Միրաժ (օդատեսիլ, օդերևույթ, օդապատկեր, կրկներևույթ), օպտիկական երևույթ մթնոլորտում, որի ժամանակ մարդու տեսողության առջև երևում են ոչ միայն իրական առարկաներ իրենց իսկական (բնական) դիրքով, այլև նրանց կեղծ պատկերացումները։ Երևույթը հետևանք է լույսի ճառագայթների բեկման՝ օդի անհավասար ջերմությամբ շերտերի մեջ։

միրաժ ԱՄՆ-իՅուտա նահանգում

Դասակարգում խմբագրել

Միրաժը կտրուկ տարբերվող ջերմաստիճաններով օդի շերտերի սահմանից լույսի անդրադարձման երևույթն է։ Այս երևույթի հետևանքով դիտորդը հեռավոր մարմնից բացի տեսնում է մարմնի դիրքից շեղված նրա կեղծ պատկերը։ Եթե մարմինը հորիզոնից ցածր է, երևում է միայն նրա կեղծ պատկերը։ Մթնոլորտային միրաժները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ ստորին, վերին և կողային։

Ստորին միրաժ խմբագրել

 
Ստորին միրաժ

Մարմնի տակ երևացող միրաժն է։ Այն առաջանում է ընդարձակ և հարթ վայրերում, որտեղ երկրի մակերևույթը տաք է, և օդի ստորին շերտերի ջերմաստիճանը բավականին բարձր է վերին շերտերի ջերմաստիճանից։ Նման միրաժներ հանդիպում են ասֆալտապատ մայրուղիներում, անապատներում և այլուր։

Վերին միրաժ խմբագրել

 
Վերին միրաժ

Առաջանում է մարմնի վերևում։ Վերին օդատեսիլ առաջանում է, օրինակ ծովում, երբ ջրի մակերևույթի մոտ օդի սառը շերտերն են, իսկ դրանից վերև՝ տաք շերտերը։ Այս դեպքում հեռավոր լողացող նավից դուրս եկող ճառագայթները, անդրադառնալով օդի տաք շերտերից, ստեղծում են նավի կեղծ պատկերը երկնքում։

Վերին օդատեսիլներն առավելապես տարածված են բևեռային շրջաններում, հատկապես կայուն ցածր ջերմաստիճան ունեցող մեծ հարթ սառցակտորների վրա։ Այսպիսի պայմաններ կարող են առաջանալ Գրենլանդիայի վրա և Իսլանդիայի մոտակայքում։ Հավանաբար այս էֆեկտի շնորհիվ է, որը ստացել է հիլինգար անվանումը (իռլանդերեն hillingar բառից), որ Իսլանդիայի առաջին բնիկները իմացան Գրենլանդիայի գոյության մասին[1]։

Կողային միրաժ խմբագրել

Միրաժի այս տեսակը առաջանում է այն դեպքում, երբ մթնոլորտի՝ նույն խտությամբ օդի շերտերը դասավորվում են ոչ թե հորիզոնական, ինչպես սովորաբար լինում է, այլ ուղղաձիգ կամ թեք։ Այս դեպքում ճառագայթը հորիզոնական հարթության մեջ կորանում է։ Նման պայմաններ առաջանում են ամռանը՝ ծովի կամ լճի ժայռոտ ափերին, երբ արևի ճառագայթները արդեն տաքացրած են լինում ափը, իսկ ջուրն ու օդը դեռ սառն են։ Կողային միրաժներ հաճախակի երևացել են Ժնևի լճի ափին, երբ նկատել են, որ մոտեցող նավակի կողքին երևացել է ճիշտ նույնպիսի մի նավակ, որը հեռանում է ափից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել