններ, որոնք հանդիսանում են պայման, և մեխանիկական գործողություններ, որոնք համարվում են անվերապահ ռեֆլեքսներ։ Հենց այս ազդեցությունն է կենդանիների մոտ առաջացնում անհրաժեշտ արձագանք, որը վարժեցնողը փորձում է ամրապնդել։

Վարժեցման եղանակներ և մեթոդներ

խմբագրել
 
Կրիաների կախարդ

Վարժեցմամբ զբաղվող անձը պետք է կարողանա վարժեցվող կենդանու բարձրագույն նյարդային գործուենության տեսակի կախվածությունը տարբերել նրա առանձնահատկություններից, և միայն այդ կախվածությունը որոշելուց հետո կարելի է ընտրել այդ կենդանու համար անհրաժեշտ վարժեցման մեթոդը։

Հակադրական մեթոդ

խմբագրել

Անհրաժեշտ հրամանները կատարելու դեպքում կենդանին խրախուսվում է, անհնազանդության դեպքում` պատժվում։ Որպեսզի ձեռք բերված ունակությունները ամրապնդվեն, կենդանուն հարկավոր է պարբերաբար վարժեցնել։ Այս դեպքում վարժեցված կենդանին կատարյալ կերպով կկատարի բոլոր այն գործողությունները, որոնք պահանջում է մարդը։

Ցավային մեթոդ

խմբագրել

Ցավի մեթոդը, որը ստիպում է կենդանուն կատարել վարժեցնողին անհրաժեշտ գործողությունները, հիմնված է ցավի զգացումի վրա, ինչը ստիպում է կենդանուն կատարել այն գործողությունը, որը պահանջում է վարժեցնողը։ Այս դաժան մեթոդը որոշ մասնագետների կողմից օգտագործվում է կրկեսի գիշատիչների ու խոշոր կենդանիների ուսուցման գործում։ Այն տարածվել է նաև գյուղական վայրերում՝ անասունների հետ վերաբերվելիս։ Մշակելով ունակությունները՝ մարդը կենդանուց պահանջում է կատարել հանձնարարված գործողությունները։

Բռնության և ցավոտ ուսուցման մեթոդները տարիներ շարունակ քննադատության են ենթարկվել կենդանիների իրավունքների պաշտպանության տարբեր համայնքների կողմից։

Խրախուսական մեթոդ

խմբագրել

Խրախուսական մեթոդը օգտագործվում է որսորդական շների, հովվաշների և կրկեսի կենդանիների վարժեցման ժամանակ։ Շունը, որպես բավականաչափ զարգացած բարձրագույն նյարդային գործունեություն ունեցող կենդանի, լավ է ընդունում վարժեցման այսպիսի մեթոդը։ Վարժեցման խրախուսական մեթոդով բնական ռեֆլեքսներն ամրապնդվում են սննդամթերք տալով կամ գուրգուրելով։ Օրինակ, բազմաթիվ կենդանիներ պատրաստ են կատարել անհրաժեշտ հանձնարարությունները, որպեսզի տերը նրանց շոյի կամ տա մի փոքրիկ անուշեղեն։ Որքան վարժեցվող օբյեկտը ինտելեկտուալ առումով զարգացած է, այնքան ավելի արագ է ընկալում և կատարում առաջադրանքները և նույնքան արագ է ամրապնդում անհրաժեշտ ռեֆլեքսը։

Ընդօրինակման մեթոդ

խմբագրել

Վարժեցման ընդօրինակման մեթոդը հիմնված է երիտասարդ կենդանիների՝ մեկ այլ, ավելի հասուն և արդեն վարժեցված կենդանիների գործողությունների նմանակման վրա։ Այս մեթոդը լայնորեն օգտագործվում է հովվաշներ պատրաստելու ժամանակ, որպեսզի հսկեն ոչխարի հոտը և հովվին օգնեն հոտի մեջ կենդանիներին հավաքելուն։ Քոթոթները, տեսնելով, թե ինչպես են իրենց ծնողները, կատարելով անհրաժեշտ հրամանները, արժանանում տիրոջ գովեստներին, շատ արագ կրկնում են նրանց գործողությունները և վարժվում այդ գործընթացում։

Ընդօրինակման մեթոդը օգտագործվում է նաև դելֆիններին վարժեցնելու համար։

Վարժեցվող կենդանիների տեսակներ և բազմազանություն

խմբագրել

Վարժեցման կարող են ենթարկվել ինչպես վայրի, այնպես էլ ընտանի կենդանիների տեսակներ։ Վայրի կենդանիներին նախապես ընտելացնում են, այնուհետև վարժեցնում։ Որքան երիտասարդ է կենդանին, այնքան հեշտ է վարժվում և ընտելանում մարդուն։ Վարժեցման տարրերը գյուղատնտեսական կենդանիների հետ կարող են լինել ամենապարզ գործողությունները, օրինակ՝ կթվորուհին կով է կթում, բայց եթե նախկինում կենդանին որոշակի անհրաժեշտ վարժեցման չի ենթարկվել, ապա կթելը պրոբլեմատիկ կլինի, և կովը պարզապես կթվորուհուն կաթ չի տա։ Այդ պատճառով կենդանին նախապես սովորում է տեղին, մարդ տեսակին և մարդու հոտին։ Սա պարզագույն վարժեցում է, սակայն անգամ այս սովորույթը և ընտելացումը համարվում է մարզում։

Ձիուն վարժեցնելու համար սովորեցնում են սանձահարել, մաքրել, մեջքին ամրացնել թամբը, իսկ ձիերին մարզմանը կամ ձիավարժությունների բարձրագույն կարգին վարժեցնելը բավականին բարդ է և վարժեցնողից պահանջում է որոշակի գիտելիքներ և հմտություններ։

Շների վարժեցում

խմբագրել

Թռչունների և միջատների վարժեցման առանձնահատկություններ

խմբագրել

Թռչունները և միջատները ևս վարժեցման են ենթարկվում, օրինակ՝ աղավնիների ընտելացումը երկար տարածություններ թռչելու համար։ Հենց մարդու՝ թռչունների հետ աշխատանքի շնորհիվ է, որ փոստային աղավնիները կարողանում են գտնել տունդարձի ճանապարհը։

Մեղվաբույծները, որոնք ցանկանում են որոշակի տեսակի բույսերից մեղր ստանալ, նախապես աշխատում են մեղուների մեջ պայմանական ռեֆլեքսներ ստեղծել` անհրաժեշտ ծաղիկների հոտի զգացողություն առաջացնելով։ Այս մեթոդը առաջինն առաջարկել է խորհրդային միության գիտնական Ա․ Ֆ․ Գուբինը 1933 թվականին։ Անհրաժեշտ գործողությունները ձեռք են բերվում միջատներին որոշակի մեղրաբույսի բույրի հավելումով շաքարի օշարակով կերակրելու միջոցով։ Որոշակի տեսակին, համին և հոտին ընտելանալով` հետագայում մեղուները կփնտրեն հենց այդ բույսը։

Վարժեցման համեմատական արդյունավետություն

խմբագրել

Որպես ուսուցման մեթոդ, որն առաջին հերթին օգտագործվում է անգիտակցական մեխանիզմների համար, վարժեցումն արդյունավետ է ձագերի և հասունների համար, որոնք հակված չեն մտածել իրենց գործողությունների մասին։ Մասնավորապես՝ Բ․ Ֆ․Սկիները ցույց է տվել վարժեցման բարձր արդյունավետությունը բանտարկյալների և հոգեբուժարանների հիվանդների կրթության այլ մեթոդների նկատմամբ («Ազատությունից և արժանապատվությունից այն կողմ»)։ Որպես կանոն՝ վարժեցման արդյունքը ավտոմատիզմին հասցված վարքն է, հետևաբար այն հաճախ օգտագործվում է այն մասնագիտություններում և գործունեության տեսակներում, որտեղ անհրաժեշտ է հաղթահարել վախը, օրինակ՝ բանակում։ Վարժեցմանը նման է օպերանտիվ պայմանավորման ու ծրագրավորված ուսուցման մեթոդը։

Հասունների վրա ազդելու համար, որոնք ունեն համապատասխան արժեքներ և ակտիվորեն օգտագործում են գիտակցության հնարավորությունները, վարժեցման փոխարեն օգտագործվում են պայմանավորվածություններ։

Կրկեսային վարժեցում

խմբագրել
 
Մկները և առնետները չինական կրկեսախմբում, Յոհան Նիհոֆ, 1655-1657 թվականներ)

Կրկեսային ներկայացումների համար կենդանիներ վարժեցնելը հայտնի է շատ վաղուց։ Դեռևս Հին Եգիպտոսում և Հին Հռոմում կենդանիներին օգտագործում էին այս իրադարձությունների համար։ Ներկայումս կրկեսում կարելի է տեսնել ամենատարբեր կենդանիների՝ սկսած փղերից, վերջացրած մկներով։ Եթե վարժեցնողների մեծ մասը կրկեսի «արտիստների» հետ աշխատելիս օգտագործում էր ցավի մեթոդը, ապա Վլադիմիր Դուրովն առաջինն էր, որն օգտագործել է ցավ չպատճառող խրախուսական մեթոդը՝ հիմնված Պավլովի պայմանական ռեֆլեքսների ուսմունքի վրա։ Այս մեթոդը թույլ է տվել Դուրովին ենթարկել և աշխատել կենդանիների հետ, որոնց վարժեցումը նախկինում անհնար էր։ Այս մեթոդը լայն ճանաչում է ստացել և օգտագործվում է շատ վարժեցնողների կողմից, օրինակ՝ կրկեսի վարպետ Յ. Դ. Կուկլաչևը կատուների հետ աշխատելիս օգտագործում է մարզման այս խրախուսական և ցավազուրկ մեթոդը։

Չնայած նախկինում (օրինակ՝ Ջեկ Լոնդոնի «Մայքլ, Ջերիի եղբայրը» պատմվածքը) ամենուրեք կրկեսային վարժեցնող կենդանիները ստիպված էին ցավի և սպառնալիքի միջոցով կատարել գործողությունները, ներկայումս հասարակությունը հիմնականում բացասաբար է վերաբերում նման մեթոդներին։ Այդպիսի մեթոդներ կիրառող վարժեցնողները հանգեցնում են կրկեսի մասին բացասական կարծիքների։ Կրկեսի շատ հաստատություններ, մասնավորապես՝ Ուկրաինայի ազգային կրկեսը, խստորեն դատապարտում են բռնի վարժեցման մեթոդները[2]։ Կիևյան կրկեսի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևնա Շևչենկոյի խոսքերով՝ կենդանիներին ծաղրող վարժեցնողը սկզբունքորեն հարմար չէ կրկեսի համար[3]։

Չնայած Դուրովի ժամանակներից կենդանիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սահմանված չափանիշներին՝ որոշ վարժեցնողներ չեն պահպանում մասնագիտական էթիկան։ Աշխարհի մի շարք երկրներում կենդանիների նկատմամբ դաժանությունը զսպելու մեխանիզմների բացակայությունը օրենսդրական մակարդակով հանգեցրել է կրկեսներում կենդանիների օգտագործման արգելքին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Карен Прайор, «О дрессировке животных и людей»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  2. ttp://izvestia.kiev.ua/ru/news/22914
  3. Людмила Шевченко (киевский цирк) о животных в цирке - YouTube

Գրականություն

խմբագրել
  • Карен Прайор, «О дрессировке животных и людей»
  • В. Л. Дуров «Дрессировка животных»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենդանիների վարժեցում» հոդվածին։