Թռչող հոլանդացի
Թռչող հոլանդացի (հոլ.՝ De Vliegende Hollander, անգլ.՝ The Flying Dutchman), լեգենդար առագաստանավ-ուրվական, որը չի կարողանում խարիսխ գցել ափին և դատապարտված է հավերժ թափառելու ծովում: Սովորաբար մարդիկ այդպիսի նավ տեսնում են հեռվից, երբեմն` շողացող լուսապսակի մեջ: Լեգենդի համաձայն` երբ «Թռչող հոլանդացին» հանդիպում է այլ նավերի, նրա անձնակազմը փորձում է ուղերձ փոխանցել մարդկանց, ովքեր վաղուց մահացել են: Ծովի հետ կապված հավատալիքներում «Թռչող հոլանդացու» հետ հանդիպումը վատ նախանշան է:
ԾագումԽմբագրել
Լեգենդը վկայում է, որ 1641 թվականին հոլանդացի կապիտան Ֆիլիպ վան դեր Դեկկենը (որոշ տարբերակներում` Վան Սթրաատեն) վերադառնում էր Արևմտյան Հնդկաստանից. նավի մեջ կար մի երիտասարդ զույգ: Կապիտանին աղջիկը դուր է գալիս, և նա աղջկան առաջարկություն է դառնալ իր կինը, սակայն աղջիկն իրեն նետում է ծովը:
Բարեհուսո հրվանդանի մոտ նավը հայտնվում է ուժեղ փոթորկի մեջ: Սնահավատ նավաստիների շրջանում դժգոհություն է առաջանում, և շտուրմանն առաջարկում է մի ծովախորշում սպասել, մինչև անբարենպաստ եղանակը կանցնի: Սակայն կապիտանը սպանում է նրան ու մի քանի դժգոհ նավաստիների և երդվում, որ իր թիմից ոչ մեկը ափ չի իջնի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն անցնի հրվանդանը, եթե նույնիսկ դրա համար մի հավերժություն պահանջվի: Այդ պահին երկնքից մի ձայն ասում է. «Թող լինի այդպես»: Սրանով Վան դեր Դեկենը իր և նավի վրա է գրավում անեծքը: Դրանից հետո նա, լինելով անմահ ու անխոցելի, սակայն ի վիճակի չլինելով հասնել ափին, դատապարտված է հավերժ թափառելու օվկիանոսի անծայրության մեջ` սպասելով Տիրոջ երկրորդ գալուստին: Լեգենդի որոշ տարբերակներում նա հնարավորություն ունի հանգստություն ստանալու. տասը տարին մեկ նա կարող է վերադառնալ երկիր և փորձել փնտրել նրան, ով կամավոր կհամաձայնի նրա կինը դառնալու: Մեկ այլ տարբերակի համաձայն` կա ինչ-որ կախարդական խոսք, որը կարող է հանել կախարդանքը և հանգստացնել թռչող հոլանդացու ու նրա անձնակազմի հոգիները:
Թռչող հոլանդացու մասին առաջին տպագիր վկայությունները ի հայտ են եկել 1795 թվականին «Ճանապարհորդություն Բոտանի ծոց» (անգլ.՝ A Voyage to Botany Bay) գրքում, որը վերագրվում է այն ժամանակ հայտնի լոնդոնյան գրպանահատի և ճանապարհորդության սիրահար Ջորջ Բարնգտոնին[1]:
Լեգենդի այլ տարբերակներԽմբագրել
- Վան դեր Դեկենը երդվել էր հոգին սատանային ծախել, եթե կարողանա բարեհաջող անցնել հրվանդանը և չբախվել ժայռերին: Սակայն պայմանավորվածության մեջ նա չի ճշտել, որ դա պետք է անի միայն մեկ անգամ, և այդ պատճառով էլ դատապարտվել է հավերժական նավարկության:
- Ուժեղ փոթորկի պատճառով նավը երկար ժամանակ չի կարողացել դուրս գալ Հորնի հրվանդանից (մեկ այլ տարբերակի համաձայն` Բարեհուսո հրվանդանից): Նավի անձնակազմը խռովություն է բարձրացրել` կապիտանից պահանջելով հետ շրջվել, սակայն այդ ամենից բարկացած Վան Ստրաատենը ի պատասխան սկսել է աստծուն անարգել` հայտարարելով, որ կանցնի Հորնի հրվանդանը, եթե նույնիսկ ստիպված լինի դա անել մինչև Աստծո երկրորդ գալուստը: Ի պատասխան այդպիսի աստվածանարգության` երկնքից լսվել է ձայն. «Թող այդպես լինի. լողա'»:
- Տարբերակներից մեկում պատմվում է կապիտան Ֆալկենբորգի մասին, ով դատապարտված է եղել Հյուսիսային ծովում լողալու մինչև Ահեղ դատաստանի օրը` սեփական հոգու դիմաց սատանայի հետ խաղալով:
- «Թռչող հոլանդացու» անձնակազմը այնպես էր շտապել տուն վերադառնալ, որ օգնության չի հասել մեկ այլ խորտակվող նավի, ինչի համար էլ դատապարտվել է անեծքի:
Հնարավոր բացատրությունԽմբագրել
Անվան ծագման և երևույթի հնարավոր բացատրություններից մեկը կապվում է մթնոլորտում հազվադեպ հանդիպող տեսողական մի երևույթի` ֆատա մորգանայի հետ, որը միրաժի մի քանի տեսակներից է բաղկացած լինում:
Հնարավոր է նաև, որ շողացող լուսապսակները սուրբ Էրազմուսի կրակներն են. դրանց պատկերը ծովայիններին հույս է ներշնչել, իսկ վտանգի ժամին փրկություն նախանշել:
Փոփոխվող միրաժների շղթա
Կա նաև վարկած, որ լեգենդի առաջացման գործում կարևոր դեր է խաղացել դեղին տենդը: Քանի որ այն տարածվել է մոծակների միջոցով և զարգացել նավերում` խմելու ջրի տակառներում, այս հիվանդությունը ի զորու է եղել ոչնչացնել նավի ողջ անձնակազմին: Այսպիսի ուրվական-նավի հետ հանդիպումը իսկապես վտանգավոր է եղել կյանքի համար. մոծակները կարող էին հարձակվել կենդանի նավաստիների վրա` նրանց փոխանցելով վարակը[2]:
ԱրվեստումԽմբագրել
Գրականության մեջԽմբագրել
- Գեղարվեստական գրականության մեջ լեգենդը ներկաայցվել է բազմաթիվ տարբերակներով: 1839 թվականին լույս է տեսել անգլիացի գրող Ֆրեդերիկ Մարիետի «Ուրվական-նավը» վեպը, որը պատմում էր անիծված նավի նավապետի որդու` Ֆիլիպ վան դեր Դեկենի թափառումների մասին: Թռչող հոլանդացուն է նվիրված Նիկոլայ Գումիլյովի «Սակայն աշխարհում կան այլ շրջաններ...» բանաստեղծությունը` «Կապիտաններ» շարքից (տպագրվել է 1909 թվականին): Թռչող հոլանդացին հիշատակվում է Ալեքսանդր Գրինի «Կապիտան Դյուկ» պատմվածքում:
- «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» ֆիլմում ներկայացվում է Թռչող հոլանդացու կերպարը:
- Ռուս և իռլանդացի բանաստեղծ, գրող Անատոլի Կուդրյավիցկին իր «Թռչող հոլանդացի» վեպում (2012) ներկայացրել է լեգենդի սեփական տարբերակը, որի համաձայն` կապիտանը տանուլ է տալիս Մահվան և Կյանքի ընթացքում մահվան հետ գրազը` բաժին հասնելով վերջինիս:
- Անգլիացի գրող Բրայան Ջեքսը գրել է դետեկտիվ-արկածային գրքերի շարք Բեն անունով տղայի և նրա շան մասին, որոնք փրկվել էին «Թռչող հոլանդացի» նավից:
Երաժշտության մեջԽմբագրել
Թեմային բազմիցս անդրադարձել են երաժիշտները:
- 1827 թվականին Ադելֆի թատրոնում կայացելէ Ջորջ Ռոդուելի «Թռչող հոլանդացի. նավ-ուրվական» (անգլ.՝ The Flying Dutchman, or The Phantom Ship) օպերայի պրեմիերան)[3]:
- 1843 թվականին Դրեզդենում ներկյայցվել է Ռիխարդ Վագների առաջին օպերաներից մեկը` «Թռչող հոլանդացին», որը գրելիս կոմպոզիտորը ոգեշնչվել է փոթորկով, որի մեջ հայտնվել էին ինքն ու իր կինը Անգլիա ուղևորվելիս:
20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին «Թռչող հոլանդացի» օպերայի թեման բազմիցս հնչել է զանգվածային միջոցառումների ժամանակ:
ԱկնարկներԽմբագրել
Լեգենդի մեծ տարածումը հանգեցրեց նրան, որ «թռչող հոլանդացի» անվանումը բացասական երանգ ստացավ: Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ «թռչող հոլանդացի» էին անվանում Պոտոմակյան բանակի 11-րդ կորպուսը Չանսելորսվիլի ճակատամարտից փախուստի համար: «Թռչող հոլանդացի» անվանումը ստացել է Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յոհան Կրոյֆը իր մեծ արագության համար, իսկ հոլանդացի մեկ այլ ֆուտբոլիստ` Դենիս Բերգկամպը, ստացել է «չթռչող հոլանդացի» մականունը իր աերոֆոբիայի պատճառով:
Արտահայտությունը բազմիցս հիշատակվել է կինեմատոգրաֆում: «Թռչող հոլանդացի» անվանումով նկարահանվել են Վլադիմիր Վարդունասի ֆիլմը (1990), հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի ֆիլմը (1995) :
Տե'ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Hassam, Andrew. George Barrington’s Voyage to Botany Bay: Retelling a Convict’s Travel Narrative of the 1790s : [անգլ.] // Crime, Histoire & Sociétés / Crime, History & Societies. — 2002. — Т. 6, № 2. — С. 129-130.
- ↑ Wagner, Ulrike. (2003-09-04)։ «Die Zeitbombe tickt» (գերմաներեն)։ Pharmazeutische Zeitung online։ Վերցված է 2015-08-13
- ↑ «Работы Джорджа Родуэлла» (ֆրանսերեն)։ italianOpera։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-16-ին։ Վերցված է 2015-08-13