Կարապ (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Կարապ» (ռուս.՝ Лебедь), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1906 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Կարապ
Ստեղծման թնական1906
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Ֆարուք I և Maurice-Yves Sandoz?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, ալմաստ և Ծովակն
Բարձրություն100 միլիմետր
Լայնություն75 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Կարապ» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում (Լոզան, Շվեյցարիա)[4]։

Դիզայն

խմբագրել

Ոսկյա ձուն պատված է մանուշակագույն փայլատ էմալով[4]։ Այդ գույնը Մարիա Ֆեոդորովնայի ամենասիրելի գույնն էր։ Ձուն զարդարված է նրբաճաղով, որն իրենից ներկայացնում է ալիքաձև ադամանդակուռ ժապավեն։ Գագաթին մեծ ադամանդ է, որի տակ տեղադրված է ստեղծման տարեթիվը՝ «1906»: Մյուս խոշոր ադամանդը հակադիր հատվածում է, որի տակ, ըստ էության, եղել է միացագիր[3]։

Անակնկալ

խմբագրել

«Կարապ» ոսկերչական ձուն բացվում է ոչ ուղիղ, այլ կարծես ջարդվածքի գծով[5]։ Ձվի մեջ տեղադրված է անակնկալը՝ մեխանիկական կարապով զամբյուղը։ Վերջինս պատրաստված է սպիտակ, դեղին և կանաչ ոսկով ծաղկաշղթաներից[2]։ Զամբյուղի հիմքը աքվամարինից պատրաստած տակդիրն է։ Այդ մեծ քարը հիշեցնում է լիճ, որի մակերևույթին «լողում» է մեխանիկական կարապը։ Այն պատրաստված է ոսկուց և պատված է արծաթով։ Թևերից մեկի տակ թաքցրած է փոքրիկ լարովի մեխանիզմը։ Այն գործի գցելուց հետո կարապը բացում է թևերը, շարժում ոտքերը և պոչը, ինչպես նաև բարձրացնում և իջեցնում է վիզն ու գլուխը[5]։

Պատմություն

խմբագրել

«Կարապ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1906 թվականի Զատկի տոնին է նվիրել։ Այն նվիրված է Ալեքսանդր III կայսեր և Մարիա Ֆեոդորովնայի հարսանիքի քառասնամյակին[5]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր Լոնդոնի «Վարտսկի» (անգլ.՝ Wartsky) պատկերասրահը[6]։ 1933 թվականին այն վաճառվում է Չարլզ Փարսոնսին։ 1939 թվականին ձուն տեղափոխվում է Նյու Յորք՝ Համմերի պատկերասրահ։ 1954 թվականին Սոթբիս աճուրդի տանը «Կարապ» ոսկերչական ձուն վաճառում են «La Russie Veille» (Նյու Յորք) պատկերասրահին։ Հետագայում ձուն ձեռք է բերում շվեյցարացի մագնատ Մորիս Սանդոզը։ 1995 թվականից ցայսօր ձուն պահվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  2. 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Swan Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. 3,0 3,1 «Яйцо Лебедь Фаберже 1906». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. 4,0 4,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Лебедь - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. 6,0 6,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել