Խորխե Վագենսբերգ Լյուբինսկի (իսպ.՝ Jorge Wagensberg Lubinski, դեկտեմբերի 2, 1948(1948-12-02), Բարսելոնա, Իսպանիա - մարտի 3, 2018(2018-03-03), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆիզիկոս, հետազոտող, գրող, հրատարակիչ, դասախոս, թանգարանագետ և թանգարանային ցուցահանդեսների նախագծման փորձագետ։ 1981-2016 թվականներին եղել է Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր։ Բարսելոնայի Կոսմոկայշա գիտական թանգարանի հիմնադիրն է և նրա ղեկավարը մինչև 2014 թվականը։

Խորխե Վագենսբերգ
իսպ.՝ Jorge Wagensberg Lubinski
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1948(1948-12-02)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել էմարտի 3, 2018(2018-03-03) (69 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան (1971) և Բարսելոնայի համալսարան (1976)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1976)
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Jorge Wagensberg Lubinski Վիքիպահեստում

Կրթություն, դասախոսական ու գիտական գործունեություն խմբագրել

Վագենսբերգը ծնվել է Բարսելոնայում, Լեհաստանից եկած հրեական ընտանիքում[3][4]։ Նրա հայրը` Իցեկ Վագենսբերգը, որպես փաթեթավորող աշխատում էր ֆաբրիկայում[5]։ Մայրը` Սարա Լյուբինսկայան, ծագում էր Լոձի հրեական ունևոր ընտանիքից[6]։ Խորխեն 1971 թվականին ավարտել է Բարսելոնայի համալսարանի` ֆիզիկայի ֆակուլտետը։ 1976 թվականին նույն ֆակուլտետում պաշտպանել է ատենախոսություն` ֆիզիկայի փիլիսոփայության թեմայով։ 1981-2016 թվականներին նույն ֆակուլտետում դասավանդել է անդառնալի գործընթացների տեսություն, ինչպես նաև ղեկավարել է բիոֆիզիկայի ոլորտում հետազոտական խմբի աշխատանքը։ Նա հրավիրվել է դասախոսելու Կրեմս ան դեր Դոնաուի համալսարանում (Ավստրիա

Խորխե Վագենսբերգը ավելի քան 1.200 գիտաժողովների ու նիստերի մասնակից է, որոնք տեղի են ունեցել տեղեկատվության մաթեմատիկական տեսության, ռացիոնալ մեխանիզմների, ոչ հավասակշռված ջերմադինամիկայի, ինչպես նաև ժամանակակից թանգարանագիտության (Total Museology) թեմաներով։

Լուսավորական, ստեղծագործական ու հրատարակչական գործունեություն խմբագրել

Վագենսբերգը գիտական բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են միջազգային մասնագիտական հրատարակություններում։ Նա նաև մեծ թվով գիտահանրամատչելի գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցում շոշափում է տարբեր թեմաներ և գիտական ոլորտներ` ջերմադինամիկ հավասարակշռություն, գիտության փիլիսոփայություն, տեսական կենսաբանություն, հնէաբանություն, նաև կրթություն ու գիտական թանգարանագիտություն։

2002 թվականին լույս է տեսել գիտնականի` «Եթե բնությունը պատասխան է, ապա ո՞րն է հարցը» գիրքը, որը կարծես Վագենսբերգի աֆորիզմների հավաքածուն լինի։

  Վագենսբերգի աֆորիզմները կատակ չեն կամ էլ հաջող ձևակերպումներ։ Դրանք ավելի շուտ նման են մաթեմատիկական հավասարումների։ «Այո', դրանք կարելի է կարդալ առանձին, զույգով, մեկի կամ երկուսի միջոցով», — ասում է ինքը մաթեմատիկոսը։ Սակայն ավելի լավ է դրանք յուրացնել որպես համակարգ, քանի որ եթե ամեն մի աֆորիզմ հավասարում է, ապա գիրքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավասարումների համակարգ, և փորձարար մտքի պարգևատրումը այն լուծելու դեպքում նրա` բարձր դիրքում մնալն է[7]։
- Արտասահմանյան գրականություն, 2004, 3
 

Վագենսբերգը ակտիվորեն համագործակցել է իսպանական (El País, La Vanguardia, El Periódico) ու արտասահմանյան որոշ պարբերականների հետ` գիտությունը հասանելի դարձնելով ընթերցողների առավել լայն շրջանակի։

1983 թվականից Խորխե Վագենսբերգը Tusquets հրատարակչությունում հրատարակում է «Metatemas» գիտական հավաքածուն` նվիրված գիտական մտքին։ Այս շարքի` առավել քան 30 տարիների հրատարակման արդյունքում լույս է տեսել մոտ 130 գիրք, այդ թվում` Էրվին Շրյոդինգերի, Ալբերտ Այնշտայնի, Կոնրադ Լորենցի, Ռիչարդ Ֆեյնմանի, Սթիվեն Ջեյ Գուլդի, Ժակ Մոնոյի, Ֆրանսուա Ժակոբի, Նորբերտ Վիների, Մարի Գել-Մանի, Մարտին Գարդների, Ռենե Թոմի, Մարտին Ջոն Ռիսի, Ռիչարդ Դոկինզի, Բենուա Մանդելբրոտի, Լին Մարգուլիսի, Դուգլաս Հոֆշտադտերի, Շելդոն Գլեշոուի, Արիեխ Բեն-Նաիմի գործերը։

Այս նույն շարքի շրջանակներում լույս են տեսել Վագենսբերգի մի քանի գրքեր։

Թանգարանային գործ. Վագենսբերգի տոտալ թանգարան խմբագրել

Վագենսբերգը հայտնի է նաև որպես թանգարանային գործի փորձագետ` հանդիսանալով Կոսմոկայշա գիտական թանգարանի հիմնադիրը Բարսելոնայում։ Թանգարանը 2006 թվականին ստացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակը։ Թանգարանային համալիրի ամբողջական ձևավորումը տևել է 5 տարի և ավարտին հասել 2004 թվականին։ Արդյունքում այն դարձել է նոր սերնդի թանգարան։ Նոր շենքում (ճարտարապետներ` Ռոբերտ և Էստեբե Տերադաս) տեղ են գտել «կենդանի» ցուցանմուշներ, որոնք այցելուներին մոտեցրել են գիտական տարբեր բնագավառների։ Հսկայական Aquaricuará ծառը, որ հատուկ բերվել էր Բրազիլիայից, 100-մետրանոց երկրաչափական պատը և իսկական տեղատարափով արևադարձային անտառը` իր իրական բնակիչներով, բազմաթիվ այլ նմուշներ, որոնք ներկայացված են նոր` ինտերակտիվ ձևով, Կոսմոկայշան ամբողջ աշխարհում դարձրել են գիտական թանգարանների զարգացման ուղենիշ[8]։

Նոր թանգարանի ստեղծման գործընթացին, ինչպես նաև դրա ցուցադրության նախագծման գլխավոր գաղափարներին ու դրույթներին է նվիրված Վագենսբերգի` «Կոսմոկայշա. տոտալ թանգարան» գիրքը, որն իր տեսակի մեջ մանիֆեստ է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից գիտական թանգարանը[9]։ Տոտալ թանգարանի հիմնասյունը իրականությունն է, իրական օբյեկտը։ Մնացած ամեն ինչ` տեխնիկական միջոցներ, խթաններ, ֆիլմեր և այլն, ունի միայն լրացուցիչ նշանակություն։ Կարևորը, ինչին պիտի ձգտի նմանատիպ թանգարանը, այն է, որ այցելուի մտքում ավելի շատ հարցեր պիտի առաջանան, քան մինչև այնտեղ մտնելը[10]։

Տոտալ թանգարանի գաղափարները մարմնավորվել են նաև Արքիմեդի թանգարանում (Սիրակուզա, Իտալիա, 2011), Կլիմայի և շրջակա միջավայրի թանգարանում (Լլեյդա, Իսպանիա, 2010), Ժամանակի թանգարանում (Մոնտեվիդեո, Ուրուգվայ), Անտառի թանգարանում (Սան Սելոնի, Իսպանիա), Անտարկտիկայի թանգարանում (Պունտա Արենաս, Չիլի)։ Շատ երկրներում նա հանդես է գալիս որպես թանգարանների գծագրման խորհրդատու։

2010 թվականից Խորխե Վագենսբերգը հանդիսանում է Եվրոպական թանգարանային ակադեմիայի (European Museum Academy) հիմնադիր անդամ։

Էրմիտաժ Բարսելոնայում խմբագրել

2013 թվականին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Խորխե Վագենսբերգը կգլխավորի Բարսելոնայում հիմնադրվելիք Էրմիտաժ թանգարանը։

Հենց իր Վագենսբերգի խոսքերով իր մտադրությունն այն է, որ ներկայացնի մարդկության պատմությունը` հենվելով Էրմիտաժի հավաքածուի վրա. «Գիտության ու արվեստի մշտատև երկխոսությունը պետք է ընդգծի նրանց ընդհանրություններն ու տարբերությունները։ Դրա համար կընդունվի ժամանակակից թանգարանային նախագծում` առարկաների, երևույթների և թանգարանային փոխաբերության ինքնատիպ կիրառմամբ»[11]։

Մրցանակներ և պարգևատրումներ խմբագրել

2005 թվականինԽորխե Վագենսբերգն արժանացել է Կատալոնիայի ազգային մրցանակին գիտական մշակույթն ու միտքը զարգացնելու նպատակով։ 2007 թվականին Կատալոնական կառավարությունը նրան հանձնել է ազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը` Սուրբ Գևորգի խաչը։

Ընտանիք խմբագրել

  • Խորխե Վագենսբերգի որդին ` Ռուբեն Վագենսբերգը (ծնվ.` 1986), երաժշտական պրոդյուսեր է և քաղաքական ակտիվիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2007/cat/
  2. http://www.udl.cat/ca/organs/secretaria/honoris/wagensberg/
  3. «El gozo intelectual y el método científico». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Jorge Wagensberg a propósito de “Algunos años después”, su libro de memorias
  5. Wagensberg retorna a la infància
  6. Las pasiones de Jorge Wagensberg
  7. Курьер «ИЛ» // Иностранная литература. — 2004. — № 3.
  8. «Афиша Воздух: Чему новый Политех может поучиться у главного научного музея Европы – Архив». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Принципы Хорхе Вагенсберга» (ռուսերեն). Политехнический музей. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  10. Wagensberg, Jorge (2014 թ․ հունիսի 20). «Opinión | El museo en aforismos». EL PAÍS (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  11. Montañés, José Ángel (2016 թ․ հունիսի 17). «El Hermitage de Barcelona abrirá sus puertas en 2019». El País (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել