Լենկա Ռոտման
Լենկե Ռոտման (շվեդ.՝ Lenke Rothman, մարտի 28, 1929[1][2][3][…], Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա[4] - նոյեմբերի 27, 2008[3][5], Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]), հունգարական ծագմամբ շվեդ նկարչուհի և գրող։
Լենկա Ռոտման | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 2008[3][5] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | գրող, քանդակագործ և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | Mail-Art? |
Պարգևներ | |
Ամուսին | Սիվար Առներ |
Զավակներ | Elias Arnér? |
Lenke Rothman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼենկե Ռոտմանը ծնվել է 1929 թվականի Կիշկունֆելեդհազայում, Հունգարիա։ Նրա հայրը զբաղվում էր անձրևանոցների արտադրությամբ, իսկ մայրը կանացի վարսահարդար էր։ Լենկեն ընտանիքի ութ երեխաներից ավագն էր։ 1944 թվականին Լենկեն, մայրը, եղբայրներն ու քույրերը հայտնվեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում (նրա հորը նույնիսկ ավելի վաղ էին տեղափոխել այսպես կոչված «աշխատանքային գումարտակ»)։ Նրանք բոլորը մահացել են գազախցիկներում, բացառությամբ՝ Լենկեի ու նրա եղբայրներից մեկի։ Որոշ ժամանակ անց Լենկեին ուղարկեցին ֆաբրիկայում աշխատելու, իսկ 1945 թվականին նա հայտնվեց Բերգեն-Բելզենում, որտեղ էլ հիվանդացավ տուբերկուլյոզով[6]։
1945 թվականին Լենկե Ռոտմանին տեղափոխել են Շվեդիա, որտեղ նա վեց տարի բուժվել է հիվանդանոցներում և առողջարաններում։ Նրա եղբայր` Ալեքսանդրը, որը ողջ է մնացել Բուխենվալդում, 1947 թվականին նույնպես մեկնել է Շվեդիա։ Աստիճանական վերականգնման ժամանակահատվածում Լենկեն սկսել է զբաղվել նկարչությամբ և գեղանկարչությամբ։ 1951 թվականին նա դարձել է Ստոկհոլմյան նկարիչների տանը կայացած օտարերկրյա նկարիչների ցուցահանդեսի (Utländska konstnärer i Sverige) ամենաերիտասարդ մասնակիցը։ Նույն թվականին Լենկե Ռոտմանը սկսել է սովորել Արվեստի և արհեստների դպրոցում (Konstfackskolan), որտեղ ծանոթացել է գրողներ Նելլի Զաքսին և Սիվար Առներին[6]։
1954 թվականին Լենկե Ռոտմանը ամուսնացել է Հերման Աբրահամսոնի հետ և ընդունել Շվեդիայի քաղաքացիություն։ 1957 թվականին մեկել է Իտալիա՝ Ռավեննա, որտեղ սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ Հաջորդ տարի վերադառնալով Շվեդիա՝ նա բաժանվել է ամուսնուց և ամուսնացել Սիվար Առների հետ։ 1960 թվականին ծնվել է նրանց որդին՝ Էլիասը [6]։
Նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1960 թվականին, Ստոկհոլմում։ Նույն թվականին ճամփորդության է մեկնել Նիդեռլանդներ և Դանիա[6]։ Այդ ժամանակահատվածում նա հաճախ գրել և նկարել է բույսեր ու ջրիմուռներ՝ բույսերի պատահական միահյուսման մեջ գտնելով իմաստալից պատկերներ և դեմքեր։ Նկարչուհին հաճախ է ճանապարհորդել, այդ թվում՝ Հարավսլավիա, Իտալիա և Ավստրիա, որտեղ այցելել է իր հոր գերեզմանին։ 1960-1970-ական թվականներին նա բազմիցս մասնակցել է Շվեդիայի տարբեր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսների և դարձել Արվեստների թագավորական ակադեմիայի անդամ[6]։
1981 թվականին Ռոտմանն առաջին անգամ այցելել է Նյու Յորք, որտեղ MoMa PS1-ում անցկացվել է նրա ցուցահանդեսը։ Դրանից հետո ԱՄՆ-ում գտնվելու մասին նա գրել է «OK OK OK NEW YORK» գիրքը։ 1980-ականներին նկարիչը բազմիցս այցելել է Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա։ 1990-ականներին Լենկե Ռոտմանը ուղևորվել է Ճապոնիա և Լեհաստան, որտեղ ուսումնասիրել է թղթի պատրաստման ավանդույթները։ 2000 թվականից դասավանդել է Գյոթեբորգի արվեստի և արհեստների դպրոցում։ 2008 թվականին Հելսինգբորգում տեղի է ունենցել Ռոտմանի հետահայաց ցուցահանդեսը` լեյկեմիայից մահանալուց մի քանի ամիս առաջ[6]։
Լենկե Ռոտմանի ստեղծագործական գործունեությունը բացառիկ բազմաբնույթ էր` նկարչությունից և գեղանկարչությունից բացի, զբաղվել է քանդակագործությամբ, հրատարակել է հինգ գիրք, կատարել գրքերի նկարազարդումներ և ստեղծել թատերական դեկորացիաներ, մասնակցել է հեռուստատեսային ծրագրերի և այլնի։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, ինչպես նաև Շվեդիայի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/323515
- ↑ 2,0 2,1 Lenke Rothman (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Svenskt kvinnobiografiskt lexikon
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պաշտոնական կայք».
- Magnus Jensner. «Lenke Rothman». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենկա Ռոտման» հոդվածին։ |