Թռչունների խճանկար կամ Հայկական խճանկար, հայտնի է,նաև Մուսրարայի խճանկար, ակադեմիական տեսակետից գրեթե կատարյալ պահպանված, 6-րդ դարի հարուստ զարդարված խճանկարային հատակ է Երուսաղեմի Դամասկոսի դարպասներից մոտ 300 մետր հյուսիս-արևմուտք՝ Մուսրարա թաղամասում[1][2]։

Խճանկարի արձանագրությամբ հատվածը

Հայտնաբերում խմբագրել

Խճանկարը հայտնաբերվել է 1894 թվականին[1] Դամասկոսի դարպասից դուրս մի փոքր հեռավորության վրա՝ նորակառույց տան հիմք փորելիս։ Թուրքական իշխանությունները խնդրել են հնագետներ Ֆրեդերիկ Ջ. Բլիսին և Արչիբալդ Դիկին, որոնք այդ ժամանակ աշխատում էին Սիոն լեռան վրա, իրենց վրա վերցնել հայտաբերածը պեղելու աշխատանքները։ Բացման աշխատանքները փոքր-ինչ վնասել են խճանկարի եզրերը, և այն ավարտելուն պես աշխատանքն ամփոփվել է, և սկսվել է պահպանման գործընթացը։ Երբ բացահայտվել է հայերեն արձանագրությունը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հետաքրքրություն է հայտնել տունը գնելու հարցում և ի վերջո գնել է այն՝ ցանկանալով ընդգծել բյուզանդական Երուսաղեմի հայ համայնքի կարևորությունն ու համախմբվածությունը։

Նշանակություն խմբագրել

Թռչունների խճանկարը բյուզանդական շրջանի չորս հայկական քրիստոնեական խճանկարներից ամենահայտնին է[3] է, որոնք հայտնաբերվել են Երուսաղեմի այս հատվածում, և կարող է տեղեկացնել այդ ժամանակաշրջանի հայ համայնքի գործունեության մասին։ Խճանկարը համարվում է քաղաքի հայ համայնքի պատմության ամենակարեւոր վայրերից մեկը։

Թվագրում խմբագրել

Իսրայելում հայտնաբերվածհայկակական խճանկարների մեծ մասը թվագրվել է բյուզանդական ժամանակաշրջանով՝ 450-640 թվականներին, մինչև մուսուլմանների այս տարածքը գրավելը։ Դրանից հետո եկեղեցական արվեստը անկում է ապրել։ Խճանկարների մեծ մասը զարդարում էր հայկական եկեղեցիների հատակը։

Արձանագրության տառերի ձևի և այլ չափանիշների հիման վրա Թռչունների խճանկարը թվագրվել է վեցերորդ դարի կեսերով[2][4]՝ Սուրբ Երկրում հայերի ներկայության ամենավաղ վկայություններից մոտ երկու դար անց[1]։ Հայերեն այբուբենը ստեղծվել է միայն 404 թվականին, ուստի խճանկարը չի կարող ավելի վաղ լինել։

Նկարագիր խմբագրել

Պատկերներ խմբագրել

Խճանկարը տեղակայված է 7,15x4,40 մետր մակերես ունեցող հատակի վրա։ Եզրազարդված մանվածո մի հյուսքով, այն չորս կողմից կրկնակի շրջանակի մեջ է առնված[1]. արտաքինը 25-30 սմ լայնությամբ, անզարդ, իսկ ներսինը՝ պարանահյուս շրջանակ է՝ 26 սմ լայնությամբ։ Խաղողի որթը, դեպի վեր ճյուղավորվելով, կազմում է քառասուներեք շրջանակ-վարդյակներ, որոնք երկարությամբ կազմում են հինգ շարք։ Վարդյակների մեջ պատկերված են նաև խաղողի ողկույզներ, տերևներ, թռչունի և այլ պատկերներ[3]։

Բավականաչափ հարուստ այս հորինվածքի մեջ շեշտադրված է կենտրոնական շարքը։ Դրա հիմքում ընկած է խաղողի որթը կրող անոթը, որի երկու կողմից պատկերված են մեկական սիրամարգ։ Դրանից վերևի օղակի մեջ մրգերով լի զամբյուղ է, ավելի վերև՝ հաջորդաբար՝ մի սագ, շքեղ զարդարուն անոթ՝ անտիկ մշակումով, արծիվ, մի փոքրիկ վանդակ, դարձյալ մեկ զամբյուղ՝ խաղողով ու մրգերով լի, և ամենավերին վարդյակում՝ խաղողի երկու ողկույզ կրող շիվերի վրա դեմ դիմաց կանգնած երկու աղավնի։ Վերին եզրին կցված է մի կիսաշրջան ելուստ, որի մեջ պատկերված է մրգերով լի սկահակ, աջ և ձախ կողմերում՝ մեկական թռչուն։ Սա մի ամբողջ թռչնանոց է՝ բաղկացած 43 թռչուններից՝ աղավնի, կաչաղակ, թութակ, կաքավ, սագ, բադ, հավ, աքաղաղ, հնդկահավ, խայտահավ, արծիվ, փասիան, կռունկ, կարապ, ֆլամինգո, ջայլամ, ձկնկուլ, արագիլ և այլն։ Հատակի վերևի՝ ճակատային մասում, զետեղված է հայերեն հետևյալ երկտող արձանագրությունը[3]։

Գրություն խմբագրել

Հատակի վերևի՝ ճակատային մասում, զետեղված է հայերեն հետևյալ երկտող արձանագրությունը.

ՎԱՍՆ ՅԻՇԱՏԱԿԻ ԵՒ ՓՐԿՈԻԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ
ՀԱՅՈՑ ԶՈՐՈՑ ԶԱՆՈՒԱՆՍ Տ[Է]Ր ԳԻՏԷ

Արձանագրության, հետևաբար նաև խճանկարի հորինման ժամանակը ճշտելու համար նկատի է առնվել նաև մեսրոպյան տառատեսակը։ Ըստ Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի՝ այն պատկանում է արևելյան գծանկարչական ուղղությանը` հետևաբար կարող է լինել 6-7-րդ դարերի, իսկ ըստ Հակովբոս Տաշյանի՝ 5-րդ կամ 6-րդ դարերի խճանկար է[5]։

Տեխնիկա և նյութեր խմբագրել

Խճանկարի գունավորումը կատարվել է բաց դեղնագույն հատիկներով, կիրառվել են նաև սև, կարմիր, կապույտ, նարնջագույն և մոխրագույն խիճեր։ Կիրառված մասնիկների փոքր չափերը և սմալտայի բացակայությունը վկայում են, որ հատակը պատրաստված է Opus vermiculatum տեխնիկայով[3], որն օգտագործվել է Եգիպտոսում մ.թ.ա. 3-րդ հազարամյակում մինչև 1-ին դարի վերջերը, իսկ ավելի ուշ Սիրիայում, Պաղեստինում, Պոմպեյում[6]։

Գրականություն խմբագրել

  • Michael Avi-Yonah, Ancient Mosaics, Keter Press, Jerusalem, 1978
  • Michael Avi-Yonah, "Mosaic floors in synagogues and Christian churches in the land of Israel", Yediot 1-2 (Tammuz 1934), p. 1-9
  • Nurit Kenaan-Kedar, "Birds of the Garden of Eden" - Mary Belian and the Armenian ceramics of Jerusalem, Eretz Yisrael Museum, 2000, p. 26-27

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Stone, Nira (2019). Michael E. Stone; Asya Bereznyak (eds.). Birds from Heaven in Heavenly Jerusalem (1984 lecture). Armenian Texts and Studies. Vol. 2. BRILL. էջեր 236–246. ISBN 9789004400504. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Greenwood, Timothy; Adams, Noël (2015). «A Corpus of Early Medieval Armenian Silver» (PDF). Dumbarton Oaks Papers. Dumbarton Oaks, Trustees for Harvard University. 69: 115-146 [122-123]. ISSN 0070-7546. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Սյուզաննա Գրիգորյան. Հայ միջնադարյան խճանկարչության քրիստոնեական ավանդույթը (Երուսաղեմի խճանկարների օրինակով).
  4. Nersessian, Vrej (2001). Treasures from the Ark: 1700 Years of Armenian Christian Art. British Library. էջ 58. ISBN 9780712346993. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Երուսաղէմի հայկական խճանկարները», Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, Փարիզ, 1927, էջ 399-406։
  6. Meyboom, P G P (January 1, 1994). The Nile Mosaic of Palestrina: Early Evidence of Egyptian Religion in Italy. Brill Academic Publishers. ISBN 90-04-10137-3. p. 379.