Հայերն Իտալիայում բնակություն են հաստատել շատ վաղուց։ Տակավին VI-VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ)։ Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Հռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ։ Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի։ Ներկայումս Իտալիայում գործում է Հայ Առաքելական 4 և Հայ Կաթոլիկ 3 եկեղեցի։

Հայ առևտրական Իտալիայում, նկարիչ՝ Ջովանի Գրևենբրոխ 18-րդ դար

1512 թ.-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել Է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը։ Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին։ Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր։ 1717 թ.-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000 թ.-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ։ XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Միքայել Չամչյանի, Գաբրիել Ավետիքյանի, Ղուկաս Ինճիճյանի, Եղիա Թովմաճյանի, Արսեն Բագրատունիի, Ղևոնդ Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ։ Առաջին հայկական վարժարանը 1732 թ.-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում։ 1834 թ.-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ.-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ.-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան։ 1883 թ.-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը։ Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը։ Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»։

Ժամանակակից հայ-իտալական հարաբերություններ խմբագրել

Ներկայիս Իտալիայում բնակվում է շուրջ 4.002 հայ, որոնք բնակվում են Հռոմ (502), Միլան (1.000), Վենետիկ (300) և Ջենովա քաղաքներում[փա՞ստ]։ զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ։ Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը։

Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը։ Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։

Այստեղ գործել են մի շարք հայտնի հայեր. գեղանկարիչներ Գ. Շլդյանը, Ժ. Օրագյանը, քանդակագործներ Հ. Վահրամյանը, Նվարդ Զարյանը, ճարտարապետ Ա. Մանուկյանը, կինոռեժիսոր Ե. Ջանիկյանը և այլք։

Գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի (Ասլանյան) «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պ. և Վ. Տավիանի եղբայրները 2007 թ.-ին նկարահանել են համանուն կինոնկար (արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի)։

2008 թ.-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Քիչ չեն Հայաստանի և Իտալիայի քույր քաղաքները ինչպիսիք են Կարրարան ու Երևանը, Նարդոն ու Գյումրին, Նոալեն և Դիլիջանը։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղեւոնդ, Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1896։
  • Հ. Ղ. Ալիշան, Հայերը Իտալիայում (անտիպ, Ս. Ղազար, Ալիշանի անձնական դիւան, անտիպ)։
  • L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia), - Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803–946;
  • Claudia Bonardi, Le colonie armene in Italia (Milano, Ancona, Genoa, Venezia), - Roma-Armenia, a cura di Claude Mutafian, Roma։De Luca, 1999, pp. 222–227.
  • Mesrop vardapet Owl’owrlean, Storia della colonia armena di Livorno e della construzione della sua chiesa (con appendici), Presentazione, traduzione e note Alessandro Orengo, Livorno, 1990։
  • Gli armeni lungo le strade d’Italia. Atti del Convegno internazionale (Torino, Genova, Livorno, 8-11 marzo 1997). Giornata di studi a Livorno. Pisa-Roma, 1998.
  • Մերուժան Կարապետեան, Հայերը Վենետիկում 1750 թուին (Ա), - «Հանդէս Ամսօրեայ», 2008, էջ 211-226։
  • Հ. Լևոն Զէքիեան, Իտալիա, - «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։