Իտալիայի հոգևոր հովվություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իտալիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է առաքելական իտալահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իտալիայի միակ հայ առաքելական եկեղեցին՝ սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, Միլան

Պատմություն խմբագրել

Իտալիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1955 թվականին։ Կենտրոնը՝ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցին է (կառուցվել է 1958 թվականին՝ եղբայրներ Օննիկ և Սարգիս Դիարբեկիրյանների կողմից)։ Իտալիայի տարածքում հայերի բնակությունը սկսվել է հռոմեական շրջանից։ Հուստինիանոսի հայազգի զորավար Ներսեսը հաջողությամբ Իտալիայի մեծագույն մասը ենթարկելով Բյուզանդական կայսրությանը՝ 555 թվականին նշանակվել է Իտալիայի կառավարիչ։ Ավելի ուշ, 9-10-րդ դարերում, մի շարք հայեր Թրակիայից և Մակեդոնիայից տեղափոխվել են Իտալիա[3]։ Դեռևս 12-րդ դարից վկայակոչվել են հայերի կառուցած եկեղեցիները։ 14-րդ դարի սկզբից հիշատակվում է «Իտալիայի հայերի եպիսկոպոս» եկեղեցական տիտղոսը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմյան վիճակով ստեղծվել է 1900-ական թվականների սկզբին, Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատվել են Հյուսիսային Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, որի կանոնադրությունը պաշտոնապես վավերացրել է Իտալիայի կառավարությունը։ 1950-ական թվականների սկզբին հայերը կրոնական արարողությունների համար օգտագործել են Միլանի անգլիական Ամենայն Սրբոց եկեղեցին[3]։ 1955 թվականին Իտալիայի պետական իշխանությունները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող հավատացյալների համայնքը և պաշտոնապես թույլատրել եկեղեցի կառուցել։ Ներկայումս Միլանում գործող Իտալիայի միակ հայկական՝ Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցին կառուցվել է 1957 թվականին (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Պ. Սուրյան[5]), օծվել՝ 1958 թվականին։ Եկեղեցու բակում 1986 թվականին կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի։ Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրված հինգ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ։

Հոգևոր հովվություններ են գործում նաև Հռոմում՝ ուր կանոնավոր կիրակնօրյա պատարագներ են մատուցվում Սուրբ Վլաս եկեղեցում, ինչպես նաև Թուրինում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Վերոնայում[4]։

Եկեղեցիներ խմբագրել

13-14-րդ դարերում Հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում և այլն[2]։ Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանա, վարդապետ, և նույնիսկ կառավարվել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից՝ որպես համայնքային եկեղեցական թեմեր կամ վիճակներ։ Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ (որտեղ բուժվել են հայեր և իջևանել հայ վաճառականներ)։ Նեապոլում դեռևս 10-րդ դարում գործել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ սուրբ Գրիգոր հայի եկեղեցին։ Գրիգոր Լուսավորիչը համարվել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշվել է նրա տոնը։ Եկեղեցում են պահվում սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Վատիկան կատարած այցելության առիթով (2000 թվականի նոյեմբերի 11) մասունքներից մի մաս հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին։ Դրանք բերվել են Երևան և պահվում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում։ Նեապոլում հիշվում է նաև Սուրբ Հոգի եկեղեցին (1328)։ 11-րդ դարում Հռոմում կառուցվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ 11-րդ դարից հիշատակվում է Միլանի Սուրբ Բարսեղ հայկական եկեղեցին։ 1342-1650 թվականներին գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը։

Պիզայում 1320 թվականին հիմնադրվել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրության, ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին։ Այդ վանքում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնք պահվում են Վիեննայի ազգային և Միլանի Ամբրոզյան գրադարաններում։ Ջենովայում 1307 թվականին հայերը կառուցել են սուրբ Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին (գոյատևել է մինչև 1650 թվականը)։ Վենետիկում 1348 թվականին հիշատակվում են հայկական սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434 թվականին՝ սուրբ Խաչ եկեղեցին (որը 1717 թվականից պատկանում է Մխիթարյան միաբանությանը

14-րդ դարի վերջին, ինկվիզիցիայի հալածանքների և հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկական եկեղեցական կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեցական իշխանություններին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 «Հայերն Իտալիայում». italy.mfa.am. Իտալիայում Հայաստանի դեսպանություն.
  3. 3,0 3,1 «Հայերն Իտալիայում». armenian-church.eu. Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն.
  4. 4,0 4,1 Մ. Ավետիսյան (19 նոյեմբերի 2013 թվական). «Եկեղեցին սփյուռքի Նոյյան տապանն է». aravot.am. «Առավոտ».
  5. «Հայերն Իտալիայում». risraelyan.com. Միլանի Հայոց Սբ. Քառսուն մանկանց եկեղեցին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: