Ֆաբերժեի ձվեր, ոսկերչական իրերի շարք Կառլ Ֆաբերժեի և «Ֆաբերժե» ֆիրմայի կողմից պատրաստված։ Շարքը ստեղծվել է 1885 թվից մինչև 1917 թիվը ընդգրկած ժամանակահատվածում ռուս կայսերական ընտանիքի և գնորդների համար։ Հայտնի է 71 ստեղծագործություն, որոնցից կայսերական հավաքածուում հաշվվում է 52 նմուշ[1]։

Վանդակով և վարդերով ձու, 1907 թիվ

«Ֆաբերժեի ձվեր» բառակապակցությունն այսօր ասոցացվում է որպես կայսերական տան և մինչհեղափոխական Ռուսաստանի շքեղության և հարստության խորհրդանիշ։

Առաջացման պատմություն

խմբագրել

Կառլ Ֆաբերժեն և իր ֆիրմայի ոսկերիչները առաջին ձուն ստեղծել են 1885 թվականին[2]։ Այն պատվիրված էր ռուս կայսր Ալեքսանդր III կողմից, որպես անակնկալ իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային Զատկի կապակցությամբ։ Այսպես կոչված «Հավիկ» ձուն դրսից պատված է սպիտակ էմալով՝ ինչպես սովորական հավկիթի կճեպը, իսկ ներսում «դեղնուցն» է՝ փայլատ ոսկուց։ Վերջինիս մեջ էլ գտնվում է հավիկը՝ գունավոր ոսկուց պատրաստած։ Դրա մեջ էլ իր հերթին թաքցված է կայսերական ոսկե թագի փոքրիկ կրկնօրինակը ադամանդներով և շղթայիկ՝ սուտակե մանյակով։

Կայսրուհին այնպես հիացավ այդ նվերից, որ արդեն պալատական ոսկերիչ Ֆաբերժեին պատվիրեց ամեն տարի ստեղծել նմանօրինակ ձվեր։ Ֆաբերժեն ընդունեց այդ առաջարկը. նա պետք է լիներ յուրօրինակ և պարտադիր ստեղծեր այնպիսի ձվեր, որոնց մեջ թաքցված լիներ ինչ-որ մի անակնկալ։ Հաջորդ կայսր Նիկոլայ II-ը նույնպես պահպանեց այդ գեղեցիկ ավանդույթը՝ ամեն գարնանը նվիրելով երկու ձու՝ մեկը մորը՝ Մարիա Ֆեոդորովնային, մյուսը՝ կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային:

Վարպետներ և դիզայներներ

խմբագրել

Ամեն ձվի պատրաստումը փաստացի տևում էր մեկ տարի։ Ֆիրմայի շատ ոսկերիչներ աշխատում էին և՛ Ֆաբերժեի մոտ, և՛ ինքնուրույն իրենց իսկ ֆիրմաներում։ Սակայն պատիվ էին համարում մասնակցել կայսերական պատվերներին։ Այդ թիմում ընդգրկված էին շատ ազգերի ներկայացուցիչներ։ 24 վարպետներից 14-ը ծնունդով Ֆինլանդիայից էին։

Սկզբում պատրաստվում էր էսքիզը։ Հետո աշխատանքին լծվում էր ֆիրմայի ոսկերիչների ամբողջ թիմը։ Հատուկ ներդրում է ունեցել վարպետ Միխայիլ Պերխինը։ Հիշատակության արժանի են նաև Ավգուստ Հոլմսթրյոմը, Հենրիկ Վիգսթրյոմը, Էրիկ Կոլլին, Վիկտոր Աարեն, Ստեֆան Վյակևան և միակ կին նկարչուհի Ալմա Պիխլը, որըհեղինակել է «եղյամը բյուրեղապակու վրա» ժանրը և ստեղծել «Ձմեռային ձուն»[3][4][5]։

Կայսերական ձվերի համբավն այնքան մեծ էր, որ Ֆաբերժե ֆիրման կատարում էր նաև անհատական պատվերներ (հայտնի են 15 օրինակներ)։ Դրանց մեջ 8 ձու պատվիրել է Ֆելիքս Յուսուպովը՝ Ալֆրեդ Նոբելի քրոջ որդին։ Դրանք ոչ այնքան շքեղ են, ինչպես կայսերականները և կայսերական ձվերի պատճեններն են՝ ավելի համեստ ձևով պատրաստած։

Բացի կայսերական պատվերներից՝ մնացած ձվերը ոսկերիչների կողմից չեն փաստաթղթավորվել։

