Թառափ, թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հուն՝ «գանոս» - փայլուն) ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին։ Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպից ծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ)։ Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է։ Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի։ Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում։ Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին։ Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով։ Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով։ Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար։ Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Լճային թառափ (Acipenser fulvescens)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափ» հոդվածին։