Խաչիկ Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ էլոյի Սաֆարյան (ապրիլի 1, 1932[1], Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2001, Երևան, Հայաստան), հայ գիտնական, գրող, ազգային շարժման մասնակից, քաղբանտարկյալ, 1990-1995 թթ. ՀԳԽ պատգամավոր, 1995-1999 թթ.` Հայաստանի ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Խաչիկ Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1932[1] |
Ծննդավայր | Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 5, 2001 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գիտնական, գրող, հրապարակախոս և բանաստեղծ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԽաչիկ Սաֆարյանի ծնողներն՝ Էլո (Ալեքսանդր) և Մարիամ Մխիթարյանները գաղթել են Սասունի Արծվիկ գյուղից, 1918 թ․ Հայոց Ցեղասպանության ժամանակ և հաստատվել լեռնային Թալինում։ Ողջ մանկությունն անցկացրել է գրեթե հարյուրամյա հոր պատմությունները լսելով՝ Արևմտյան Հայաստանի, ցեղասպանության ու կորցրած հայրենիքի մասին։ Որոնք տարիների ընթացքում արմատացան իր մեջ եւ ստիպեցին անտարբեր չլինել ու մաքրել անմոռության փոշին։
Գյուղի դպրոցում սովորելուց հետո,1952 թ. ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտ։ 1957-1959 թթ. աշխատել է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցում, միաժամանակ՝ որպես գյուղատնտես նույն գյուղում։ 1959-1962 թթ. սովորել է գյուղատնտեսական ինստիտուտին կից ասպիրանտուրայում։ Աշխատել է որպես դասախոս Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1961 թ. հանդես է եկել որպես բուսաբուծության դասագրքի հեղինակներից մեկը միջնակարգ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների համար։ Հետագայում` նրա ձերբակալությունից անմիջապես հետո, դպրոցներում այդ դասագիրքն արգելվել է։
«Յոթի գործ»
խմբագրել1962 թ. ապրիլին Խաչիկ Սաֆարյանը դարձել է անկախ Հայաստանի կողմնակիցների ջանքերով ստեղծված «Հայ երիտասարդների միություն» ընդհատակյա խմբի հիմնադիրներից և առաջատար գործիչներից մեկը։
"Խրուշչովյան հալոցքի" ժամանակահատվածում հայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ, նրանց թվում նաեւ Խաչիկ Սաֆարյանը՝ մտահոգված համընդհանուր ռուսիֆիկացմանն ուղղված Մոսկվայի քաղաքականությամբ, ինչպես նաեւ վախենալով հայերի հնարավոր ձուլումից, հանդես էին գալիս հայկական ազգային գաղափարի, ազատագրման կոչերով, ինչը խորհրդային իշխանության տարիներին ենթարկվում էր հետապնդումների։ Մասնավորապես, արգելվում էր հրապարակայնորեն հիշել 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին[2]։
Բացի Ցեղասպանության հարցից, ընդհատակյա խմբի նիստերին, որոնց մասնակցում էր նաեւ Խաչիկ Սաֆարյանը, շատ սուր էին դրվում Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու խնդիրները, որոնք հանձնվել էին Ադրբեջանի վերահսկողությանը։ Խմբի անդամները զբաղվում էին արգելված գրականության տարածմամբ, ակտիվ շփվում էին ԱՄՆ-ում և այլ երկրներում հայկական սփյուռքի իրենց համախոհների հետ։
Այդ տարիներին ՀԵՄ-ը սկսում է աշխարհի տարբեր երկրներում ապրող 1 մլն հայերի ստորագրահավաքը` Հայոց ցեղասպանության մասին հարցը ՄԱԿ-ի օրակարգում ընդգրկելու նպատակով։ Այդ ակցիայի նախաձեռնողներից մեկը դառնում է Խաչիկ Սաֆարյանը։ Համատեղ ջանքերով կազմված հռչակագրի տեքստը թարգմանվում է մի քանի լեզուներով, այդ թվում` ռուսերեն և անգլերեն։
Ձերբակալություն
խմբագրելԱրշավի ամենաթեժ պահին երկու հայ ուսանողներ բռնվեցին Սոչիում. նրանց մոտ հայտնաբերվեց արգելված գրականություն, այդպիսով, քննչական մարմիններին հաջողվեց դուրս գալ Սաֆարյանի եւ նրա համախոհների կազմակերպության հետքի վրա։ 1962 թ. դեկտեմբերի վերջին խումբը բացահայտվեց, դրա ամենաակնառու անդամները ձերբակալվեցին։ Խմբի մյուս վեց անդամների հետ Խաչիկ Սաֆարյանը ձերբակալվեց 1963 թ. դեկտեմբերի 26-ին` հակախորհրդային քարոզչության և հակախորհրդային կազմակերպությանը մասնակցության մեղադրանքով (ՀԽՍՀ ՔՕ 65 հոդված, 1 մաս եւ 67 հոդված)։ ՊԱԿ-ի նախաքննությունը շարունակվեց 8 ամիս, որից հետո 1963 թ. սեպտեմբերին ՀԽՍՀ Գերագույն դատարանում տեղի ունեցավ դատավարությունը (այսպես կոչված, «Յոթի գործը»), որում Խաչիկ Սաֆարյանին մեղադրանք ներկայացվեց ՀԽՍՀ ՔՕ 65 և 67 հոդվածներով` հակասովետական ընդհատակյա գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հակապետական բովանդակության գրականություն տարածելու համար։ Քննությամբ հաջողվել էր նաեւ ապացուցել, որ խմբի անդամները պատրաստվել են ապրիլի 24-ին Երևանում կազմակերպել հանրահավաք` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, որ նրանք ցանկացել են Հայաստանի անկախացումը։ Հաջողվել էր նաև ապացուցել, որ նրանցից ոմանք կապեր են հաստատել արտասահմանում աշխատող ազգությամբ հայ լրագրողների հետ, ովքեր պետք է կազմակերպեին հռչակագրի տարածումն արտասահմանում։ Խմբին փորձում էին վերագրել նաեւ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ Կարինյանի դեմ ահաբեկչության նախապատրաստումը, սակայն ապացույցներ չգտնվեցին, և մեղադրանքը հանվեց[2]։