 
Գատչինյալ պալատ
 
Շուշանների փունջ
 
Վարդի կոկոնով ձու

Հավաքածու

խմբագրել
Ֆաբերժեի ձվերի տեղաբաշխումը
Հավաքածու Քանակ
Կայսերական 54
Ֆաբերժեի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ 11
Կրեմլի զինապալատ, Մոսկվա, ՌԴ 10
Վիրջինիայի գեղարվեստական թանգարան, Ռիչմոնդ, ԱՄՆ 5
Նոր Օռլեանի գեղարվեստական թանգարան, ԱՄՆ 3
Եղիսաբեթ II թագուհու հավաքածու, Մեծ Բրիտանիա 3
Էդուրադ և Մորիս Սենդոզաների ֆոնդ, Շվեյցարիա 2
Հիլվուդ թանգարան, Վաշինգտոն, ԱՄՆ 2
Ուոլթերսի գեղարվեստական թանգարան, Բալթիմոր, ԱՄՆ 2
Քլիվլենդի գեղարվեստական թանգարան, ԱՄՆ 1
Արքայազն Ալբերի հավաքածու, Մոնակո 1
Ալեքսանդր Նիկոլաևիչ Իվանովի մասնավոր հավաքածու 1
Ֆերսմանի հանքաբանական թանգարան, Մոսկվա, ՌԴ 1
Մասնավոր հավաքածուներ 4
Տեղն անհայտ է 8
Կելխի ձվեր 7
Ֆաբերժեի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ 2
Եղիսաբեթ II թագուհու հավաքածու, Մեծ Բրիտանիա 1
Մասնավոր հավաքածուներ 4
Այլ 10
Ֆաբերժեի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ 2
Էրմիտաժի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ 1
Քլիվլենդի գեղարվեստական թանգարան, ԱՄՆ 1
Էդուրադ և Մորիս Սենդոզաների ֆոնդ, Շվեյցարիա 1
Մասնավոր հավաքածուներ 5

Հայտնի 71 ձվերից մեր օրեր են հասել 62-ը։ Դրանց ճնշող մեծամասնությունը պահպանվում է թանգարաններում։ Կայսերական ձվերից հայտնի են 52-ը, որոնցից մեր օրեր են հասել 46-ը, որոնք պատվիրված են եղել կայսերական ընտանիքի կողմից։ Մնացածը հայտնի դարձան նկարագրություններով, հին լուսանկարներով և համարվում են կորած։ Միայն ձվերից մեկը՝ «Սուրբ Գևորգի շքանշան» կարողացավ դուրս գալ բոլշևիկյան Ռուսաստանից։ Դրա օրինական տեր Մարիա Ֆեոդորովնան իր բեռի հետ կարողացավ 1918 թվականին այն տեղափոխել իր ծննդավայր Դանիա։ Մնացած ձվերը մնացին Պետրոգրադում։ Որոնք հետո տեղափոխվեցին Մոսկվայի ապագա Ադամանդե ֆոնդ, որը Կրեմլի պահոցներում էր։

Այնտեղ դրանք պահպանվել են ընդհուպ մինչև 1930 թվականը, մինչև այն պահը երբ Ստալինի կողմից սկսվեց Խորհրդային Ռուսաստանի մշակութային ժառանգության մեծածախ գներով վաճառքը՝ միջոցների հայթայթման նպատակով։ Այսպիսով վաճառվեցին 14 ձվեր։ Ինչպես վկայում են, դրանք վաճառվեցին 400 ԱՄՆ դոլարից ցածր գներով։ Վաճառքով զբաղվում էր «Антиквариат» հիմնարկությունը։ Դրանց մեծ մասը ձեռք բերեց Արմանդ Համմերը և Ֆաբերժեի անգլիական դիլեր Էմանուել Սնոումենը։

Կրեմլում պահվող ձվերից հետո երկրորդ մեծ հավաքածուն դարձավ նյույորքցի մագնատ Ֆորբս Մալկոլմի մասնավոր հավաքածուն։ Այն ներառում էր 11 կայսերական ձվեր, առանձին «անակնկալներով» ձվեր, ինչպես նաև 4 անհատական պատվիրված ձվեր (15 հատ)։ 2004 թվականի փետրվարին Ֆորբսի ժառանգները ձվերի հանեցին աճուրդ-վաճառքի, որի արդյունքում ռուս օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգը ամբողջ հավաքածուն գնեց։ 2013 թվականից նրա հավաքածուն ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարանում։

