Բացել գլխավոր ցանկը

Խալիլ ալ-Աշրաֆ

մամլուք սուլթան

Ալ-Մալիք ալ-Աշրաֆ Սալահ ալ-Դին Խալիլ իբն Կալաուն (արաբ․՝ الملك الأشرف صلاح الدين خليل بن قلاوون‎‎‎, մոտ. 1262 թվական, Կահիրե - 1293 թվական, դեկտեմբերի 14, Կոմ Թուրուգա), Եգիպտոսի մամլուք սուլթան՝ 1290 թվականից մինչև իր սպանությունը 1293 թվականի դեկտեմբերին։ Սուլթան Կալաունի որդին, ան-Նասիր Մուհամմադի ավագ եղբայրը։ Առավել հայտնի է Պաղեստինում խաչակրաց պետություններից վերջինի նվաճմամբ, որն ավարտվեց 1291 թվականի Աքքայի գրավմամբ:

ալ-Աշրաֆ Խալիլ
الملك الأشرف صلاح الدين خليل بن قلاوون
SiegeOfAcre1291.jpg
Աքքայի պաշարումը 1291 թվականին
Դրոշ
Եգիպտոսի մամլուք սուլթան
1290 - 1294
Նախորդող Սայֆ ալ-Դին Կալաուն
Հաջորդող Ալ-Նասիր Մուհամմադ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն արաբ
Դավանանք Սուննի իսլամ
Ծննդյան օր մոտ. 1262
Ծննդավայր Կահիրե
Վախճանի օր 1293, դեկտեմբերի 14
Վախճանի վայր Կոմ Թուրուգա
Դինաստիա Բահրի
Քաղաքացիություն Եգիպտոս
Հայր Սայֆուդին Կալաուն

Վաղ տարիներԽմբագրել

Ալ-Աշրաֆ Խալիլը ծնվել է Կահիրեում[1] և եղել է սուլթան Կալաունի որդին։ Նա սուլթանության ժառանգորդը դարձավ 1288 թվականին, իր եղբոր՝ աս-Սալիհ Ալիի հանկարծամահությունից հետո[2]: Սակայն Կալաունը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, որը հաստատում էր Խալիլի գահի նկատմամբ ունեցած իրավունքները մինչև սուլթանի մահը։ Արարողության դատավորի՝ Ֆաթհ ալ-Դին Աբդուլ Սահիրի խոսքերով, սուլթանը հայտարարել է.

  Ֆաթհ ալ-Դին, ես չեմ կարող Խալիլին թույլ տալ կառավարել մուսուլմաններին[3]:  

Երբ Խալիլը տեսնում է հոր կողմից չստորագրված փաստաթուղթը, նա ասում է.

  Ֆաթհ ալ-Դին, սուլթանը հրաժարվեց տալ ինձ այդ իրավունքը, սակայն Աստված այն ինձ տվել է[4][5]:  

Կալաունի տեղակալը՝ Հոսամ ալ-Դին Թուրունթայը, և էմիր Քիթբուղա ալ-Ադիլը ձերբակալվեցին։ Արդյունքում Թուրունթայը մահապատժի ենթարկվեց Խալիլի դեմ դավադրություն կազմակերպելու համար, բայց Քիթբուղան ազատ արձակվեց։ Բայդարա ալ-Մանսուրին՝ սուլթան Կալաունի նախկին վեզիրը, դարձավ նոր փոխսուլթան, Հուսամ ալ-Դին Լաջինը[6] դարձավ սուլթանի փոխանորդը Սիրիայում, իսկ Իբն ալ-Սալյուսը ստացավ վեզիրի պաշտոնը։ Հետո Խալիլը լուծարեց իր հակառակորդներին և անցավ խնդրի, իսկ մասնավորապես՝ Սիրիայի ծովափնյա ամրոցներից վերջին խաչակիրների տեղահանման կատարմանը, որը դեռ անավարտ էր մնացել իր հոր կողմից։

Աքքայի գրավումըԽմբագրել

 
Աքքայի քարտեզը 1291 թվականին

Խալիլի հայր Կալաունը 1289 թվականին գրավել էր Տրիպոլիի կոմսությունը, և 1290 թվականին շարժվել էր դեպի Աքքա՝ Երուսաղեմի թագավորության մնացորդների մայրաքաղաք, սակայն, թերագնահատելով Աքքայի պաշտպաններին, սուլթանը մահանում է նոյեմբերին՝ մինչև պաշարման սկիզբը։ Խալիլը որոշում է շարունակել հարձակումը։ Նա տաճարականների Մագիստր Գիյոմ դը Բոժեին հաղորդագրություն է ուղարկում, որում հայտնում է իր հարձակման մտադրությունների մասին և կոչ է անում պատվիրակներ կամ ընծաներ չուղարկել։ Այդուհանդերձ, Աքքայից ընծաներով պատվիրակություն ժամանեց Կահիրե[7]՝ սըր Ֆիլիպ Մենբյոֆի գլխավորությամբ[8][9]: Դեսպանները Խալիլին դիմեցին խնդրանքով, որ չհարձակվի Աքքայի վրա։ Խալիլը մերժում է խնդրանքը և դեսպաններին փակում բանտում[9][10]:

Ալ-Աշրաֆ Խալիլը ուժեր հավաքեց Եգիպտոսից և Սիրիայից, որոնք իրենց մեջ էին ներառում կամավորների մեծ թվաքանակ[11] և Հիսն ալ-Աքրադից պաշարողական մեքենաներ։ Խալիլի կատապուլտներից որոշները հսկայական չափսեր ունեին և կրում այնպիսի անվանումներ, ինչպես «Ալ-Մանսուրի»՝ «հաղթական»: Իսկ ավելի թեթև մանգոնելներին անվանում էին «սև ցլեր»[12]: Չորս բանակները Դամասկոսից (Լաջինի գլխավորությամբ), Համայից (ալ-Մուզաֆար Թաքայ ալ-Դինի գլխավորությամբ), Տրիպոլիից (Բիլբանի գլխավորությամբ) և ալ-Քարաքից (Բեյբարս ալ-Դևադարի գլխավորությամբ) շարժվեցին դեպի Աքքա, որպեսզի միանան Խալիլի եգիպտական բանակին։

Աքքայի պաշտպանները օգնության համար դիմեցին Եվրոպային, սակայն անօգուտ։ Ասպետների փոքրաթիվ մի խումբ, որոնց մեջ էր շվեյցարացի Օտտո դը Գրանդիսոնը, ուղարկվեց Էդուարդ I-ի կողմից։ Բուրհարդ ֆոն Շվադենը՝ Տևտոնական միաբանության մեծ մագիստրը, հրաժարական ներկայացրեց և փոխարինվեց Կոնրադ ֆոն Ֆոյգթվանգենի հետ, ով անսպասելիորեն լքեց Աքքան և հեռացավ Եվրոպա։ Հատկանշական է, որ իրական օգնություն եկավ միայն Կիպրոսի արքա Հենրիխ II-ից, ով ամրացրեց պարիսպները և զորքեր ուղարկեց իր եղբայր Ամորիի գլխավորությամբ, որպեսզի պաշտպանի քաղաքը։ Աքքան լավ պաշտպանված էր պարիսպների երկու գծերով և ուներ տասներկու աշտարակ, որոնք կառուցվել էին եվրոպական արքաների և հարուստ ուխավորների միջոցներով[13]:

 
Աքքայի գրավումը. մանրանկար

1291 թվականի ապրիլի 5-ին Խալիլի զորքերը դասավորվեցին Աքքայի առջև[14]: Համայի բանակը դիքեր զբաղեցրեց տաճարականների աշտարակի առջևի մասում, այնուհետև եգիպտական բանակը ձգվեց Մոնմուսարի պարիսպներից մինչև ծովածոց։ Դիխլիզը (սուլթանի կարմիր վրանը) տեղադրվեց մի փոքրիկ բլրի վրա՝ ափից ոչ հեռու։ Ապրիլի 6-ին կատապուլտները սկսեցին Աքքայի պարիսպների վրա քարեր նետել։ Ութօրյա ռմբակոծությունից հետո քաղաքի պարիսպները կործանվեցին և սկսվեցին հակառակորդների զորքերի միջև մարտեր տեղի ունենալ։ Ութ օրվա պաշարման արդյունքում մուսուլմանները սկսեցին շարժվել առաջ՝ քաղաքի ուղղությամբ՝ օգտագործելով միահյուսված վահանները, որպեսզի նետերից պաշտպանվեն, մինչև պարսպի եզրին հասնելը։ Խալիլի ականակիրներ ականապատեցին պատերը։ Չնայած ծովով Կիպրոսից Աքքա եկող մշտական օգնությանը՝ քրիստոնյաները համոզված էին Խալիլի բանակին դիմակայելու անհնարին լինելու վրա։ Ապրիլի 15-ին՝ լուսնի լույսի ներքո, Ժան Գրայի և Օտտո դը Գրադիսոնի գլխավորությամբ տաճարականները հանկարծակի գրոհեցին Համայի բանակի ճամբարի վրա, սակայն նրանց ձիերի ոտքերը խճճվեցին մուսուլմանների վրանների պարանների մեջ, և բազմաթիվ քրիստոնյաներ սպանվեցին։ Մի քանի օր անց, հիվանդախնամների կողմից կատարված գիշերային հարձակում անհաջողության մատնվեց։ Մայիսի 5-ին որոշ հույս արթնացավ, երբ Հենրիխ II Կիպրոսցին զորքով 40 նավերով Աքքա ժամանեց։ Բայց շուտով Հենրիխը համոզվեց իր անօգնականության մեջ։ Քրիստոնյաները պատվիրակներ ուղարկեցին սուլթանի մոտ, ովքեր նրան ողջունեցին ծնկի իջած[15]: Խալիլը հարցրեց նրանց, թե բերե՞լ են արդյոք նրան քաղաքի դարպասները, սակայն նրանք պատասխանեցին, որ քաղաքը չի կարող այդպես հեշտությամբ հանձնվել և որ նրանք եկել են միայն, որ Աքքայի խեղճ բնակիչների համար գթություն խնդրեն։ Խալիլը խոստացավ, որ կխնայի բոլոր բնակիչների կյանքը, եթե քաղաքի պաշտպանները հանձնեն Աքքան, սակայն պատվիրակները չընդունեցին այդ առաջարկը։ Այն պահին, երբ դեսպանները դեռ խոսում էին սուլթանի հետ, մի հսկա քար՝ արձակված Աքքայի պարսպի վրայի բաբանից, հարվածեց գետնին՝ սուլթանի վրանի մոտ։ Խալիլը, կռահելով, որ բանակցությունները միայն ծուղակ էին, ցանկացավ սպանել պատվիրակներին, սակայն էմիր ալ-Սանժար Շույան պաշտպանեց նրանց, և նրանք ետ դեպի քաղաք ուղարկվեցին։

 
Բահրի հարստության տիրույթները (կարմիր գույնով)

Մայիսի 8-ից Աքքայի աշտարակները ավերվեցին մեկը մյուսի հետևից։ Մայիսի 18-ի առավոտյան սուլթանը հրամայեց գրոհ սկսել քաղաքի բոլոր կողմերից՝ շոփորների և թմբուկների ձայնի ուղեկցմամբ, որոնք բերվել էին 300 ուղտերի վրա։ Մուսուլմանների բանակները շարժվեցին գլխավոր աշտարակի ուղղությամբ, որը կոչվում էր «Անիծված», և ստիպեցին կայազորին նահանջել Սուրբ Անտոնիոսի դարպասների ուղղությամբ։ Պարիսպների վրա մուսուլման դրոշներ խփվեցին։ հիվանդախնամների և տաճարականների բոլոր հակագրոհներն ու փորձերը՝ ուղղված աշտարակը վերադարձնելուն, իզուր եղան։ Հենրիխ II արքան և հիվանդախնամների մագիստրը նստեցին գալերաները և փախան Աքքայից։ Գիյոմ դը Բոժեն՝ տաճարականների մագիստրը, և Մատյե դը Կլերմոնը սպանվեցին։ Գրավելով այդ դիրքերը՝ մուսուլման զորքերը մարտեր ծավալեցին քաղաքի փողոցնրում։ Թե որքան բնակիչներ մահացան քաղաքում և ծովի վրա՝ հայտնի չէ։ Գիշերը Աքքան, 100 տարի գտնվելով խաչակիրների ձեռքում, Խալիլի ձեռքում էր, և նրա բանակը, 43-օրյա պաշարումից հետո կանգնած էր քաղաքի արևմտյան մասում՝ ծովի ափին։ Մեկ շաբաթ անց Խալիլը բանակցություններ սկսեց Պյեռ դը Սեվերիի հետ, ով գլխավորում էր տաճարականներին, և որորշվեց, որ տաճարականները նույնպես ստանալու են ազատ ելք դեպի Կիպրոս։ Բայց սուլթանի մարդիկ, ովքեր միջնաբերդ էին ուղարկվել, որպեսզի հսկեն տարհանումը, անկարգապահ դուրս եկան և սպանվեցին տաճարականների կողմից։ Մթության քողի տակ, Թեոբալդ Գոդենը՝ Տաճարի նոր մագիստրը, լքեց ամրոցը մի քանի մարդկանց և տաճարականների գանձարանի հետ մեկտեղ։ Առավոտյան Պյեռ դը Սեվերին գնաց սուլթանի մոտ, որպեսզի կազմակերպի իրադրությունը, սակայն ձերբակալվեց իր հետևորդների հետ և մահապատժի ենթարկվեց սուլթանի մարդկանց սպանելու համար։ Երբ միջնաբերդում պաշարված տաճարականները տեսան, թե ինչ կատարվեց Սեվերիի հետ, շարունակեցին մարտը։ Մայիսի 28-ին սուլթանը մոտավորապես 2000 մարդու ուղարկեց միջնաբերդը գրոհելու համար։ Միջնաբերդը փլուզվեց, սպանելով բոլոր նրանց, ովքեր գտնվում էին նրա ներսում, այդ թվում՝ սուլթանի մարդկանց[16]:

Աքքայի գրավման մասին լուրերը հասան մինչև Դամակոս և Կահիրե: Ալ-Աշրաֆ Խալիլը հաղթական մուտք գործեց Դամասկոս, գերեվարված խաչակիրների և նրանց դրոշների հետ։ Դամասկոսում իր հաղթանակը տոնելուց հետո Խալիլը գնաց Կահիրե։ Ժամանելով Կահիրե՝ նա հրամայեց ազատ արձակել Ֆիլիպ Մենբյոֆին և իր մարդկանց, ովքեր նրան ավելի վաղ Կահիրեում աջակցել էին[17]:

Տյուրոսի, Սիդոնի, Բեյրութի, Հայֆայի և Տարտուսի գրավումըԽմբագրել

Տյուրոսի նավահանգիստը սիրիական ծովափնյա հատվածում խաչակիրների ամենալավ ամրացված ամրոցներից մեկն էր։ Սալահ ալ-Դինը երկու անգամ անհաջող փորձեր է արել այն նվաճելու համար։ Տյուրոսը, Խալիլի կողմից Աքքայի գրավումից շատ չանցած, Մարգարիտ դը Լուզինյանի կողմից փոխանցվում է իր զարմիկ Ամորի Տյուրոսցուն։ Մայիսի 19-ին սուլթանը, ով դեռ Աքքայում էր գտնվում, էմիր Սանժար ալ-Շույայի գլխավորությամբ զորախումբ է ուղարկում, որպեսզի հետազոտեն Տյուրոսում տիրող իրավիճակը։ Ունենալով փոքրաթիվ կայազոր և տեսնելով Աքքայի փախստականներին՝ Ադամ Կաֆրանը՝ Տյուրոսի բալյին, խուճապահար եղավ և փախավ դեպի Կիպրոս։ Տյուրոսը գրավվեց մուսուլմանների կողմից առանց մարտի։

 
Սիդոնի ծովային ամրոցը

Աքքայի գրավումից մեկ ամիս անց Խալիլը էմիր ալ-Շույայի գլխավորությամբ զորքեր ուղարկեց դեպի Սիդոն: Տաճարակնները, Գոդենի՝ Տաճարի նոր մագիստրի գլխավորությամբ, որոշեցին պատսպարվել ամրոցում, որը կառուցված էր կղզու վրա՝ ափից 90 մետր հեռու։ Գոդենը վերցրեց միաբանության գանձարանը և նավարկեց Կիպրոս, խոստանալով իր հետևորդներին, որ Կիպրոսից օգնություն կուղարկի։ Սակայն Գոդենը չկատարեց իր խոստումները։ Այն բանից հետո, երբ ամրոցում փակված տաճարականները տեսան, թե մուսուլմաններն ինչպես են կամուրջ կառուցում, գիշերը ծովով փախան դեպի Տարտուս: Էմիր ալ-Շույան հրամայեց ոչնչացնել ծովային ամրոցը հուլիսի 14-ին[18]:

Սիդոնի գրավումից հետո ալ-Շույան ուղղվեց դեպի Բեյրութ: Քաղաքն ուներ փոքր կայազոր և կարևոր առևտրական ծովային նավահանգիստ էր խաչակիրների համար։ Էշիվա դը Իբելինը՝ Բեյրութի իշխանուհին, մտածեց, որ ինքն ապահով է, քանի որ զինադադար էր կնքել Խալիլի հոր՝ Կալաունի հետ։ Ալ-Շույան կայազորի հրամանատարներին կանչեց և ձերբակալեց նրանց։ ՏԵսնելով ձերբակալված հրամանատարներին՝ զինվորները ծովով փախուստի դիմեցին։ Բեյրութը մուսուլմանների կողմից նվաճվեց հուլիսի 31-ին։ Ալ-Շույան հրամայեց հանել քաղաքի պարիսպները, իսկ տաճարը վերափոխել մզկիթի։

Հայֆան գրավվեց հուլիսի 31-ին՝ թույլ դիմադրությամբ։ Տարտուսը պաշարվեց էմիր Բիլբանի կողմից, և խաչակիրները ստիպված եղան փախչել դեպի հարևան Արվադ կղզին։ Քաղաքն ընկավ, սակայն Արվադը հանձնվեց խաչակիրների կողմից միայն 1302 թվականին:

 
Կիլիկյան Հայաստանի թագավորությունը, 1199–1375

1292 թվականին, վեզիր իբն ալ-Սալուսի աջակցությամբ Խալիլը ժամանեց Դամասկոս, իսկ հետո Հալեպի վրայով գնաց պաշարելու Կալաաթ ալ-Ռամ ամրոցը (հայերեն՝ Հռոմկլա)։ Ամրոցը համարվում էր հայոց Պատրիարքի նստավայրը։ Քաղաքը պաշարվեց ավելի քան 20 բաբաններով[19] և գրավվեց 30 օրվա պաշարումից հետո։ Խալիլն այն վերանվանեց Կալաաթ ալ-Մուսլիմին («Մուսուլմանների ամրոց»)[20]: Նա էմիր ալ-Շույային թողեց արոցում և գերիների հետ վերադարձավ Դամասկոս։ Դամասկոսի բնակչությունը սուլթանին Կահիրե ուղեկցեց գիշերով՝ հազարավոր վառվող մոմերի լույսի ներքո։ Սուլթանը Կահիրե մտավ Հաղթանակի դարպասներով («Բաբ ալ-Նասր») և նույնպես դիմավորվեց հազարավոր վառվող մոմերով։

Սուլթանը վերադարձավ Դամասկոս և բանակ հավաքեց, որպեսզի ներխուժի Կիլիկյան Հայաստան, սակայն հայ դեսպանները ժամանեցին Դամասկոս և դիմեցին նրան։ Թիլ-Հեմդուն, Մարաշ և Բեհեշի քաղաքները նրան էին հանձնվում խաղաղության փոխարեն։

 
Եվրոպայում տաճարականներին այրում են խարույկի վրա

Խալիլը լավ հարաբերություններ ուներ Կիպրոսի թագավորության, Արագոնի թագավորության և Սիցիլիայի թագավորության հետ՝ նրանց հետ կնքելով առևտրական և ռազմական պայմանագրեր։

Խաչակիրների թագավորության նվաճման գործընթացը, որը սկսվել էր 1187 թվականից Սալահ ալ-Դինի կողմից, վերջապես ավարտում է Խալիլը, որը, համաձայն մուսուլման ժամանակագիրների՝ հավասարազոր էր Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքներին[21]: Սուլթանը նաև ծրագրել էր հարձակվել Կիպրոսի թագավորության[22] և Բաղդադը գրաված մոնղոլների վրա։

Խաչակիրներն ընկան հուսահատության մեջ։ Նրանց 200 տարվա ջանքերն ապարդյուն անցան։ Խաչակիրների թագավորությունը ավերվեց Սալահ ալ-Դինի, Բեյբարսի և Կալաունի կողմից, իսկ Լյուդովիկոս IX-ի կողմից Եգիպտոսի դեմ ձեռնարկված Խաչակրաց յոթերորդ արշավանքը ավարտվեց լիակատար տապալումով, սակայն խաչակիրները փորձում էին իրենց աջակցող կետերը պահպանել Սիրիայի ծովափնյա հատվածում, հույս ունենալով վերադարձնել այն, ինչ կորցրել են։ Հռոմի Պապ Նիկողայոս IV-ը փորձեց գործել, սակայն մահացավ 1292 թվականին, և եվրոպական թագավորները, ներգրավված իրենց ներքին հակամարտությունների մեջ, ի վիճակի չէին նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու։ Ինչ վերաբերում է տաճարականներին, նրանք Եվրոպայում մեղադրվեցին հերետիկոսության մեջ և խստորեն հետապնդվում էին Ֆիլիպ IV-ի և Կղեմես V Պապի կողմից։

Ներքին հակամարտությունները և սպանությունըԽմբագրել

 
Ալ-Աշրաֆ Սալահ ալ-Դին Խալիլի դամբարանը

Ռազմական առումով Խալիլը տիրապետում էր իր նախրդներ Բեյբարսի և Կալաունի էներգիային և հմտություններին։ Բայց շատ էմիրներ նրան չէին սիրում։ Նա սկսեց իր կառավարումը հոր որոշ երևելի էմիրների բանտարկմամբ, այդ թվում՝ փոխսուլթան Թուրունթայի։ Աքքայի համար մղվող ճակատամարտի ժամանակ նա ձերբակալեց Հոսամ ալ-Դին Լաջինին, իսկ երբ վերադարձավ Կահիրե, աքսորեց Սունքուր ալ-Աշքարին և մի քանի էմիրների։ Խալիլը շարունակեց իր հոր քաղաքականությունը՝ փոխարինելով թուրք մամլուքներին չերքեզներով, ինչը շիկացրեց մամլուքների միջև հարաբերությունները։ Խաչակիրների նկատմամաբ տարած հաղթանակից հետո մեծամտությունը հաղթահարեց սուլթանին, և նա էմիրների հետ սկսեց կոպիտ վարվել և փաստաթղթերը ստորագրել միայն «KH» (արաբ․՝ «Խ»‎‎) տառերով՝ արհամարհելով էմիրներին։ Բացի այդ, նրա վեզիր Իբն ալ-Սալյուսը էմիրների ատելությունն էր առաջացնում, քանի որ նա ոչ մամլուք էր եղել, և ոչ էլ էմիր, այլ մի առևտրական էր Դամասկոսից։ Միաժամանակ, երբ Խալիլն անտեսում էր էմիրներին, նա բավականին առատաձեռն էր Իբն ալ-Սալյուսի նկատմամբ[23]: Իբն ալ-Սալյուսը Եգիպտոսի վերին դատավորի՝ Իբն ալ Բինթ-Աազայի նկատմամբ անարդարացի հալածանքների մեջ էր ներգրավվել և մշտապես վիճում էր վեզիր Բանդարի հետ։

1293 թվականի դեկտեմբերին Խալիլը, Իբն ալ-Սալյուսի, Բայդարի և ուրիշ էմիրների ուղեկցությամբ ուղևորվեց Կոմ-Թուրուգա՝ հյուսիսային Եգիպտոս, բազեներով որսի։ Նա Իբն ալ-Սալյուսին ուղարկեց հարևան քաղաք Ալեքսանդրիա, որպեսզի բերի պաշարները և հավաքի հարկերը։ Ժամանելով Ալեքսանդրիա՝ Իբն ալ-Սալյուսը պարզեց, որ նրանից առաջ Բայդարի ներկայացուցիչներն արդեն հավաքել են բոլոր հարկերը։ Իբն ալ-Սալյուսից ստանալով հաղորդագրությունը՝ սուլթանը Բայդարին կանչեց իր վրան, վիրավորեց և սպառնաց նրան այլ էմիրների ներկայությամբ։ Բայդարը լքեց վրանը և կանչեց Լաջինին, Սունքուրին և այլ էմիրների, և նրանք միասին որոշեցին սպանել սուլթանին։ Դեկտեմբերի 14-ին սուլթանն իր ընկեր էմիր Շիհաբ ալ-Դին Ահմադի հետ հարձակման ենթարկվեց և սպանվեց Բայդարի ու նրա համախոհների կողմից։ Այն էմիրները, ովքեր Բայդարից հետո հարվածեցին սուլթանին, Լաջինը և Բախադիր Փաք-Նուբան էին։ Խալիլի սպանությունից հետո Բայդարը և իր հետևորդները գնացին սուլթանի վրանը և Բայդարին հռտչակեցին նոր կառավարիչ։ Սակայն Բայդարը շուտով ձերբակալվեց սուլթանի մամլուքների և էմիրների կողմից, իսկ հետո սպանվեց Քիթբուղայի և Բեյբարսի կողմից, իսկ նրա գլուխն ուղարկվեց Կահիրե։ Իբն ալ-Սալյուսը ձերբակալվեց Ալեքսանդրիայում և ուղարկվեց Կահիրե, որտեղ նա հանդիպեց դաժան վերաբերմունքի, և վերջիվերջո, ծեծամահ արվեց։ Էմիրները, ովքեր մասնակցել էին Խալիլի սպանությանը, խիստ պատժվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Լաջինը և Սունքուրը փախուստի դիմեցին[24]:

Խալիլի մահից հետո էմիրները որոշեցին թագադրել նրա 9-ամյա եղբորը՝ Ան-Նասիր Մուհամմադին, Քիթբուղային նշանակեցին որպես փոխսուլթան, իսկ ալ-Շույային որպես վեզիր։ Բայց Խալիլի մահը գաղտնի պահվեց մի որոշ ժամանակ։ Արդեն մահացած Խալիլի անունից ուղերձ կազմվեց Եգիպտոսից մինչև Սիրիայում բնակվող էմրների համար.