«Յոթի գործով» դատավճռի նրան վերաբերող մասում ասվում է. «Սաֆարյանի մասնակցությամբ տարբեր հավաքույթներում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր և հատկապես` անդամատոմսեր ունենալու, անդամավճարներ սահմանելու և գանձելու, զենք ունենալու, տպագրական մեքենա ձեռք բերելու հարցերը, որոնց նկատմամբ նա ունեցել է երբեմն մյուս ամբաստանյալների կարծիքին չհամապատասխանող կարծիք[3]։
Խաչիկ Սաֆարյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման եւ աքսորվում մորդովական քաղաքական ճամբարներ։ Գաղութում, որտեղ Խաչիկ Սաֆարյանն աշխատում էր փայտամշակման գործարանում, նա ակտիվ ներկայացնում էր Հայկական հարցի մանրամասները մյուս քաղբանտարկյալներին։ Մասնավորապես, բանտարկյալների շրջանում տարածում էր այնպիսի գրականություն, ինչպիսին է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակությունը և լեհ հեղինակ Բ. Գեմբարսկու ազատասիրական հոդվածները հայկական թեմատիկայով, ինչպես նաեւ սեփական նյութերը։ Խաչիկ Սաֆարյանին հատկապես հաջողվում էր շփումը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Ուկրաինայի քաղբանտարկյալների, ինչպես նաեւ հրեաների հետ։ 1965 թ. ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) Խաչիկ Սաֆարյանի և իր համախոհների ջանքերի շնորհիվ հաջողվում է ամբողջությամբ նվիրել Հայաստանի պատմության խնդիրներին[2]։
1967 թ. դեկտեմբերի 26-ին վերադառնալով Հայաստան` Սաֆարյանը մեկ տարի շարունակ մնում է առանց աշխատանքի, ենթարկվում հետապնդումների և ճնշումների, մերժում ստանում բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Թալինի շրջանի գյուղական միջնակարգ դպրոցում աշխատանքի տեղավորվելու հարցում։ Հետագայում ընկերների միջնորդությամբ եւ ակտիվ աջակցությամբ նրան հաջողվում է որպես գիտաշխատող աշխատանքի անցնել Էջմիածնի այգեգործության եւ բանջարաբուծության ԳՀԻ-ում, որտեղ աշխատում է մինչ 1990 թ.։
Արցախյան շարժում
խմբագրելՂարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին մասնակցել է Թալինի կամավորական ջոկատների կազմավորման, Արցախ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին, եղել է մարտական թեժ կետերում[4]։ Օժանդակել է Թալինի ջոկատներին և պաշտպանության խորհրդին զենք զինամթերքով ապահովվելու խնդիրներով։ Կազմակերպել է Արցախի, հիմնականում Շահումյան և Գետաշեն շրջաններից տեղահանված բնակիչների վերաբնակեցումը Հայաստանում։
1990-1995 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1999 թթ.` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1999 թվականից սկսած` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի փորձագետ[5]։
Մահացել է 2001 թվականին, Երևանում։
Գրական և մշակութային կյանք
խմբագրել- «Բուսաբուծություն», դասագիրք միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանների աշակերտների համար, Երեւան, 1961 թ.
- «Այգիները լեռներում», դասագիրք միջնակարգ դպրոցների միջին դասարանների աշակերտների համար, Երեւան, 1969 թ.
- «Թռչունները մեր ընկերներն են», Երևան, 1970 թ.
- «Մրգաբանջարաբուծություն բոլորի համար», Երևան, 1991 թ.
- «Խաղողագործություն բոլորի համար», Երևան, 1992 թ.
- «Աշխարհն իմ աքսորական», բանաստեղծությունների ժողովածու` մասամբ գրված աքսորի ընթացքում, Երևան,1993 թ.
- «Հոքուններ եւ թանկաններ» բանաստեղծությունների ժողովածու
- «Վահան Տեր–Առաքելյան», Երևան, 1996 թ.
- «Արմենակ Շահմուրադյան», Երևան, 1996 թ.
- «Կոմիտաս սքանչելագործ» հայ խոշորագույն դասական կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի և ստեղծագործության մասին (Ս. Սողոմոնյան), Երևան, 1997 թ.
- «Կոմիտասի նամակներ» ժողովածու (համահեղինակ)
- «Հայկական» հոդվածների ժողովածու, Երևան, 2002 թ․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=504&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 Դավիթ Ալավերդյան (2014 հունվար 24)։ «Դիսիդենտական Հայաստան. Խաչիկ Սաֆարյան»։ ՄեդիաՄաքս։ Վերցված է 2020 մայիսի 9
- ↑ Վարդան հարությունյան (2018 մարտ 2)։ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Խաչիկ Սաֆարյան»։ Հետք։ Վերցված է 2020 մայիսի 9
- ↑ Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան։ Վերցված է 2020 մայիսի 9
- ↑ Ազգային Ժողովի կայք
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սաֆարյան» հոդվածին։ |