Կապար (բույս)
Այս հոդվածը Բույսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կապար (այլ կիրառումներ)։
Կապար (բույս) | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կապարազգիներ (Capparaceae) |
Ցեղ | Կապար (բույս) (Capparis) L., 1753 |
Կորաք (Capparis spinosa), կապարազգիների ընտանիքին պատկանող բույս։ Բազմամյա թուփ է (հազվադեպ՝ ծառ)։ Կարող է ունենալ փշեր։ Հայտնի է Կորաքի 250-300 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիների չորային շրջաններում։ Ծննդավայը միջերկրածովյան տարածաշրջանն է։ Աճում է Հայաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Կորաք են կոչում նաև այս բույսի չծաղկած կոկոնները։ Օգտագործվում է կերակրի մեջ, ունի բուժիչ–ամրապնդող հատկություններ։
Բույսի նկարագրությունըԽմբագրել
Բույսն ունի շատ ճյուղեր, ձվաձև կամ կլոր մսալի, փայլուն տերևներ։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ սպիտակավարդագույն, բազմաթիվ առէջներով։ Պտուղն իրենից ներկայացնում է կարմրավուն պտղամսով պատիճավոր հատապտուղ։
ՄշակումըԽմբագրել
Կապարի մշակմամբ զբաղվում են Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Ֆիլիպիններում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո), Հյուսիսային Ամերիկայում։ Նախկին Խորհրդային Միությունում արդյունաբերվում էր վայրի կապարը (Դաղստանում)։ Հարավային Եվրոպայում var. genuina (առանց փշերի) տեսակները տալիս են 0.5 - 3.0 կգ պտուղ մեկ բույսից։
ԿերակրատեսակԽմբագրել
Հիմնականում օգտագործվում են առանց փշերի տեսակները։ Կոկոնները, պտուղները և ընձյուղները թթու են դնում քացախով և աղով և օգտագործում որպես համեմունք տարբեր ճաշատեսակների հետ։ Հասունացած պտուղներն ուտում են նաև հում վիճակում։
ԴեղամիջոցԽմբագրել
Ըստ Մխիթար Հերացու՝ հայ միջնադարյան բժշկության մեջ կապարի արմատների կեղևն օգտագործում էին ստամոքսի և լյարդի հիվանդությունների ժամանակ[1]։ Հունական ժողովրդական բժշկության մեջ կապարի արմատներից և մատաղ ճյուղերից պատրաստված թուրմն օգտագործում են իբրև դեղամիջոց ռևմատիզմի դեմ։ Դաղստանում արմատների թարմ կեղևը դնում են թարախոտ վերքերի վրա, փոշիացրած վիճակում օգտագործում են ռևմատիզմի դեմ։ Կապարի մզվածքը մտնում էր լյարդի բուժման համար նախատեսված ԼԻՎ-52 դեղամիջոցի բաղադրության մեջ։
Կապարն ԱստվածաշնչումԽմբագրել
Հին կտակարանի Ժողովողի գրքում կապարն հիշատակվում է որպես ցանկության խորհրդանիշ՝
Եւ ՚ի բարձունս հայեսցին, և ապշութիւն ՚ի ճանապարհին. և ծաղկեսցի՛ նշին, և թանձրասցի՛ մարախն, և տարածեսցի՛ կապարն. զի գնա՛ց մարդ ՚ի տուն իւր յաւիտենից, և շո՛ւրջ եղեն կոծօղք ՚ի հրապարակս։ (Գրաբար, Ժողովող 12-5)
Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետև մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։ (Արևելահայերեն, Ժողովող 12-5)
Ժողովողի «կապարը պիտի տարածվի» արտահայտությունը խորհրդանշում է ծերության անկարությունը, հանգուցյալի մոտ ցանկությունների բացակայությունը՝ կապարի ախորժելի սերմերն ու պտուղներն այլևս չեն կարող գրավել նրան, գրգռել նրա ախորժակը։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 250)։ |