Ռուսաստանում՝ Ֆաբերժեի ձվերի պատմական հայրենիքում, դրանք կարելի է տեսնել 4 վայրերում՝ Ֆաբերժեի թանգարանում, Կրեմլի զինապալատում, Էրմիտաժում և Ֆերսմանի թանգարանում։

Նկարագրություն

խմբագրել

Ձվերը պատրաստված են ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից և այլ նյութերից։ Օգտագործվել են նաև էմալ, լեռնային բյուրեղապակի, բնափայտի թանկարժեք տեսակներ։ Դրանց իսկությունն ապացուցում է Ֆաբերժեի դրոշմը։

Մեկ ձվի արժեքը 19-20-րդ դարերին կազմել է 3000-8000 ռուբլի (Ռուսական կայսրություն)։

Երբեմն ձվերը մեծ են իսկական հավկիթից և կարող են հասնել նույնիսկ 20 սմ բարձրության։ Ավանդաբար դրանց մեջ պետք է թաքցված լիներ ինչ-որ անակնկալ։ Հաճախ դրանք մանրակերտներ էին՝ դիմանկարներով։ Պատրաստվում էին նաև մեխանիկական ձու-ժամացույցներ՝ կկուներով և աքաղաղներով։

Կեղծումներ

խմբագրել

Հայտնի են Ֆաբերժեի ձվերի շատ նմանակումներ ու կեղծումներ։ Իմիջիայլոց դրանց մեջ կան շատ արժեքավոր ձվեր՝ պատրաստված անհայտ տաղանդավոր ոսկերիչների կողմից, որոնք այսօր, հիրավի, արվեստի գլուխգործոցներ են։ Սակայն դրանց վրա բացակայում է Ֆաբերժեի ընկերության դրոշմակնիքը, որը առավել մեծացնում է դրանց արժեքը։ 1990-ական թվականներին Մետրոպոլիտեն թանգարանը (Նյու Յորք, ԱՄՆ) կազմակերպեց ցուցադրություն, որտեղ բացառապես կրկնօրինակ ձվերը ներկայացվեցին հասարակությանը։

2008 թվականին հայտարարվեց, որ կվերականգնվի «Ֆաբերժե» ընկերությունը և կզբաղվի կրկին թանկարժեք ձվերի արտադրությամբ[6][7]։

Ձվերը կինոարվեստում

խմբագրել
  • «Ութոտնուկը» ֆիլմը պատմում է «Թագադրություն» ձվի առևանգման պատմությունը
  • «Ի՞նչը կարող է ավելի վատ լինել»
  • «Սիմփսոններ»
  • «Լուռ ինչպես գողերը» (The code)
  • «Վարունգով հոտաղը»
  • «Բայցևայնպես ես սիրում եմ» սերիալ
  • «Փակ դպրոց» սերիալ
  • «Մայրիկը՝ մարդասպան-մանյակը»
  • «Վիրտուոզներ» սերիալ
  • «1+1» ֆիլմ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Imperial Eggs are those Eggs presented by Tsar Alexander III and Tsar Nicholas II to the Tsarinas Alexandra Fyodorovna and Maria Fyodorovna». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  2. Яйцо «Курочка»
  3. Fabergé Imperial Easter Eggs — Index
  4. Tillander-Godenhjelm, Ulla: Fabergé́n suomalaiset mestarit. Helsinki: Tammi, 2011. ISBN 978-951-31-5878-1.
  5. Tillander-Godenhjelm, Ulla: Fabergé ja hänen suomalaiset mestarinsa. Helsinki: Tammi, 2008. ISBN 978-951-31-4262-9.
  6. «Впервые с 1917 года будут вновь создаваться яйца Фаберже». РБК со ссылкой на Reuters. 25 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  7. Eric Onstad (23 мая 2008). «Revived Faberge to create first egg since 1917» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  • Джон Буф, «Фаберже», М., 1998, ISBN 5-7793-0061-5
  • «Блестящая эпоха Фаберже. Санкт-Петербург — Париж — Москва», каталог выставки, М., 1992, ISBN 5-87075-021-5
  • «Произведения ювелирной фирмы Фаберже», комплект 16 открыток. Составитель С. Коварская. — Ленинград, Аврора, 1987. (Изображение и данные об изделии «Яйцо и фигурка петуха», 1908—1917. Фирма Карла Фаберже, Москва. Серебро, нефрит, бархат, литьё, чеканка. Высота яйца с подставкой 14 см, высота фигурки петуха 5 см. Государственные музеи Московского Кремля).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբերժեի ձվեր» հոդվածին։