  Ես իմ եղբայր ալ-Մալիք ան-Նասիր Մուհամմադին նշանակել եմ որպես իմ փոխարինող և ժառանգորդ, այնպես որ երբ ես գնամ թշնամու դեմ կռվելու՝ նա կփոխարինի ինձ[25]:  

Միայն դրանից հետո հրապարակվեց Խալիլի մահվան լուրը։

Ալ-Աշրաֆ Խալիլը կառավարեց մոտավորապես երեք տարի և երկու ամիս։ Նա ուներ երկու դուստր։ Բացի այդ Աքքայի նվաճման ժամանակ նա հիշատակվում էր որպես խելացի մարդ, ով սիրում էր կարդալ և սովորել[26]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ibn-Taghri, p.4/ vol.8
  2. Al-Maqrizi, p.207/ vol.2
  3. Al-Maqrizi,p.219/ vol.2. Ibn Taghri, p.3/ vol.8.
  4. Ibn Taghri, p.3/ vol. 8
  5. Al-Maqrizi, p.218 / vol. 2
  6. Al-Maqrizi, p.274/ vol.2.
  7. Al-Maqrizi, p.222/ vol. 2
  8. The Templar of Tyre, Gestes des Chiprois, p.104 / part 3
  9. 9,0 9,1 The Templar of Tyre, Gestes des Chiprois, p.104/ part 3
  10. Asili, p.110
  11. Abu al-Fida, p.278/ vol.13. Ibn Taghri, p.5/ vol. 8
  12. Asili, p. 110. Templar of Tyre, p.105
  13. Аsili, p.114
  14. Templar of Tyre, p.105. Asili, p.110. Ibn Taghri, p.5 / vol. 8. Al-Maqrizi, p.223/ vol.2
  15. Templar of Tyre, p.108. Asili, p.116
  16. Ludolphi, Rectoris Ecclesiæ Parochialis in suchem, p.46
  17. Ibn Taghri, p.9/ vol.8
  18. Remains of the sea castle still exist today. See picture above.
  19. Abu Al-Fida, p.386/ vol.13. According to Al-Maqrizi, al-Ashraf besieged Qal'at ar-Rum with 20 catapults. Al-Maqrizi, p.233/vol.2
  20. al-Maqrizi, p.234/ vol.2
  21. Mannheim 2001, p. 316
  22. Asili, p.130. Runciman p.89-95/part 3
  23. Al-Maqrizi, p.221-222 and 251/vol.2. Ibn Taghri, p.45/vol.8. Abu Al-Fida,p.395/vol.13
  24. Ibn Taghri, p.40/ vol.8. Al-Maqrizi, p.255/ vol.2 .
  25. Al-Maqrizi, p.249/vol.2
  26. Al-Maqrizi, p.249-250/vol.2
Նախորդ Տիտղոս Հաջորդ
Մանսուր Կալաուն  Մամլուք սուլթան
1290-1293
Մուհամմադ I

ԳրականությունԽմբագրել

  • Abu al-Fida, The Concise History of Humanity.(The historian Abu al-Fida took part in the sieges of Tripoli and Acre.)
  • Al-Maqrizi, Al Selouk Leme'refatt Dewall al-Melouk, Dar al-kotob, 1997.
  • Asili,B., Al-Zahir Baibars and the end of the old crusades, Dar Alnafaes, Beirut 1992
  • Ibn Taghri, al-Nujum al-Zahirah Fi Milook Misr wa al-Qahirah, Dar al-Kotob, Beirut 1992
  • Ludolphi, Rectoris Ecclesiæ Parochialis in suchem, de itinere Terræ Sanctæ,University of Michigan 1851
  • Runciman, Steven, A history of the Crusades 3. Penguin Books, 1987
  • The Templar of Tyre, Chronicle (Getes des Chiprois), Published by Crawford, P., Ashgate Publishing. Ltd, Cyprus 2003. ISBN 1-84014-618-4
  • Irwin R., The Middle East in the Middle Ages: the early Mamluk Sultanate 1250-1382, London, «Croom Helm» — 180 p, ISBN 0-7099-1308-7։
  • Northrup L., From slave to sultan: the career of Al-Manṣūr Qalāwūn and the consolidation of Mamluk rule in Egypt and Syria (678–689 A.H. / 1279-1290 A.D.), Stuttgart, «Franz Steiner Verlag», ISBN 3-515-06861-9։