Պայծառափայլ իշխան Իրակլի Ալեքսանդրովիչ Գրուզինսկի (վրաց.՝ ირაკლი ალექსანდრეს ძე გრუზინსკი, օգոստոսի 18, 1826(1826-08-18), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1882(1882-04-27), Փարիզ), վրացի իշխան Բագրատիոնների արքայական դինաստիայից և ռուսական բանակի գնդապետ։

Իրակլի Գրուզինսկի
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1826(1826-08-18)
Ծննդավայր Երևան, Ռուսական կայսրություն
Վախճանի օր ապրիլի 27, 1882(1882-04-27) (55 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Թաղված Մցխեթ
Դինաստիա Բագրատիոնիներ
Հայր Ալեքսանդր Բագրատիոնի

Կենսագրություն խմբագրել

Վրաց արքայորդի Ալեքսանդր Բագրատիոնիի (1770-1844) և Մարիա Իսահակովնա Գրուզինսկայայի (1808-1882) միակ որդին՝ Քարթլի-Կախեթիայի թագավոր Հերակլ II թագավորի թոռ Իրակլի Ալեքսանդրովիչ Գրուզինսկին ծնվել է 1826 թվականին, այդ ժամանակ Իրանի կազմում գտնվող Երևանում։ Նրա հայրը՝ Ալեքսանդրը, փախել էր Վրաստանից 1800 թվականին և անհաջող փորձել Պարսկաստանի օգնությամբ տապալել ռուսական իշխանությունը։ Մայրը՝ Մարիամը, Երևանի խանության ազդեցիկ հայ բարձրաստիճան պաշտոնյա Իսահակ Մելիք-Աղամալյանի դուստրն է եղել։

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը գրավվել է ռուսական բանակի կողմից, ինչի հետևանքով արքայորդի Ալեքսանդրը բաժանվել է իր ընտանիքից։ Մարիամն իր որդու՝ Իրակլիի հետ Երևանում ապրել է մինչև 1834 թվականը, երբ ռուսական կառավարության կողմից վերաբնակեցվել է Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի մայրաքաղաքում Իրակլի Ալեքսանդրովիչը անցել է զինվորական ծառայության։ Սկզբում սովորել է ռազմական գործ Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանում, այնուհետև՝ Պաժերի կորպուսում։

Արքայորդի Ալեքսանդր Բագրատիոնը մահացել է տարագրության մեջ 1844 թվականին Թավրիզում (Իրան)։ 1845 թվականին Կովկասյան պատերազմի ընթացքում լեզգիների դեմ ռազմական արշավի ժամանակ հաջող գործողության համար Իրակլին արժանացել է լեյտենանտի կոչման։ 1855 թվականին ընդունվել է գրենադերական հեծելազորային գունդ, 1855 թվականին նա զորացրվել է գնդապետի կոչումով։ 1858 թվականին Իրակլի Ալեքսանդրովիչը վերադարձել է ռուսական բանակ, որը կռվել է Կովկասում, սակայն առողջության վատացման պատճառով շուտով թոշակի է անցել։

Ռուսական կառավարությունը 1833 թվականին Իրակլի Ալեքսանդրովիչ Բագրատիոնիին շնորհել է վրացական իշխանի տիտղոս։ 1865 թվականին նրա և նրա արական հետնորդների համար հաստատվել է իշխանական տիտղոսը։

Իրակլի Գրուզինսկին եղել է ավստրիացի բանաստեղծուհի Բերտա ֆոն Զուտների ռոմանտիկ սիրո օբյեկտը, ով առաջին կինն է, որ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն իշխանը չի պատասխանել նրա զգացմունքներին[1][2]։ Ավելի ուշ Բերտա ֆոն Զուտները մտերմացել է իշխանի երիտասարդ կնոջ՝ Թամարայի հետ, որին նա հանդիպել է Թիֆլիս և Փարիզ կատարած իր շրջագայությունների ժամանակ։

Իրակլի Ալեքսանդրովիչ Գրուզինսկին մահացել է 1882 թվականի ապրիլին, Փարիզում։ Թաղված է Վրաստանի Մցխեթի տաճարի տարածքում։

Իրակլի Գրուզինսկու անունով է կոչվել Թիֆլիսի փողոցներից մեկը[3] (այժմ՝ Սուլխան-Սաբա Օրբելիանի փողոց)։

Ընտանիք խմբագրել

 
Իրակլի Գրուզինսկու կինը՝ Թամարա Դավիդովնան

Ամուսնացել է (1870 թվականի ապրիլի 19-ին՝ Փարիզում) գեներալ-լեյտենանտ, իշխան Դավիթ Ալեքսանդրովիչ Ճավճավաձեի դստեր՝ իշխանուհի Թամարա Դավիդովնա Ճավճավաձեի (1852-1933) հետ։ Թամարա Գրուզինսկայան ընդգրկված է եղել ռուս կայսրուհու շքախմբի կազմում, եղել է նշանավոր աշխարհիկ տիկին և բարերար։ Առաջին անգամ հանրությանը հայտնի է դարձել երկու տարեկանում, երբ նրան և Ճավճավաձեների ընտանիքին 1854 թվականին առևանգել են չեչեն լեռնականները՝ Իմամ Շամիլի գլխավորությամբ՝ Ղրիմի պատերազմի ժամանակ[4]։ Ամուսիններն ունեցել են երեք դուստր և մեկ որդի՝

  • Էլիզաբեթը (1870-1942), եղել է լրագրող, իշխան Մամուկի Իվանովիչ Օրբելիանիի կինը (1873-1924),
  • Եկատերինան (1872-1917), իշխան Իվան Դմիտրիևիչ Ռատիևի կինը (1868-1958), ով հայտնի է Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Ձմեռային պալատի կայսերական գանձարանի պաշտպանությամբ[5],
  • Մարիամը (1876-1877), մահացել է մանուկ հասակում,
  • Ալեքսանդրը (մոտ 1877-1879), մահացել է մանուկ հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Evlanoff 1943, p. 52.
  2. von Suttner 1910, pp. 111–118.
  3. «План города Тифлиса с окрестностями 1887 года. Издание Ильина». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  4. Verderevsky 1857, p. 7.
  5. Montgomery 1980, p. 66.

Աղբյուրներ խմբագրել

  • Montgomery, Hugh, ed. (1980). Burke’s Royal Families of the World. — Vol. 2. — Լ.: Burke’s Peerage. — ISBN 0-85011-029-7.
  • von Suttner, Bertha (1910). Memoirs of Bertha von Suttner. The records of an eventful life. — Vol. I. — Boston and Լ.: Published for the International School of Peace, Ginn and Company.
  • Evlanoff, Michael (1943). Nobel-prize donor: inventor of dynamite, advocate of peace. Philadelphia: The Blakiston Company.