Կալիֆոռնիայի հնդկացիներ

ԱՄՆ էթնիկ բնակիչներ

Կալիֆոռնիայի հնդկացիներ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի տեղաբնիկ հնդկացի ժողովուրդներ։ Տեղաբնիկ հնդկացիներն այստեղ բնակվել են ավելի քան 19000 տարի։ Մինչև եվրոպացիների մուտքը Ամերիկա մայրցամաք, Կալիֆոռնիայում բնակվում էին 500 տոհմեր և խմբեր[1]։

Անապատաբնակ կալուլլիա ցեղի աղջիկ. լուսանկարիչ` Էդվարդ Քրտիս, 1926թ.

Նկարագրություն

խմբագրել

Կալիֆոռնիա տարածաշրջանի նկարագրություն

խմբագրել

Կալիֆոռնիայի ափերով մեկ, որի մեծ մասը քարքարոտ է, ձգվում է մի փոքր գծի տեսքով տարածաշրջան, առանձնանում է մեղմ կլիմայով, առատ տեղումներով, ինչպես նաև առկա են կաղնու և շագանակի անտառներ։ Կալիֆոռնիայով մեկ՝ հյուսիսից մինչև հարավ ձգվում է Ափամերձ լեռան լեռնաշղթան։ Բարձրությունն այդ լեռնաշղթայի հարավային մասում չի գերազանցում 1500 մետրը, իսկ հյուսիսային մասում այն կազմում է 3575 մետր։ Ձմռանը լինում է ցուրտ և տեղում է առատ ձյուն։ Տեղանքի արևմտյան մասում հարթ հովիտ է, որի արևմտյան և միջին մասով հոսում են Սակրամենտո և Սեն-Խոակին գետերը։ Այդ հովիտը մի ամբողջ մղոնով ծածկված է խոտային ծածկույթով։ Հյուսիսում տեղանքն աղքատ է տեղումներից, ուստի ամռանը չոր է, այդ պատճառով խոտածածկույթը վերածվում է անապատի։ Ամենամեծը Մոհավյան անապատն է, որը կազմում է 35000 կմ. քառ.: Այս անապատը հասնում է ընդհուպ մինչև Կոլոռադա գետի ափերը։ Կալիֆոռնիան մեծապես տարբերվում է այլ շրջաններից իր բերքատվությամբ, և նույնիսկ կենդանական աշխարհով։ 19-րդ դարի կեսին որմնզդեղնները, կանադական եղջերուները և անտիլոպները բնակվում էին մեծաքանակ խմբերով, իսկ գետային և ճահճային հատվածներում եղել են վայրի փասիաններ, կաքավներ և լորեր։ Սակայն Կալիֆոռնիան առանձնանում էր իր հարուստ ձկնեղենով։ Ծովի ափերը և գետի մերձակայքը լեփ-լեցուն էր փափկամարմիններով և ձկներով, հատկապես սաղմոն, իշխան և աքերին[2]։

Տեղաբնիկերի բնակեցում

խմբագրել
 
Կալիֆոռնիայի հնդկացիների տոհմերի քարտեզը

Եթե լիներ ճիշտ այն տեսանկյունը, ըստ որի մայրցամաքների ամենաբերքառատ երկրները շուտ են բնակեցվել մնացած շրջաններից և հենց այդ շրջանի մարդիկ ավելի շուտ են հասել մշակութային բարձր մակարդակի, այդ դեպքում Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներից Կալիֆոռնիայի հնդկացիները պետք է հասնեին այդպիսի մակարդակի։ Սակայն իրականում նրանք գտնվում էին ամենացածր մակարդակում։ Քանի որ մյուս շրջանի հնդկացիների մոտ արագ զարգացումը կապված է ոչ թե ավելի հարուստ տեղանքով, այլ այն վայրում է ավելի զարգացած մարդը, որտեղ ձեռքի և մտավոր մեծաքանակ աշխատանք է պահանջվում։ Ամերիկան բացահայտելիս եվրոպացիները ոչ թե Միսսիսիպիի և Միսսուրիի կամ Ամազոնիայի և Լա-Պլատայի շրջանում են գտել ավելի բարձր զարգացման մակարդակ, այլ պուեբլո անվամբ հնդկացիների մոտ, որոնք բնակվել են Նոր Մեքսիկայի և Արիզոնայի տարածքում և այն տարածքներում, որտեղ չկան բերրի հողեր և որսի միջոցներ։ Համեմատելու համար բարձի զարգացված մշակույթ հայտնաբերել են Անագուայի սարահարթում, Կուսկոյում և Պերուում, որոնք զուրկ են անձրևներից[2]։

Երբ Ամերիկայում հաստատվում էին գաղութատերերը նկատել են, որ Կալիֆոռնիայի հնդկացիները չեն զբաղվում այգեգործությամբ և հողագործությամբ, նաև չէին կարողանում պատրաստել կավե ամաններ։ Սակայն քարի մշակման տեխնիկան ավելի զարգացած էր։ Նրանց մոտ զարգացած էր նաև փայտյա իրերի և զենքերի արտադրությունը, ինչպես նաև խրճիթների և նավերի արտադրությունը։ Նավերը պատրաստվում էին մեկ ծառից, որը փորում էին և տալիս նավի կառուցվածք, այն անվանում էին «կանու»[2]։

Տոհմային կարգ

խմբագրել

Կալիֆոռնիայի հնդկացիները չեն ունեցել ներքին ամուր համակարգ, նույնիսկ շատ ցեղախմբեր չեն ունեցել անվանումներ։ Անվանումներ տրվել են հարևան ցեղախմբերի կողմից միմյանցից տարանջատելու համար և ունեցել են հիմնականում «լճի մոտ բնակվողներ», «լեռնային բնակիչներ» և այլ նմանատիպ անվանումներ։ Մի ցեղը կարող էր ունենալ տարբեր անվանումներ։ Ուսումնասիրությունների համար, նկարագրվել է ավելի խոշոր ցեղախմբեր, որոնց կողքին լինում էին ավելի փոքր խմբեր և խոսում էին մեկ լեզվով։ Այդպիսի խմբերն անվանում են «tribe» կամ «տոհմ»[2]։

Այդ տոհմերից մի քանիսն ընդամենը մի քանի հարյուր մարդկանցից կազմված համայնք էր, որոնք բնակվում էին մեկից ավելի գյուղերում։ Իսկ ավել խոշոր խմբերը բաժանվում էին մի քանի տոհմերի, որոնք իրենց հերթին բնակվում էին մի քանի գյուղերում կամ համայնքներում։ Ընդհանրապես այդպիսի հորդան[3] ուներ մի քանի փոքր գյուղեր, որոնք ղեկավարվում էին գլխավորի կամ գյուղի ավագի կողմից։ Իսկ գլխավոր գյուղում առկա էր երկրորդային գյուղերի ղեկավարների վերահսկիչ։ Մի քանի այդպիսի գյուղերում առկա էին երկու առաջնորդներ, նրանցից մեկը ղեկավարում էր խաղաղ ժամանակ, իսկ երկրորդը` պատերազմի ժամանակ։ Այդպես եղել է օրինակ պոմո, կարոկ և շաստա ցեղերի մոտ։ Երկրորդ ղեկավարը չէր զբաղվում ներքին կառավարմամբ, դատերով և այլ հարցերով[2]։

Կալիֆոռնիայի հնդկացիների մոտ չի նկատվել իրական տոհմային համակարգ։ Այդ հնդկացիների տոհմային նկարագրության վերաբերյալ հայտնի է Ստեֆան Պոուերսի գիրքը, որը կոչվում է «Կալիֆոռնրայի տոհմերը» (անգլ.՝ St. Powers, Tribes of California, Washington, 1877)[2]:

Կենցաղ

խմբագրել

Բուսականության մշակում և օգտագործում

խմբագրել
 
Կաղինների պահպանման վայրը
 
Պոմո ցեղերի կողմից հյուսված զամբյուղները
 
Կալիֆոռնիայի հնդկացիների հավաքչությունը և հետագա մշակումը․
1․ Հնդկուհին կաղինն է կեղևազրկում
2․ Մանրացնում է կաղինը դարձնելով ալյուր
3․ Պատրաստում է ալյուրից շիլա կամ ապուր
4․ Կաղնու պահոց
5․ Զամբյուղ, որի մեջ պատրաստում էին շիլաներ
6․ Հավաքչության զամբյուղը

Չնայած Կալիֆոռնիայի հնդկացիները չէին զբաղվում հողագործությամբ, սակայն ունեին բուսական ծագմամբ ուտեստներ։ Քանի որ Կալիֆոռնիայում աճում են ուտելու համար նախատեսված վայրի հատապտուղներ, ուստի դրանք հավաքում էին, ինչով զբաղվում էին միայն կանայք։ Սննդակարգի գլխավոր մասն էր կազմում կաղինը։ Նախընտրում էին հավաքել կալիֆոռնիական հարթավայրի կաղնու, կալիֆոռնիական սև կաղնու և մշտադալար կաղնու պտուղները։

Երբեմն հավաքչությանն օգնում էին տղամարդիկ։ Նրանք երկար փայտերի օգնությամբ ծառից գցում էին կաղինը, իսկ կանայք և աղջիկները հավաքում էին այն զամբյուղների մեջ։ Դրա հետ մեկտեղ հավաքում էին այլ ընկույզներ և արմատներ, ինչպես նաև մատղաշ բույսեր, վայրի սալոր և այլ հատապտուղներ[2]։ Հաճախ օգտագործում էին նաև ծաղկած երեքնուկը, ընդ որում օգտագործում էին հում վիճակում` առանց եփելու, պարզապես պոկում էին այն և անմիջապես օգտագործում[4]։

Վերոհիշյալ բույսերը մշակվում էին հետևյալ ձևով. կաղնուց, ընկույզներից, սերմերից, վայրի սիսեռից և մնացյալից հանում էին պատյանը կամ թաղանթը, չորացնում կամ բովում էին, այնուհետև մանրացնում էին քարերի կամ հավանգի միջոցով։ Մանրացումից հետո ստացվում էր ալյուրանման զանգված, որից պատրաստում էին հացի բլիթներ կամ շիլա։ Կալիֆոռնիայի հնդկացիները շատ էին սիրում այդպիսի շիլաներ։ Եվ քանի որ նրանք չունեին կավե ամաններ, ուստի ջրով շաղախած ալյուրը դրնում էին հյուսված և ջրակայուն զամբյուղի մեջ (այն ծառայում էր նաև որպես կաթսա) և մեջը շարում էի տաք քարեր ու հասցնում էին եռման աստիճանի։ Սակայն մեծամասամբ այդպիսի շիլաները կամ ապուրները չէին ուտում տաք։ Ընդհանրապես Կալիֆոռնիայի հնդկացիները որոշակի եփած կամ տապակած ուտեստներ ունեն, այն էլ ոչ թե տաք վիճակում էին ընդունում, այլ սառը վիճակում[2]։

Որսի և ձկնորսության ձևեր

խմբագրել

Կալիֆոռնիայի հնդկացիների համար սննդակարգի մեծ մասը կազմում էր մսեղենը և ձկնեղենը։ Որմնզդեղների և եղջերուների որսը կազմակերպվում էր ոչ մեծ որսորդների խմբերի կողմից, դրանք տարածված էին հիմնականում լեռնային շրջաններում։ Որսորդներից մի քանիսը տարբեր կողմերից գաղտնի մոտենում էին կենդանուն և արձակում նետը։ Երբեմն գտնելով կենդանու հետքը տեղադրվում էին «պահակակետեր», այնուհետև միմյանց փոխարինելով, նրանք կարողանում էին կենադանուն շեղելով հասցնել մի անծանոթ վայր, որտեղ արդեն դարանակալած որսորդները հեշտությամբ որսում էին նրան[2][5][6]։

Որսով զբաղվող տոհմերի մոտ մեծամասամբ որսորդական շուրջկալն (ռուս.՝ облава) է օգտագործվում։ Ճյուղերի կամ թելերի միջոցով ծառերի արանքում հյուսում են ցանց կամ փորում են փոս, որտեղ ուղղորդում են կենդանուն և որսում։ Իսկ փոքր որսակենդանիներին, ինչպիսիքն են ճագարներ, սկյուռիկներ, ջրարջեր, սովորաբար որսում են թակարդների կամ որսաշների միջոցով։ Որսաշներն ուժասպառ են անում կենդանիներին, որից օգտվելով որսորդը նետերով կամ տեգերով որսում է[2][5]։

Ինչպես գրում էր Գոդդարդը հուպաների մասին, իսկ Դիկսոնը` շաստաների, այս ցեղերի մոտ ընդունված էր աշնանը որսի համար այրել չորացած տերևները։ Որսին ուղղում էին կրակով շրջապատված վայրը, որտեղ արդեն տեղակայված էին որսորդները և հեշտությամբ որսում էին։ Սակայն այդպիսի մասսայական որսերից բացի, կային նաև անհատական որսեր, որոնք այնքան էլ շատ տարածված չէին։ Դրա առանձնահատկությունն այն էր, որ որսորդը դարանակալում էր ջրային հատվածներում՝ սպասելով որսին, կենդանին ջուր խմելու նպատակաով մոտենում է ջրին և հարմար պահին կարողանում է որսալ։ Կամ եղջերուներ որսալու ժամանակ որսորդը հագնում էր եղջերուի մորթի, երբեմն նաև կրում էր եղջերուի գլուխը, որը հանդիսանում էր քողարկում, մոտենում էր եղջերուներին ավելի հարմար որսալու համար[2]։

Որսած կենդանու վրայից տղամարդիկ հանում էին մորթին։ Իսկ միսը հաճախ տապակում կամ չորացնում, կամ էլ առանց աղի ծխեցնում և պահվում ընտանեկան մառաններում[2]։

 
Ձկնորսության ժամանակ օգտագործվող թակարդները

Ջրային տարածաշրջաններում բնակվողների մոտ որսից ավելի զարգացած և տարածված էր ձկնորսությունը։ Ընդհանրապես Կալիֆոռնիայի հնդկացիների մեջ ձկնորսությամբ զբաղվող ցեղերը համարվում են ավելի զարգացած։ Հիմնական որսը համարվում էր սաղմոնը։ Բացի այդ ձկնատեսակից հաճախ որսում էին նաև թառափ և կեղևաձկնիկ, իսկ փոքր գետերում` օձաձուկ, իշխան, աքերին և սիգ։ Մեծ ձկներին որսում էին նիզակների կամ տեգերի միջոցով, իսկ ավելի մանր ձկներին կանթավոր որսացանցի միջոցով։ Այն ցեղերը, որոնք ապրում էին ծովային տարածաշրջաններում նավերի մեջ, կանգնած որսում էին ցանցերի կամ նիզակների միջոցով։ Կարթաձողերով ձկնորսությամբ զբաղվում էին Հարավային Կալիֆոռնիայի հնդկացիներից մի քանի ցեղեր (օրինակ` չումաշները և սալինաները)[2]։

Տարածված էր նաև ձկնորսության մի տեսակ, երբ պատնեշի միջոցով գետի հունը փակում էին, այդպիսի պատնեշները կառուցվում էր ճյուղերից։ Ստացված պատնեշում արվում էի մի քանի փոքր կամ նեղ արանքներ, այդ արանքներում տեղադրվում էր փոտերից պատրաստված ցանց կամ զամբյուղներ[2]։

Բացի ձկնորսության այդ տեսակներից օգտագործում էին այլ եղանակ․ ջրի մեջ գցում էին թունավոր նյութ և երբ ձկները բարձրանում էին ջրի երեսը, նրանք հավաքում էին այդ ձկները կանթավոր որսացանցերի միջոցով։ Այս թունավեր նյութը պատրաստվում էի օճառախոտի (լատին․՝ Sapanaria) արմատներից[2]։

Ձմռանը այն պահելու համար չորացնում էին և ծխեցնում։ Ծխեցնելուց հետո այն կրկին չորացնում էին արևի տակ։ Չորացրած ձկները հիմնականում տարածված էին հուպաների, յրոկների և շաստաների մոտ։ Պետք է նշել, որ տեղաբնակ հնդկացիներից ոչ մեկը ձուկը չէր եփում ջրում կամ յուղի մեջ[2]։

Որսորդությունը և ձկնորսությունը տղամարդկանց աշխատանքի մի մասն էր։ Կանայք օգնում էին նրանց ձկների ձվադրության ժամանակ։ Իսկ ձկների մաքրումը և հետագա մշակումը կանանց անմիջական պարտականությունն էր[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Klein, Barry T. (1995). Reference Encyclopedia of the American Indian. 7th ed. West Nyack, NY: Todd Publications.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Кунов, Генрих (1929). Всеобщая история хозяйства. Том 1. Хозяйства первобытных и полукультурных народов. Москва, Ленинград.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հորդա բառի բացատրություն». bararanonline.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
  4. Krause, F. (1921). Die Kultur der kalifornischer Indianer. Leipzing. էջ 42.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Krause, F. (1921). Die Kultur der kalifornischer Indianer. Leipzing. էջ 117.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Goddaerd, P. (1903). Life and Culture of the Hupa, v.1. U.C.P.A.A.E. էջ 22.

Գրականություն

խմբագրել
  • Г. Кунов, Всеобщая история хозяйства. Том 1. Хозяйства первобытных и полукультурных народов, Москва-Ленинград, 1929
  • St. Powers, Tribes of California, Washington, 1877
  • F. Krause, Die Kultur der kalifornischer Indianer, Leipzing, 1921
  • P. Goddaerd, Life and Culture of the Hupa, v.1, U.C.P.A.A.E., 1903
  • Klein, Barry T., Reference Encyclopedia of the American Indian. 7th ed., West Nyack, NY: Todd Publications, 1995
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիայի հնդկացիներ» հոդվածին։